Սիլվանուս Թեյեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1785[1] |
Ծննդավայր | Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1872[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Ուեսթ Փոյնթ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ (1807) և ԱՄՆ Ռազմական ակադեմիա (փետրվարի 23, 1808) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Ծնողներ | հայր՝ Pvt. Nathaniel Thayer, Sr.?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Sylvanus Thayer Վիքիպահեստում |
Սիլվանուս Թեյեր (անգլ.՝ Sylvanus Thayer, հունիսի 9, 1785[1], Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 1872[1], Բրեյնթրի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, գնդապետ, ժամանակավորապես բարձրացվել է մինչև բրիգադի գեներալի աստիճանի։ Հայտնի է որպես «Ուեսթ Փոյնթի հայր», Միացյալ Նահանգներում ռազմական ինժեներական կրթության ջատագով։
Թեյերը ծնվել է 1785 թվականի հունիսի 9-ին Մասաչուսեթսում՝ Բրեյնթրի քաղաքում՝ ֆերմեր Նաթանիել Թեյերի (անգլ.՝ Nathaniel Thayer, 1752-1829) և Դորկաս Թեյերի (անգլ.՝ Dorcas Faxon Thayer, 1756-1840) ընտանիքում։ 1793 թվականին տղային ուղարկել են ապրելու իր մորական հորեղբոր՝ Ազարիա Ֆեքսոնի մոտ և դպրոց հաճախելու Վաշինգտոնում (Նյու Հեմփշիր նահանգ)։ Այնտեղ նա հանդիպել է գեներալ Բենջամին Փիրսի հետ, որը ամերիկյան անկախության պատերազմի վետերան էր։ 1803 թվականին Սիլվանուսն ընդունվել է Դարտմուտի քոլեջ, որն ավարտել է 1807 թվականին՝ որպես իր դասարանի լավագույն շրջանավարտ։
Գեներալ Փիրսի առաջարկությամբ և ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի թույլտվությամբ Թեյերը նշանակվել է ուսումը շարունակելու ԱՄՆ ռազմական ակադեմիայում։ Մեկ տարի սովորելուց հետո ավարտելով ակադեմիան՝ 1808 թվականին ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում[3]։ Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ նրան ուղարկել են Վիրջինիա՝ ամրապնդելու և պաշտպանելու Նորֆոլկը, որտեղ ստացել է մայորի կոչում։ 1815 թվականին 5000 դոլար դրամաշնորհ է ստացել Եվրոպա մեկնելուց առաջ, որտեղ երկու տարի սովորել է ինժեներների պատրաստման ֆրանսիական պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցում։
1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոն Թեյերին նշանակել է ԱՄՆ ռազմական ակադեմիայի տեսուչ Ուեսթ Փոյնթում։ Նրա ղեկավարությամբ ակադեմիան դարձել է երկրի առաջին ինժեներական քոլեջը, որտեղ ձևավորվել են բազմաթիվ ավանդույթներ, որոնք մինչ օրս գործում են Ուեսթ Փոյնթում։ Կուրսանտներից շատերը, որոնք վերապատրաստվել են նրա ղեկավարման ընթացքում, զբաղեցրել են հիմնական ղեկավար պաշտոններ ամերիկա-մեքսիկական և ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Սիլվանուս Թեյերը թոշակի է անցել 1833 թվականին՝ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հետ ունեցած տարաձայնություններից հետո։ 1834 թվականին ընտրվել է ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի ասոցացված անդամ[4]։ Հաջորդ 30 տարիներին նա ծառայել է Բոստոնի մերձակայքում գտնվող ԱՄՆ Ինժեներական զորքերում։ Այդ ընթացքում նա վերահսկել է Fort Warren և Fort Independence ամրոցների կառուցումը՝ Բոստոնի նավահանգիստը պաշտպանելու համար։ Թեյերը հեռացել է բանակից 1863 թվականի հունիսի 1-ին՝ ԱՄՆ ինժեներական զորքերի գնդապետի կոչումով։
Մահացել է 1872 թվականի սեպտեմբերի 7-ին Բրեյնթրի քաղաքի սեփական տանը։ Թաղված է Ուեսթ Փոյնթի գերեզմանատանը[5]։
Թեյերի փաստաթղթերն ու ձեռագրերը բաժանված են Նյու Յորքի Ուեսթ Փոյնթ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմական ակադեմիայի գրադարանի և Նյու Հեմփշիր նահանգի Հանովեր քաղաքում գտնվող Դարտմուտ քոլեջի գրադարանի միջև[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվանուս Թեյեր» հոդվածին։ |
|