Գյուղ | |||
---|---|---|---|
Վահրամաբերդ | |||
Վահրամաբերդ գյուղի մուտքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Շիրակի մարզ | ||
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | ||
Մակերես | 8.2 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1683[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 312[2] | ||
| |||
Վահրամաբերդ (նախկին անվանումը՝ Ներքին Ղանլիջա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու[3], որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։
Գյուղը գտնվում է Ախուրյանի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1650 մետր բացարձակ բարձրության վրա։ Կլիման ցուրտ է, քիչ տեղումներով։ Հաճախ են ուժեղ քամիները, մառախուղները և ձնաբքերը։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է շուրջ 450-500 միլիմետր։ Բնական լանդշաֆտներն են սևահողային լեռնատափաստանները, որոնք հիմնականում ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Ունի պեմզայի և տուֆի պաշարներ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վահրամաբերդի մշտական բնակչությունը կազմել է 1455, առկա բնակչությունը՝ 1393 մարդ[4]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Կարսի Ինջալար գյուղից[3]։
Վահրամաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 247 | 389[6] | 466 | 272 | 538 | 602 | 747 | 752 | 919 | 1155 | 1455[4] |
Բնակչությունը զբաղվում է հիմնականում աշնանացան ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի մշակությամբ և անասնապահությամբ։
Վահրամաբերդից հարավ-արևմուտք, ձորամիջում, գտնվում են Մարմաշենի վանքը (IX-XIII դարեր) և XIII դար կամուրջը։
|