Օպիուս բլուր (լատին․՝ Oppius Mons, իտալ.՝ Colle Oppio), Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Էսկվիլինի գագաթներից է[1]։ Հյուսիսային կողմում Ցիսպիուսից առանձնանում է Սուբուրրայի հովիտով, իսկ հարավային կողմից՝ Ցելիում բլրից առանձնանում է Կոլիզեումի հովտով։ Բլրի բարձրությունը 49 մետր է։ Օպպիոսը, Ցիսպիուսը և Ֆագուտալը միասին կազմում են Էսկվիլին բարձրավանդակը Սերվիյան պարսպի ներսում։
Սեպտիմոնցիումի՝ Հռոմի յոթ բլուրների[2] բաժանումից առանձնանում է Ֆագուտալ գագաթը՝ որպես անկախ բնակավայր։ Դրանից կարելի է ենթադրել, որ ի սկզբանե Օպպիոսը միացած է եղել նրան՝ բացի արևմտյան ծայրից[3]։ Այս ծայրի հյուսիսային գագաթը նաև կոչվել է Կարինաե։ Այն ընկած է եղել Վելիան բլրի և Կլիվուս Պուլլիուսի միջև՝ Ֆագուտալին միավորված, և եղել է Հին Հռոմի բարձրակարգ թաղամասերից մեկը։
Օպպիանյան բլուրը կրոնական նպատակներով շարունակվել է օգտագործվել մինչև հանրապետության ժամանակաշրջանի ավարտը[4]։ Ըստ Մարկոս Վառոյի[5] բլրի անվանումը կապվում է Տուսկուլի բնակիչ Օպպիոսի անվան հետ։ Տուլուս Հուստիլիուսի Վեիիի պաշարման ժամանակ վերջինս գալիս է Հռոմ՝ աջակցություն խնդրելու։ Այնուամենայնիվ բառի ստուգաբանությունն անհասկանալի է։ Հնարավոր է նաև լեռնագագաթը կրում է այն տոհմի անունը, որն ապրել է այս տարածքում[6]։ Դետլեֆսենի վարկածով[7] Օպպիոսն առաջացել է Օպպիդուսից[8]։
Օպպիանյան բլրի տարածքը զբաղեցնում է շուրջ 9 հեկտար[9]։ 1871 թվականին, որպես քաղաքային վերակազմավորման մի մաս, այն սկսում են օգտագործել որպես հասարակական այգի։ 1928 թվականին ճարտարապետ Ռաֆֆաելե դե Վիչոն նախագծում և 1936 թվականին ավարտ է հասցնում այգու ձևավորումը։ Աշխատանքներում ընդգրկված շատրվանները, արձանները և մարմարե քանդակներն առ այսօր զարդարում են այգին[10]։ Բլրից իջնող կենտրոնական պողոտան ձգվում է մինչև Կոլիզեում։
Օպպիանյան բլրի այգին համարվում է հնագիտական զբոսայգի։ Այստեղ է գտնվել Ներոնի Ոսկե տունը, Տրայանոսի բաղնիքները, ինչպես նաև Տիտոսի բաղնիքները, որոնց մնացուկներն առ այսօր կան[11]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպիուս բլուր» հոդվածին։ |
|