Թևֆիկ Ռյուշթյու Արաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883[1][2][3] |
Ծննդավայր | Չանաքկալե, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 5, 1972[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և ambassador of Turkey to the United Kingdom? |
Կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
![]() |
Թևֆիկ Ռյուշթյու Արաս (թուրքերեն՝ Tevfik Rüştü Aras, 1883[1][2][3], Չանաքկալե, Օսմանյան կայսրություն - հունվարի 5, 1972[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, 1923-1938 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Թևֆիկ Ռյուշթյու Արասը ծնվել է նավահանգստային Չանաքկալե քաղաքում։ Բեյրութում ուսանել է բժշկություն և որպես բժիշկ՝ աշխատել է Իզմիրում, Ստամբուլում և Սալոնիկում։ Անդամակցել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը և ծանոթացել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։
1920 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրվելուց հետո, որպես Մուղլայի պատգամավոր, ընդգրկվել է խորհրդարան։ Նույն թվականի աշնանը մասնակցել է Թուրքիայի Կոմունիստական կուսակցության ստեղծմանը և Ալի Ֆուատ Ջեբեսոյի հետ այցելել ՌԽՖՍՀ։ 1923 թվականից մինչ Աթաթուրքի մահը, Իսմեթ Ինյոնյուի երրորդ կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1939 թվականից եղել է Թուրքիայի դեսպանը Միացյալ Թագավորությունում։ 1943 թվականին անցել է թոշակի։ Մի քանի գրքերի հեղինակ է։
Թևֆիկ Ռյուշթյու Արասը մահացել է 1972 թվականի հունվարի 5-ին՝ Ստամբուլում։
Թևֆիկ Ռյուշթյու Արասը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Նազիմ Բեյի բարեկամն էր։ Նրան հանձնարարվել էր ոչնչացնել ցեղասպանության զոհերի մարմինները[4]։ Վեցամսյա ժամանակահատվածում նա հայերի դիակները ծածկել է հազարավոր կիլոգրամներով կրաշաղախով[5]։ Դիակները նետվում էին հատուկ փորված հորերը, որից հետո նրանց վրա լցվում էր կրաշաղախը և ծածկվում հողով[4]։ Վեց ամսում այդ աշխատանքները իրականացնելուց հետո նա վերադարձել է Կոստանդնուպոլիս[6]։ Բրիտանական ռազմագերի Գլոկները իր հուշերում գրել է, որ տեսել է, թե ինչպես են Ուռհայում սպանված հայերի դիակները, Արասի ցուցումով նետվում հսկայական հորերի մեջ և ծածկվում կրաշաղախով[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևֆիկ Ռյուշթյու Արաս» հոդվածին։ |
|