Սալարիո կամուրջ Ponte Salario | |
---|---|
Անունով | Աղի ճանապարհ |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Հռոմ |
Տեսակ | կամարավոր կամուրջ |
Նյութ | տուֆ, երկաթբետոն |
Հատում է | Անյենե |
Ճանապարհ | Վիա Սալարիա (SS4) |
Կառուցվել է | Ք․ ա․ 1-ին դար |
Երկարություն | 72 մ |
Լայնություն | 6,52 մ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Սալարիո կամուրջ (իտալ.՝ Ponte Salario), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Անյենե գետը։ Վիա Սալարիո ճանապարհի մի մասն է կազմում։ Կապում է Պարիոլի, Տրիեստե և Վալ Մելաինա շրջանները[2]։ Միջնադարում կամուրջն անվանել են նաև Սալարո։
Կամուրջը թվագրվում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանին։ Այն գտնվում էր Հռոմի պարիսպներից դուրս, Կոլլինա դարբասից (Porta Collina) 3 կմ հեռու, այնտեղ, ուր Վիա Սալարիան հատում է Անյենե գետը։ Կամրջի կողմնային կամարներից ենթադրվում է, որ այն առաջին քարե կամուրջն է, որ կառուցվել է Ք․ ա․ 1-ին դարում։
Գոթական պատերազմում գլխավոր մեծ կամարը քանդվել է օստգոթերի թագավոր Թոթիլայի կողմից։ 565 թվականին Բյուզանդական կայսրության հայազգի հրամանատար Նարսեսը վերանորոգել է այն։ Նա նկարագրել է վերականգնողական աշխատանքները, ներառյալ գետի հունի շեղումը, կամրջի վրա պահպանված արձանագրություններում[3]։ Այդ ժամանակ Սալարիո կամրջի երկարությունը 72 մետր էր, իսկ լայնությունը՝ 6,52 մետր։ Կամուրջն ուներ ուշագրավ կիսաշրջանաձև կամար, որի թռիչքը կազմում էր 24,86 մետր[4]։
Կամրջի աշտարակը հավանաբար կառուցվել է 8-րդ դարում։ Մինչև 1798 թվականը կամուրջը լավ պահպանված էր, մշտապես վերանորոգվելու հետևանքով, բայց այդ ժամանակ ավերվում է Նապոլեոնական զորքերի կողմից։ Նրանք ջարդում և՛ ճաղաշարքը, և՛ անտիկ արձանագրությունները։ 1829 թվականին ֆրանսիացի զինվորները քանդում են միջնադարյան աշտարակը և կարճացնում կամրջի երկարությունը 15 մետր։ 1867 թվականին կամուրջը մեկընդմիշտ կորցնում է իր պատմական բնույթը, քանի որ պապական զորքերը պայթեցնում են կենտրոնական կամարը։ Սալարիո կամուրջը վերակառուցվում և ներկայիս տեսքն է ստանում 1874 թվականին։ Իսկ ճանապարհը ընդլայնվում է 1930 թվականին[3]։
Բացի Սալարիո կամրջից Անյենե գետի վրա կան ևս մի քանի պաշտպանական կամուրջներ։ Դրանք են Նոմենտանո, Մամմոլո կամուրջները (երկուսն էլ հռոմեական ծագման)[5] և միջնադարյան Սան Ֆրանչեսկոյի կամուրջը Սուբյակո քաղաքում[6]։
Սալարիո կամուրջը հասանելի կլինի Հռոմի մետրոպոլիտենի D գծի Salario և Vescovio կայարաններից, Հռոմի երկաթգծի Monte Antenne կայարանից և Լացիոյի FL1 ռեգիոնալ երկաթգծի Roma Nomentana կայարանից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալարիո կամուրջ կատեգորիայում։ |
|