Գյուղ | |||
---|---|---|---|
Շնող | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Լոռու մարզ, Թումանյանի շրջան և Բորչալուի գավառ | ||
Մակերես | 41.28 կմ² | ||
ԲԾՄ | 725 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2561[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Շնող, գյուղՀայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Ալավերդի քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից՝ ձորերով ու բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա։
Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից։
Ունի միջնակարգ հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան։
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է X-XI դդ։ Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դարի աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով։ Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը)։ Կայծոն-Շնողը բաժանել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը։ X-XI դդ տարածաշրջանում իշխել են Կյուրիկյանները։ 1118 թվին Կայծոնը Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը։ XII-XIV դդ այն եղել է Զաքարյանների տիրույթներից մեկը, 12-րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից։
17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով։ Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների։ 1919 թ.-ի հունվարին Լոռին Թուրքիայի սպառնալիքներից ապահովելու նպատակավ Սադախլոյից մինչև Ձորագետ հայտարարվեց չեզոք գոտի , փաստորեն անջատելով այն Հայաստանից։ 1920 թ.-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ։ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր։
Վրացական կողմը, խախտելով 1920 թ.-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնակավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921 թ.-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Ապստամբության ընթացքում զոհվեցին Շնողի երկու բնակիչներ՝ Ներսես Բաբայանը և Աբգար Ոսկանյանը։
Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, Հայրենական պատերազմը, 1949 թ.-ի աքսորը, 1988 թ.-ի ահեղ երկրաշարժը, Արցախի ազատամարտի զոհերը։
Շնողի և ընդհանրապես Թումանյանի շրջանի պատմությունը, սկսած հնագույն ժամանակներից, սերտորեն կապված է եղել Գուգարաց աշխարհի, ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորության, ապա Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանի փառահեղ պատմության հետ։ Սակայն թերի կլիներ այդ պատմությունը, եթե հաշվի չառնենք նաև խաշնարած ու բարբարոս ցեղերի՝ թուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, Լենկ-Թեմուրի, ինչպես նաև կարակոյունլուների ու ակկոյունլուների ասպատակությունների ժամանակաշրջանի անցքերը։
Կլիման բարեխառն է՝ չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11,1 աստիճան, առավելագույնը՝ 38 °C, նվազագույնը՝ -22 °C։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շնողի մշտական բնակչությունը կազմել է 2561, առկա բնակչությունը՝ 2485 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։
Շնողի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 538 | 1371[3] | 2205 | 2296 | 2758 | 2586 | 3142 | 2885 | 3328 | 3117 | 2561[1] |
Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների՝ պղնձի, երկաթի, մոլիբդենի, օխրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում։ Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով։
Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկների, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ։
Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի (10 դար), միանավ եկեղեցու մնացորդները, Սբ. Գևորգ (1893 թ.), Սբ. Սարգիս (1894 թ.) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը(1222 թ.), Ս. Սարգիս մատուռը (17 դար), Նշան մատուռի մնացորդները(17 դար)։ 1990 թվականին գյուղում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան։