Ռամոն Սամպեդրո

Ռամոն Սամպեդրո
իսպ.՝ Ramón Sampedro Cameán
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1943(1943-01-05)[1]
ԾննդավայրՊորտո դո Սոն, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1]
Մահացել էհունվարի 12, 1998(1998-01-12)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԲոյրո, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն և գալիսերեն
Մասնագիտությունգրող, ծովագնաց, բանաստեղծ և ակտիվիստ
 Ramón Sampedro Վիքիպահեստում

Ռամոն Սամպեդրո (իսպ.՝ Ramón Sampedro, հունվարի 5, 1943(1943-01-05)[1], Պորտո դո Սոն, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1] - հունվարի 12, 1998(1998-01-12)[1], Բոյրո, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիա[1]), իսպանացի նավաստի, 25 տարեկանում ափամերձ ժայռից ծովը անհաջող ցատկելու հետևանքով ստացած վնասվածքի արդյունքում կաթվածահար է եղել։

Դրանից հետո շուրջ 30 տարի պայքարել է էֆտանազիայի իրավունքի համար և դիմել դատարան, սակայն մերժում ստացել։ Ի վերջո՝ ընկերների օգնությամբ պատրաստած թույն է խմել և ինքնասպան եղել։

Ռամոն Սամպեդրոն 2 գրքի հեղինակ է, նրա կյանքի ու մահվան պատմության հիման վրա 2004 թվականին իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը, որտեղ Ռամոնին մարմնավորել է Խավիեր Բարդեմը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել և շահել է մոտ 60 կինոմրցանակ։

Ինքնասպանության իրավունքի պահանջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտո դո Սոնի ափը

Ռամոն Սամպեդրոն ծնվել է Հյուսիսային Իսպանիայի Գալիսիա շրջանում գտնվող մի փոքրիկ ձկնորսական ավանում և 19 տարեկանում որպես նավաստի-մեխանիկ աշխատանքի անցել առևտրային նավատորմում՝ երազելով տեսնել ամբողջ աշխարհը, քանի որ, ինչպես ինքն էր կատակել, «դա անվճար ճանապարհորդելու լավագույն միջոցն է»։ Սակայն, 1968 թվականի օգոստոսի 23-ին, 25 տարեկան հասակում հայրենի Պորտո դո Սոնում ջրացատկ է կատարում և բախվում առափնյա ժայռերին։ Դժբախտ պատահարի հետևանքով նա գլուխը հարվածում է ժայռերին և ողնաշարի ամբողջական վնասվածք է ստանում, որի հետևանքով՝ պարանոցից ներքև ամբողջովին անդամալույծ է դառնում[2]։ Սամպեդրոն Իսպանիայի ստորին և վերին դատական ատյաններին, անգամ Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարանին բազմիցս դիմել է ինքնասպանության իրավունքի համար, սակայն ապարդյուն։ Նրա փաստարկները հիմնվում էին այն փաստի վրա, որ ինքը վստահ է մեռնելու իր որոշման համար։ Մինչդեռ իր անդամալույծ լինելու պատճառով նա չէր կարող ինքնասպանությունն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության կատարել։ Էֆտանազիան Իսպանիայում անօրինական էր և պատժվում էր 6-ից 10 տարվա ազատազրկմամբ[3]։ Այդ պատճառով էլ նա պայքար սկսեց «մահվան իրավունքի» համար։ Նա պնդում էր, որ ինքնասպանության պահանջը ևս իրավունք է, և փնտրում էր օրինական կերպով դրան հասնելու ուղիներ՝ նախ Իսպանիայում, որտեղ նրա գործը գրավեց հասարակական լայն խավերի ուշադրությունը։ Ի վերջո, ամբողջ աշխարհին հայտնի դարձավ նրա պայքարը։

Մահ և հետագա դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամպեդրոն մահացավ 1998 թվականի հունվարի 12-ին, Իսպանիայի Բոյրո քաղաքում, կալիումի ցիանիդի թունավորումից։ Մի քանի օր անց ձերբակալվեց նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Ռամոնա Մանեյրոն, նրա մահվանը աջակցելու մեղադրանքով։ Սամպեդրոն իր ինքնասպանությունն իրականացնելու համար պահանջվող դերակատարումները առանձին-առանձին բաժանել էր, այնպես, որ ոչ-ոք չէր կարող մեղադրվել ինքնասպանության գործընթացին ամբողջովին աջակցելու մեջ։ Մանեյրոն ազատ արձակվեց հանցանշանների բացակայության պատճառով։ Որևէ այլ գործ, կապված Սամպեդրոյի մահվան հետ, չհարուցվեց։ Յոթ տարի անց, վաղեմության ժամկետի լրանալուն պես Մանեյրոն իսպանալեզու մի հաղորդման ժամանակ ընդունեց, որ ինքն է Սամպեդրոյին տվել թունավորված ըմպելիքը և ծղոտ։ Նա ավելացրել է. «Ես դա արեցի հանուն սիրո»։ Նա նաև ասել է, որ տեսանկարահանել է Սամպեդրոյի վերջին բառերը՝ մինչև նրա թույն խմելը և որ ինքը սենյակում է եղել՝ տեսախցիկի ետևում։ Սամպեդրոն բաց նամակ էր թողել դատավորներին և իսպանական հասարակությանը։ Բաց նամակի հետևանքով 1999 թվականին կազմվեց էֆտանազիան ընդունող սենատորական կոմիտե։

«Ծովը ներսում»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովը Պորտո դո Սոնի մոտ

Սամպեդրոյի կյանքի և մահվան պատմության հիման վրա 2004 թվականին նկարահանվել է «Ծովը ներսում» (իսպ.՝ Mar adentro) ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Խավիեր Բարդեմը։ Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց և Օսկարի 77-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ Օսկարի՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Մահից առաջ նա գիրք է գրել «Նամակներ դժոխքից» (իսպ.՝ Cartas desde el infierno), որը բանաստեղծությունների և էսսեների ժողովածու է Սամպեդրոյի աշխարհընկալման տեսանկյունից։

  • Սամպեդրո, Ռամոն (1996 թվական). Cartas desde el infierno [Նամակներ դժոխքից] (իսպաներեն). Planeta հրատարակչություն. ISBN 84-08-05632-8.
  • Սամպեդրո, Ռամոն (1998 թվական). Cando eu caia [Երբ ես ընկա] (գալիսիերեն). Edicións Xerais հրատարակչություն. ISBN 8483022605.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Find A Grave — 1996.
  2. Однако есть мнение (например, здесь Արխիվացված 2013-12-12 Wayback Machine), что при соответствующей физиотерапии и реабилитации он со временем смог бы двигаться, по крайней мере, владеть верхней частью тела, но сам отказался от реабилитации.
  3. В сентябре 2008 года правительство Испании объявило о том, что намерено разработать и принять закон, разрешающий эвтаназию. Zapatero’s latest challenge: a law on «assisted suicide».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոն Սամպեդրո» հոդվածին։