Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ֆանդի բին Ահմադ | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 29, 1962[2] (62 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սինգապուր | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ[1] | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան (նախկինում) | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լայոնս XII | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆանդի բին Ահմադ (մալայերեն՝ Fandi bin Ahmad, մայիսի 29, 1962[2], Սինգապուր), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը։ Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում։ Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր»[Ն 1], «Կուալա-Լումպուր» և «Փախանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին։ 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը։ Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր)։ Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի թիմի ավագը[3]։ Ֆանդին մարզել է «Ուորիորսը», «Պելիտա Ռայան» (Ինդոնեզիա) և «Ջոհորը» (Մալայզիա), որպես մարզչի օգնական աշխատել է երկրի ազգային հավաքականում։ Սինգապուրցի «վետերանը» ներկայում հանդիսանում է իր սեփական ֆուտբոլային ակադեմիայի նախագահը։ 1994 թվականին պարգևատրվել է Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով։ Ֆանդին համարվում է առաջին սինգապուրցի ֆուտբոլիստը, որը խաղացել է Եվրոպայում, երկրի առաջին միլիոնատեր-մարզիկը և առաջին սինգապուրցի մարզիկը՝ հրապարակված կենսագրությամբ (1994 թվական)։ Ֆանդին համարվում է ազգային լեգենդ[Ն 2]: 1999 թվականին նա «Straits Times» թերթի կողմից կազմված Սինգապուրի հարյուրամյակի 50 մեծագույն մարզիկների ցուցակի մեջ զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[12]։
Մանուկ հասակում Ֆանդին զբաղվում էր ֆուտբոլով և իր ազատ ժամանակի մեծ մասը հենց ֆուտբոլին էր նվիրում։ Ապագա ֆուտբոլիստի ընտանիքը ապրում էր «Վուդբրիջ» հիվանդանոցում։ Այնտեղ նրանք ունեին առանձնացված երկու սենյակ։ Ընտանիքին օգնելու նպատակով Ֆանդին ստիպված է եղել նասի լեմակ վաճառել (բրնձից պատրաստված ուտեստ)[8][13]։ Ֆանդիի հայրը՝ Ահմադ Վարտամը, նախկինում հանդիսացել է Սինգապուրի ազգային հավաքականի դարպասապահը[14]։ Անձամբ Ֆանդին էլ է սկսել իր կարիերան որպես դարպասապահ, սակայն հետո իր ուսուցչի խորհրդով տեղափոխվել է կիսապաշտպանություն[15]։ Երբ նա 12 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, ինչից հետո Ֆանդին սկսում է ապրել հոր, տատի և պապի հետ։ Ֆանդին սովորել է Սերանգուն Գարդենս միջնակարգ դպրոցում, որտեղ էլ սկսել է հանդես գալ տեղի ֆուտբոլային ակումբի կազմում։ Սակայն նրան հեռացնում են այդ ակումբից, քանի որ տղան թերանում էր սովորելու մեջ։ Հետո նա շարունակում է սովորել Սինգապուրի պրոֆեսիոնալ տեխնիկական համալսարանում և ստանում է երրորդ ազգային առևտրական պատվոգիր։ Ֆանդին այդ տարիներին սկսում է հանդես գալ «Կակի Բուկիտ» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս սիրողական ազգային ֆուտբոլային լիգայում։ Հենց այդ ակումբում հանդես գալու տարիներին է նրան նկատում «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սեբաստյան Յանը[16]։
Ֆանդին միանում է «Սինգապուրին» 1979 թվականին և դառնում է ակումբի հիմնական կիսապաշտպաններից մեկը։ Մալայզիայի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստը իր առաջին մրցաշրջանում 4 գոլի հեղինակ է դառնում։ Արշադ Համիսի և Դոլլա Կասիմի թոշակի անցնելուց հետո ակումբի մարզիչն է դառնում Ջիտ Սինգխը, ով որոշում է Ֆանդիին փորձարկել հարձակման գծում։ 1980 թվականի մրցաշրջանի ընթացքում Մալայզիայի գավաթի խաղարկության շրջանակներում Ֆանդին արդեն հեղիանկում է 8 գոլ, որոնց թվում է նշվում նաև գավաթի խաղարկության եզրափակչում կայացած «Սելանգորի» դեմ հեղինակված հաղթական գոլը[17]։ 1980 թվականի սեպտեմբերին Ֆանդին զորակոչվում է բանակ։ Ծառայության մեծ մասի ընթացքում նա զբաղվում էր զինվորական բանակատեղու մաքրությամբ։ Շնորհիվ այն բանի, որ նա կատարում էր իր օրական զինվորական պարտականությունները ժամկետից շուտ, նա ունենում է ազատ ժամանակ, ինչն էլ օգտագործում է «Սինգապուրի» կազմում ելույթները շարունակելով։ 1981 թվականին Ֆանդին օգնում է իր ակումբին դուրս գալ Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, ինչի համար մրցաշրջանի վերջում ճանաչվում է Սինգապուրի տարվա լավագույն ֆուտբոլիստ[14]։ Հաջորդ տարի Սինգապուրը չի մասնակցում Մալայզիայի գավաթի խաղարկությանը՝ քաղաքական խնդիրների պատճառով, իսկ Ֆանդին կրում է մեջքի վիրահատություն. վիրահատությունից հետո նա ունակ չի լինում խաղալ ֆուտբոլ շուրջ վեց շաբաթ և ազատվում է բանակից ժամկետից շուտ[18]։
Ֆանդին «Սելանգորից» հրավեր է ստանում «Բոկա Ջունիորսի» դեմ կայանալիք ընկերական խաղին մասնակցելու նպատակով։ Ֆանդին ընդունում է հրավերը և խաղում հեղինակում է «Սելանգորի» միակ գոլը, սակայն վերջնական հաշվով ակումբը պարտվում է 2-1 հաշվով։ Ֆանդին առաջարկ է ստանում Մալայզիայի առաջնությունում հանդես եկող մի քանի ակումբներից, ինդոնեզական «Միտրա Կուկարից», շվեյցարական «Յանգ Բոյսից» և հոլանդական «Այաքսից»։ «Այաքսում» անցկացրած երեքշաբաթյա փորձաշրջանից հետո ակումբը նրան առաջարկում է եռամյա պայմանագիր[19], սակայն դրա փոխարեն Ֆանդին «Միտրա Կուկարի» հետ մի տարի ժամկետով պայմանագիր է կնքում։ Իր նոր թիմի կազմում Ֆանդին մասնակցում է ընդամենը մեկ մրցաշրջանի, որում օգնում է ակումբին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը և հեղինակած 13 գոլերով դառնալ առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն։ Լոնդոնյան Արսենալի դեմ կայացած ընկերական խաղում Ֆանդին գոլի հեղինակ է դառնում և այդպիսով ավելի է «վստահեցնում» թիմի հաղթանակը (2-0)։ Ֆանդին լքում է «Միտրան» այն պատճառով, որ ֆուտբոլային պաշտոնյաները անսպասելորեն սկսել էին արգելել լեգիոներներին հանդես գալ Մալազիայի առաջնությունում[20]։
1983 թվականին Ֆանդին տեղափոխվում է Նիդերլանդներ և այնտեղ «Գրոնինգենի» հետ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում։ Ընկերական խաղում ստացած ազդրի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը դուրս է մնում թիմի կազմից 10 շաբաթով։ Այնուամենայնիվ, առաջնության շրջանակներում կայացած իր առաջին խաղում Ֆանդիին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ և այդպիսով հաղթանակ պարգևել իր նոր ակումբին՝ «Գոու Ըհիդ Իգլսի» դեմ խաղում։ Երեք օր անց նա մասնակցում է ՈւԵՖԱ Գավաթի խաղարկության երկրորդ փուլի շրջանակներում կայացած իտալական «Ինտերնացիոնալե» դեմ առաջին խաղին և հեղինակում այդ հաղթական խաղի երկրորդ գոլը (2-0)։ Սակայն պատասխան խաղում «Գրոնինգենը» կրում է 5-1 հաշվով պարտություն[21]։ «Գրոնինգենի» երկրպագուները ճանաչում են Ֆանդիին մրցաշրջանի լավագույն և ամենահայտնի ֆուտբոլիստ. մրցաշրջանում մասնակցած 29 խաղերում նա դառնում է 10 գոլի հեղինակ և իր ակումբին օգնում է 9-րդ հորիզոնականից հասնել մինչև 5-րդ (Էրեդիվիզիում)։ Որպես ապրիլի մեկյան կատակ՝ «Straits Times»-ը հերթական համարի առաջին էջում հրապարակում է մի հոդված, ըստ որի՝ Ֆանդին պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» հետ[22]։ Հաջորդ մրցաշրջանում Ֆանդիի մոտ կրկնվում է ազդրի վնասվածքը, և նա թիմի գլխավոր մարզչի հետ մտնում է կոնֆլիկտի մեջ։ Այդ մրցաշրջանում նա մասնակցում է ընդամենը երկու լրիվ խաղի, իսկ մրցաշրջանի ավարտին ակումբը նրան պայամանգրի ժամկետի երկարաձգում չի առաջարկում[23]։ Նիդերլանդներում եղած ժամանակահատվածում Ֆանդին «Գրոնինգենի» կազմում անցկացրած 36 խաղերում դառնում է 11 գոլի հեղինակ[24]։
