Վարազդատ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1909[1][2] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 20, 2008 (98 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1937)[1] |
Աշխատավայր | ՀԱՊՀ[2] և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | |
Անդամություն | Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն[1][2], Հայաստանի ճարտարապետների միություն[1] և ՀՀ ԳԱԱ[2] |
Վարազդատ Հարությունյան Վիքիքաղվածքում | |
Վարազդատ Հարությունյան Վիքիդարանում | |
Varazdat Harutyunyan Վիքիպահեստում |
Վարազդատ Մարտիրոսի Հարությունյան (նոյեմբերի 29, 1909[1][2], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 20, 2008, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3], մանկավարժ։
Ծնվել է Վանում 1909 թվականին։ Հիշելով իր մանկությունը՝ Վարազդատը ասել է. «հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, մեր այգին, իմ հարազատներին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել։ Անցել եմ գաղթի մահացու ճանապարհներով»։ Վանից Հարությունյանների ընտանիքը գաղթում է նախ Էջմիածին, հետո՝ Թիֆլիս։ Որբանոցում անցկացրած տարիների միակ պայծառ ու հիշարժան դրվագները Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումներն էին։ 1919-1927 թվականներին սովորել և ավարտել է տեղի հայկական միջնակարգ դպրոցը, 1927-1931 թվականներին պաշտոնավարել է Լոռվա Շնող և Արճիս գյուղերի դպրոցներում։ 1931 թվականին ընդունվել և 1937 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը ու թողնվել մանկավարժական աշխատանքի։
Հետագայում Հայաստանում հիմնել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը։
Վարազդատ Հարությունյանը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956 թվականից նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի է։
Մահացել է 2008 թվականի մարտի 20-ին Երևանում։
Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը։
Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800-ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։
50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի ղեկավարել է ճարտարապետների միությունը։
Վարազդատ Հարությունյանի հայկական ճարտարապետության ընդհանուր պատմությանը նվրրված առաջին աշխատությունը «Հայկական ճարտարապետության հուշարձաններ» գիրքն է (ռուսերեն, Մոսկվա, 1951, հեղինակակից Ս. Սաֆարյան)։ Այն հայկական ճարտարապետությունը ներկայացնում Է նախնադարից դեպի Ուրարտու, հայկական հելլենիզմ և միջնադար, ներառյալ ողջ ուշ միջնադարն ու 19-րդ դարը։
Վարազդատ Հարությունյանի հաջորդ «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուսերեն, Երևան, 1955, հեղինակակից՝ Կ. Հովհաննիսյան) աշխատությունը ն ը նախորդի շարունակությունն է։ Համանուն վերնագրով երկրորդ աշխատությունը (Մոսկվա, 1972, հեղինակակիցներ՝ Ս.Ս. Հասրաթյան և Ա.Մելիքյան) ձևակերպում էր խորհրդահայ ճարտարապետության պարբերացման՝ կազմավորման և հաստատման փուլերը։
1975 թվականին Բեյրութում հրատարակվել է Վարազդատ Հարությունյանի «Հայկական ճարտարապետության հուշարձանները» գիրքը՝ հեղինակակից Մ․ Ս․ Հասրաթյան։
Վարազդատ Հարությունյանի նախասիրած թեմաներից մեկը հայկական ճարտարապետության «ժառանգորդության» և «ավանդների շարունակականության» հիմնախնդրի ուսումնասիրումն Է։ Մեկ տասնյակի հասնող հոդվածների այս խմբում հեղինակը գտնում է, որ, պայմանավորված հնագույն ավանդներով, հայկական հելլենիզմի հուշարձանները ունեն յուրահատուկ համաչափություն։ Նա ճշգրտորեն ցույց է տալիս, որ IX-XI դարերի հայկական հուշարձանների ոճական հասունացման փուլին բնորոշ է նաև անտիկ ձևերի և վաղ միջնադարյան տարածական լուծումների ստեղծագործական կրկնությունը։
Վարազդատ Հարությունյանը գրել է նաև հուշագրություններ՝ «Նախնյաց ոտնահետքերով) (Երևան, 1996), «Բոսֆորի և Մարմարայի ափերով» (Երևան, 1996), «Անմոռաց հանդիպումներ» (Երևան, 1998), «Կյանքիս քառուղիներում»(Երևան, 1999) և այլն։
1946 թվականին «Դվինի ճարտարապետական հուշարձանները» խորագիրը կրող աշխատությամբ հայցել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան և ստացել դոցենտի կոչում։ 1964 թվականին «Հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինությունը» ատենախոսության համար նրան շնորհվել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան և միաժամանակ տրվել պրոֆեսորի կոչում։ Նա արժանացել է նաև տասնյակ շքանշանների և պատվավոր կոչումների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակին (1978 թ.), Թորոս Թորամանյանի անվան ակադեմիական մրցանակին (1978 թ.), Ալեք Մանուկյանի շնորհակալագրին (1982 թ.), Վրաստանի ճարտարապետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման (1996)։ Նույն թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և 1997 թ. ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշան և այլն։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Հարությունյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Հարությունյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 322)։ |