Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շանթ Շահենի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Շահեն Հարությունյանը |
Շանթ Շահենի Հարությունյան (փետրվարի 3, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ։ «Ազգային Միացյալ նախաձեռնության» համակարգող[1], Հայաստանի «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ[2][3][4]։
Հայրը՝ Շահեն Հարությունի Հարությունյանը, ակտիվ հայ անկախական էր, հակախորհրդային և ազգային գործիչ, եղել է 1966 թվականին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներից (Հայկազ Խաչատրյանի և Ստեփան Զատիկյանի հետ միասին), հակախորհրդային գործունեության համար դատապարվել է երկու անգամ ազատազրկման, իսկ ավելի ուշ՝ արտաքսվել[5]։
Շանթ Հարությունյանը 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1982-1987 թվականներին սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետում։
1984 թվականին զորակոչվել է Խորհրդային Միության բանակ, որտեղ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 3 տարի ժամկետով։ Ճանաչվել է քաղաքական բանտարկյալ[6]։
1987 թվականի դեկտեմբերի 1-ին հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, 1988 թվականից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվականի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու պահանջով։
1988 թվականին «Կանչ»-ը վերանվանվել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության, որն առաջնորդվում էր Նժդեհի ցեղակրոն գաղափարներով։ 1988-1991 թվականներին հրատարակել է «Ցեղակրոն» պաշտոնաթերթը։ 1988 թվականի շարժմանն ակտիվ մասնակցելու համար մեկ ամսով ազատազրկվել է։
1989 թ. ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990 թ. փետրվարից ընկերների հետ եղել է Կապանի սահմանամերձ տարածքում, ուր ապրիլի 24-ին, ջոկատի սպառազինությունն ուժեղացնելու նպատակով, զինաթափել են խորհրդային բանակի մի ստորաբաժանում[7]։
1990 թ. մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է խորհրդային բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 թվականը ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին[5]։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանը իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։
2008 թ. ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թ. ազատ է արձակվել[6] հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։
Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004 թվականին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»[8], 2007 թվականին՝ «Աստվածների վերադարձը»[9] աշխատությունները։ Հասարակությանը հայտնի է հեռուստատեսային զանազան բանավեճերում հայրենասիրական վերլուծություններով։
Շանթ Հարությունյանը իր գործունեությունը նվիրել է ազատ և անկախ Հայաստանի կերտման գործին։ Բազմիցս քննադատել է Ռուսական կայսրության քայքայիչ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ և որոշ կուսակցությունների հակահայ-ռուսամետ կեցվածքը։ Բանավեճերում և հոդվածներում ապացուցել է 1920-1921 թվականների Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի անօրինակությունը, որոնցով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, բաժանվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև[10]։։
2013 թվականի նոյեմբերի 5-ին մի շարք համախոհների հետ Երևանում փայտերով և պայթուցիկներով դեպի նախագահական նստավայր երթ իրականացնելու համար ձերբակալվել է։ Դրանից մեկ օր առաջ հայտարարել էր «արժեքների հեղափոխություն» իրականացնելու մասին[11]։ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման[12]։ Իրենից բացի դատապարտվել էր ևս 14 քաղաքացի[4]։
«Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչեց որպես քաղաքական բանտարկյալներ[13]։
2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից[14]։