Գյուղ | |||
---|---|---|---|
Նորատուս | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ և Կամոյի շրջան | ||
ԲԾՄ | 1920-1940 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲6732 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նորատուս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։
Նորատուս գյուղը հայտնի է նախ և առաջ իր խաչքարերի գերեզմանոցով, որտեղ կան 9-18-րդ դդ. թվագրվող բազմաթիվ խաչքարեր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորատուսի մշտական բնակչությունը կազմել է 6732, առկա բնակչությունը՝ 6412 մարդ[3]։ Գյուղը բնակեցված է եղել հայերով[4][5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի և Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ավանդույթի համաձայն Նորատուս գյուղը հիմնել է Հայկ նահապետի թոռներից Գեղամը՝ մ․թ․ա 20 -րդ դարում, որի անունից էլ առաջացել է Գեղարքունիք, Գեղամա լեռներ անունները, այնուհետ գալով Նորատուս գյուղի տարածք Գեղամ նահապետը հիմնում է ամառանոց և անվանում Նորատունս, այսինքն` նոր կառուցած տունս , հետագայում <<ն>>մասնիկը սղվել է և մնացել է ավելի բարեհունչ Նորատուս տարբերակը։Եթե հավատալու լինենք այս ավանդությանը, և այն փաստարկին, որ Նորատուսի գերեզմանոցում մ․թ․ա 1998 թվականից թաղված է Գեղամ նահապետը, ապա կարող ենք հավաստել, որ Նորատուսը շուրջ 4000 տարեկան է, իսկ գյուղի բնակիչները Գեղամ նահապետի հետնորդներն են։Սակայն հնագիտական պեղումները ավելի հեռու են տանում։
Վկայություններ հիմնադրման մասին՝ Նորատուսում բնակատեղի է հիմնադրվել դեռևս նոր քարի դարում։ Նորատուսից դեպի արևելք , <<Թորոյ պալեր>> քարափների կողքին կա բնական մեծ քարայր, որը տեղացիները անվանում են Հեր։ Քարանձավի ջուրջ պահպանվել են անշաղախ շարերի մնացորդներ, որոնք քարայրի արհեստական ընդարձակման վկայություններն են։ Դրանց վրա պահպանված չեն որմնաշինական գործիքների հետքեր , իսկ պատերը զուրկ են լարաձիգ ուղղությունից, իսկ մենք գիտենք, որ միայն Էնեոլիթի ստորին շրջանում ի հայտ եկան ուղղաձիգ պատերը։ Ինչն էլ վկայում է, որ բնակատեղին կառուցված է եղել դեռևս նոր քարի դարում։Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հերի բնակատեղին գործել է առանց ընդհատումների մինչև կիկլոպյան կառույցների երևան գալը, որից հետո քարայրը ծառայել է որպես պաշտամունքի վայր։
Հերի կիկլոպյան ամրոցի պարիսպը կառուցված է եղել շրջանաձև, բարձունքի գագաթի հարթությանը համապատասխան։ Միքայել Չամչյանի վկայությամբ Հերի կիկլոպյան ամրոցը շրջափակված է եղել երեք օղակ պարիսպներով, որոնց երկարությունը հասել է 500 մետրի, պատերի լայնությունը հասել է2․5 մետրի։Ամրոցը ունեցել է յոթ աշտարակ, աշտարակներն ունեցել են 6X6 հարթակներ։ Նման կառույցները վերագրվում են մ․թ․ա 3-2-րդ հազարամյակներին։Հերի ամրոցի իր բարձր դիրքի շնորհիվ գերիշխող դիրք է ունեցել տարաշաշրջանի մյուս ամրոցների նկատմամբ, և կարևոր դեր է ունեցել երկրի պաշտպանության գործում։ Հերը հանդիսանում է մինչուրարտական ժամանակաշրջանի ժառանգություն։
Նորատուսը միջնադարում երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ Նորատուս բերդավանը կառուցել է Գեղամ Նահապետը և կոչել է այն «Նորատունս», այսինքն` նոր տներ կառուցած։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։
Նորատուսը նախ և առաջ հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով՝ նշանավոր «խաչքարերի անտառով»։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211 թվականով։ Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են` կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսի խաչքարերը ուղղված են դեպի արևելք։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Նորատուսի խաչքարերի անտառը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր երկրներից հազարավոր տուրիստներ։
Մատուռ - Գտնվում է գյուղից մոտ 2 կմ դեպի հյուսիսարևելք գտնվող բարձունքի վրա, շինված է եղել սրբատաշ քարերով. պահպանվել են միայն պատերի ստորին շարքերը։ Արևմտյան պատը շարված է խաչքարերով, իսկ բակի շուրջը կան խցերի ավերակներ։ Ամենահին արձանագրությունը վերաբերում է 1560 թվականին, բայց շենքի հին մասը թվագրվում է 13-րդ դարով։
Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Ամենահին արձանագրությունն այստեղ փորագրված էր մի խաչքարի վրա (996 թ.), որն այժմ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, ուր կան նաև տապանաքարեր, խաչքարերի մի խումբ կա. այստեղ հավանաբար Ջուղայեցոնց ընտանեկան գերեզմանատունն է եղել. խաչքարերից մեկը թվագրված է 1553 թվականով։ Եկեղեցին վերանորոգվել է 2019թ․-ին և այժմ գործող եկեղեցի է։
