Լևոն Զավեն Սյուրմելյան արմտ. հայ.՝ Լեւոն Զաւէն Սիւրմէլեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1905 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1995[1] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան և Կանզաս նահանգի համալսարան |
![]() | |
Լևոն Զավեն Սյուրմելյան Վիքիդարանում | |
![]() |
Լևոն Զավեն Սյուրմելյան (նոյեմբերի 24, 1905, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 3, 1995[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, ունի հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածու։
Ծնվել է Տրապիզոնում 1905 թ.։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը՝ Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։
1915 թ. Եղեռնի ժամանակ կորցնում է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարում է չորս որբերին։ 1916 թ.-ին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով մեկնում է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918 թ.-ին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնում է Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշում է գնալ Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավում են Կարսը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնում։ Ի վերջո՝ 1920 թ.-ին կրկին վերադառնում են Պոլիս, որտեղ Զավենը հաճախում է Կեդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանանում են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։
1922 թ.-ին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ գնում է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924 թ.-ին Վահան Թեքեյանը խմբագրում է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակում նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։
1931 թ.-ին Սյուրմելյանը Լոս Անջելեսում խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը։
Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ Դիմում, Տիկնայք և Պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է 1945 թ.-ին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի (1950)։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։ 1964 թ.-ին Անգլիայում տպագրվում է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ 1968 թ.-ին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածու է։ Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ 1968 թ.-ին հրատարակվում է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. Չափ և խենթություն» աշխատությունը։
1958 - 1969 թթ.-ին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։
Վախճանվել է 1995 թ.-ին[2]։
«Լույս զվարթ» ժողովածուն եղավ Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն 1924 թ.-ին լույս տեսավ Փարիզում և վերահրատարակվեց Նյու Յորքում 1950 և 1972 թթ.։ Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվեցին օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրում իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ'որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զավեն Սյուրմելյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զավեն Սյուրմելյան» հոդվածին։ |
|