Ռեյնբոու Ռաուել անգլ.՝ Rainbow Rowell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1973[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Նեբրասկա, ԱՄՆ[4] կամ Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, լրագրող, մանկագիր և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Omaha North High School? |
Ժանրեր | սիրավեպ և դեռահասական գրականություն |
Կայք | rainbowrowell.com |
Ռեյնբոու Ռաուել (անգլ.՝ Rainbow Rowell, փետրվարի 24, 1973[1][2][3], Նեբրասկա, ԱՄՆ[4] և Nebraska City, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է դեռահասների համար նախատեսված վեպերով՝ «Էլեանորան և Պարկը» և «Երկրպագուհին»։
Ռեյնբոու Ռաուելը ծնվել է 1973 թվականի փետրվարի 24-ին Նեբրասկա քաղաքում[5][6]։
1995-2012 թվականներին Ռաուելը «Omaha World-Herald» թերթում վարել է սյունակ և եղել գովազդային տեքստեր գրելու գործակալ[7]։
Թերթից հեռանալուց հետո սկսել է աշխատել գովազդային գործակալությունում, իսկ ազատ ժամանակ գրել իր առաջին հրատարակված վեպը՝ «Հավատարմություն» (անգլ.՝ «Attachments») վերնագրով[8]։ Երեխայի ծնունդով պայմանավորված՝ Ռաուելը երկու տարով դադարեցրել է աշխատանքը ձեռագրի վրա[8]։ Վեպը հրատարակվել է 2011 թվականին։ Այն պատմում է համակարգային ադմինիստրատորի մասին, որը սիրահարվում է մի կնոջ, որի թղթակցությանը հետևում էր։ «Kirkus Reviews» ամսագիրը գիրքը ներառել է տարվա երևելի դեբյուտների ցանկում[9]։
2013 թվականին Ռաուելը հրատարակել է դեռահասների համար նախատեսված երկու վեպ՝ «էլեանորան և Պարկը» (անգլ.՝ «Eleanor & Park») և «Երկրպագուհին» (անգլ.՝ «Fangirl»)։ Երկու գիրքն էլ հայտնվել են «The New York Times»-ի սահմանած՝ տարվա լավագույն դեռահասական վեպերի ցանկում[10]։ Ըստ «Ամազոն»-ի՝ «էլեանորան և Պարկը» վեպը ճանաչվել է նաև 2013 թվականի 10 լավագույն գրքերից մեկը[11], իսկ «Goodreads»-ի համաձայն՝ վեպը ճանաչվել է որպես տարվա լավագույն դեռահասական վեպ[12]։
2013 թվականին, երբ Մինեսոտայի ավագ դպրոցի մի խումբ ծնողներ կասկածի տակ առան «Էլեանորան և Պարկը» գիրքը, Ռաուելի աշխատանքն արժանացավ բացասական գնահատականի։ Այդ ամենի պատճառով նաև չեղյալ համարվեց Ռաուելի հրավերը գրական մի միջոցառման։ Արդյունքում ծնողների խումբը որոշեց, որ գիրքը կարող է մնալ գրադարանի պահարաններում[13]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռաուելը նշել է, որ նրանց կոչած «անվայել» նյութին շատ երեխաներ են բախվում դժվար պահերին[14]։
2014 թվականի հուլիսի 8-ին Ռաուելը հրատարակել է իր չորրորդ վեպը՝ «Զանգ անցյալին»(անգլ.՝ «Landline»)։ Վեպում նկարագրվում է ամուսնական կյանքում խնդիրներ ունեցող զույգի պատմությունը[15]։ Նույն տարում նա պայմանագիր է կնքել «First Second Books» հրատարակչության հետ՝ գրաֆիկական երկու վեպի հրատարակման նպատակով[16]։
Ռաուելի հինգերորդ գիրքը՝ «Այդպես շարունակել» (անգլ.՝ «Carry On»), հրատարակվել է 2015 թվականի հոկտեմբերի 6-ին[17]։ Այն հիմնված է «Երկրպագուհին» ստեղծագործության սյուժեում առանցքային համարվող մտացածին գրքաշարի վրա։ Այն Ջեմմա Լեսլիի շարքի 8-րդ գիրքն է Սայմոն Սնոու անունով հրաշագործ տղայի մասին, որը սովորում էր Ուոթֆորդի հրաշագործների դպրոցում։ Դպրոցական կրթության 8-րդ տարում Սայմոնը փորձում է համակերպվել այն մտքի հետ, որ ինքն Ընտրյալ է և պետք է ոչնչացնի կախարդական աշխարհը վերացնող Տոսկլիվիուս Կովարնուն՝ կախարդական չարին։ Նա իր լավագույն ընկերուհու՝ Պենելոպայի և սիրելի աղջկա՝ Ագաթայի հետ ուղևորվում է արկածներ որոնելու։ Թեև այս հատվածը «Երկրպագուհին» գրքի ֆանտաստիկ շարքի մի մասն է, վեպն ինքնին առանձին գիրք է։ Այն շատ դեպքերում հիմնված է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարի վրա[18]։
Ռաուելն ապրում է Օմահայում ամուսնու և երկու երեխաների հետ[19]։
«DreamWorks» ընկերությունը և Կառլա Հեքենը նախատեսում են «Էլեանորան և Պարկը» վեպի հիման վրա նկարահանել ֆիլմ։ Ռաուելին խնդրել են գրել սցենարը[20]։