Գյուղի հարավային կողմում գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Դոփուց վանքը։ Այն կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XI դդ., ճարտարապետ Խաչատուր)։ Վանքի արևմտյան պատին պահպանվել է իշխան Հերակղ (Հերակլ) Հավնունու արձանագրությունը։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի` կոչվել է Դոփուց (Դափունց, դահիրա) վանք և եղել է կուսանոց։
Սուրբ Մինասի մատուռ- Նորատուսի պատմական գերեզմանոցում անսասան կանգնած է Սուրբ Մինասի մատուռը, որն մի հետաքրքիր առանձնահատկություն ունի, այստեղ կան վաղ շրջանի պաշտամունքային քարեր։ Սյունյաց իշխանը Կեսարիայից իր հետ բերեց սրբացաց մենակյացների մասունքներ, հողին հանձնեց տարբեր բնակավայրերում, հիմնելով քրիստոնեական պաշտամունքային վայրեր։Դրանք մեծ մասամբ կոչվեցին սրբացաց մենակյացների անուններով, այդպես և ծագեց սուրբ Մինասի պաշտամունքային վայրը, այստեղ և կառուցված է մատուռը։Աղոթասյան կրակարանը հարմարեցրեցին մոմեր վառելու համար ու վրան փորվեց խաչ, այդպիսով դրանք քրիստոնեացվեցին։
Հազախաչ- Անչափ հուզիչ է Հազախաչի պատմությունը, որը ըստ բնակիչների բուժիչ զորություն ունի, և ով որ հազում է, գալիս է այստեղ մոմ է վառում, աղոթում և հազը անցնում է։Հուզիչը սակայն նրա սկզբնապատմությունն է, ավանդաբար խաչքարի տակ հանգչում է երկու դժբախտ սիրահարների աճյունները։Մի հասարակ գյուղացի տղա սիրահարվում է տերտերի աղջկան, աղջիկն էլ էր տղային սիրում, սակայն տերտերը չէր ցանկանում իր աղջկան ամուսնացնել աղքատ տղայի հետ, տղան ասում է, որ ամեն ինչի պատրաստ է հանուն աղջկա, տերտերն էլ հանձնարարում է, որ տղան մինչև լույս իր բոլոր արտերը հնձի, սիրահար տղան մինչև լույս բոլոր արտերը հնձում վերջացնում է, իմանալով այդ մասին տերտերը մարդ է ուղարկում, որ ասեն․«տերտերը աղջկան նշանեց», հուսակտուր երիտասարդը հենց այդտեղ ընկնում ու մահանում է, աղջիկը վազելով գալիս է, երբ տեսնում է սիրելիին մահացած ինքն էլ վշտից կորցնում է իրեն, բռնում է տղայի ձեռքն ու կնքում մահկանացոնւ, հենց այդ վայրում էլ սգավոր տերտերը խաչքար է կանգնեցնում և ուխտի գալիս, բայց ավա՜ղ էլ կորցրածը հետ չես բերի։
Հազախաչը սիրահար զույգերին օգնում է, որ հասնեն իրար, Հազախաչը նաև սիրահարների պահապան սուրբն է։
Յոթ պահապան խաչքարեր- Նորատուս գյուղի շրջակայքում կանգնած են « Յոթ ցասման խաչքարերը» որոնք ըստ ավանդության յոթ եղբայրներ են, որոնք հսկում են գյուղի անդորրը, երկու խաչքարերը կանգնած են կողք կողքի, որոնք կոչվում են «Ջուխտակ խաչ»՝ զույգ ախպերներ, մյուսները առանձին-առանձին գյուղի տարբեր ծայրերում՝ կանգնած են անսասան, գիշեր ու ցերեկ անդուլ հսկում են, որ ոչ մի մոլորյալ ծուռ աչքով չնայի մեր գյուղին։
Թուխ Մանուկ - Նորատուսի Թուխ Մանուկ սրբության պատմությունը հետաքրքիր է և հուզական։Սրբությունը Նորատուս է բերվել Արևմտյան Հայաստանից, երբ գաղթականների քարավանը ճամփա ընկավ իրենց հետ վերցրեցին նաև Թուխ Մանուկ ավետարանը, որը հայտնի էր իր զորությամբ, կապեցին անծին երինջի մեջքին, որը հետևում էր նրանց։ Ճանապարհի կեսից երինջը կորավ, շատ փնտրեցին երինջին և շատ վշտացան չգտնելով։Երբ գաղթականները հասան գյուղ, վրաններ խփեցին ու գիշերեցին, առավոտյան, երբ արթնացան տեսան, որ երինջը վրանի դիմաց կանգնած է։ Ասում են, որ զորությունը եկավ ու գտավ իր գերդաստանին ։Թուխ Մանուկը իր զորությամբ պահում ու պահպանում է իր գերդաստանի բոլոր անդամներին։
Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։ Նորատուսի մոտ, Շոռլիճ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։
Մինչև 19-րդ դարը, Նորատուսը եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը։ 13-14-րդ դդ. Նորատուսը Զաքարյան իշխանների սեփականությունն էր և նրանց կառավարչի նստավայրը. արձանագրություններում կառավարիչն անվանվում է «դեմեթար» կամ «մեփորել», որը նշանակում է առաջնորդ։ 16-րդ դարում Գեղարքունիքի չորս իշխանական տներից մեկի` Ազարյաններից Մելիք Բարիքն իր նստավայրը մոտակա Գանձակ գյուղից տեղափոխում է Նորատուս և դարձնում է այն մելիքանիստ ավան։
Նորատուսի վերաբերյալ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է թշնամիների ներխուժումը Գեղարքունիք, և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։ Թշնամիները սարսափահար փախուստի են դիմում, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։
Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդության համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։ Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշահար է լինում. նա տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորատուս» հոդվածին։ |
|
|