Ֆանդիի կարիերայի հաջորդ ակումբն է դառնում «Կուալա Լումպուրը», որի հետ ֆուտբոլիստը 1987 թվականին հաղթում է իր առաջին Մալայզիայի գավաթը։ Ակումբը կրկնում է նույն հաղթանակը նաև հաջորդ մրցաշրջանում, իսկ Ֆանդին հեղինակած 21 գոլերի շնորհիվ ստանում է առաջնության ոսկե խաղակոշիկը[25]։ «Կուալա Լումպուրի» կազմում անցկացրած իր երրորդ մրցաշրջանում, Ֆանդին իր ձեռքբերումների շարքին է ավելացնում հերթական հաղթանակը Մալայզիայի գավաթի համար ընթացող պայքարում։ 1990 թվականին ֆուտբոլիստը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքում հունական «ՕՖԻ»-ի հետ։ Սակայն միջազգային տրանսֆերի փաստաթղթի հետ կապված խնդիրները խանգարում են նրան մասնակցել Կրետեում կայանալիք խաղերին, ինչի պատճառով էլ պայմանագրի կնքումից երկու շաբաթ անց նա լքում է Հունաստանը[26]։ Հետո Ֆանդին միանում է «Փախանգին», որտեղ կրկին սկսում է խաղալ որպես կենտրոնական կիսապաշտպան։ Ֆուտբոլիստը վերադանռում է կիսապաշտպանություն այն պատճառով, որ կորցրել էր իր երբեմնի արագությունը[27]։ Ֆանդին ակումբի կազմում բաց է թողնում մի քանի ամիս՝ ստացած ազդրի և կրնկի վնասվածքների պատճառով, սակայն այնուամենայնիվ նա կարողանում է մրցաշրջանի ընթացքում դառնալ երեք գոլի հեղինակ և օգնել «Փախանգին» հաղթել 1992 թվականի Մալայզիայի առաջնությունը և գավաթը[28]։ Այդ տարի նա դառնում է առաջին սինգապուրցի մարզիկը, ում կարիերային աշխատավարձը գերազանցել է միլիոն սինգապուրյան դոլլարը[8]։
Ֆանդին վերադառնում է «Սինգապուր» անմիջապես այն բանից հետո, երբ ակումբը դուրս է թռչում Մալայզիայի բարձրագույն լիգայից։ Այնուամենայնիվ նրանց հաջողվում է վերադառնալ բարձրագույն դիվիզիոն և հասնել մինչև 1993 թվականի Մալայզիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ հաջորդ տարի նրանք «ոսկե դուբլ» են ձևակերպում։ Այդ մրցաշրջանում Ֆանդին ստանում է ավագի թևկապը և «Սինգապուրի» կազմում մասնակցելով 41 կայացած խաղերից 39-ին, հեղինակած 26 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն և ճանաչվում է լավագույնը[29][30]։ Նրան նաև պարգևատրում են Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով[14][31]։ Հաջորդ մրցաշրջանում Սինգապուրը դուրս է թռչում Մալայզիայի գավաթի խաղարկությունից և վերակազմավորվում է, ինչի պատճառն է դառնում Սինգապուրի պրոֆեսիոնալ առաջնության ստեղծումը։ Մրցաշարի առաջին մրցաշրջանում, 1996 թվականին, Ֆանդին ներկայանում էր որպես «Գեյլանգ Ինտերնեշնլի» թիմի ավագ. մրցաշրջանում նա դառնում է 11 գոլի հեղինակ, ինչը իր նշանակությունն է ունենում Սինգապուրի նոր առաջնության առաջին չեմպիոնը դառնալու համար։ 1996 թվականին հունիսին Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան ճանաչում է Ֆանդիին որպես ամսվա լավագույն ֆուտբոլիստ[32][33]։ Գեյլանգը ստանում է հատուկ հնարավորությունուն Ֆանդիին եռակի աշխատավարձ տալու հարցում[13]։ Ֆանդիի կարիերան ավարտվում է «Ուորիորսի» կազմում անցկացրած վերջին երեք մրցաշրջաններով, որոնց ընթացքում նա երկու անգամ դառնում է առաջնության չեմպիոն և գավաթի դափնեկիր։ Վնասվածքների պատճառով Ֆանդին հիմնականում դուրս էր գալիս խաղադաշտ խաղերի վերջնամասերում, սակայն շարունակում էր հեղինակել կարևոր գոլեր։ 1999 թվականին Ֆանդին ավարտում է իր ֆուտբոլիստի կարիերան[34][35]։
Ֆանդին բարեպաշտ մուսուլման է[13], խույս է տալիս սկանդալներից և չունի վատ սովորութություններ[36]։ Հաճախ հասարակության մեջ նա համեստ[10], զգայուն և կարեկից[7] մարդու տպավորություն է թողնում։ 1996 թվականին նա ամուսնանում է հարավաֆրիկացի մոդել՝ Վենդի Յակոբսի հետ։ Նրանք ունեն հինգ երեխա[37]։ Մեծ տղաներից երկուսը զբաղվում են ֆուտբոլով և փորձաշրջան են անցել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ «Արսենալը», «Չելսին» և «Միլանը»[38]։ 1993 թվականին լույս է տեսնում Ֆանդիի կենսագրությունը ներկայացնող գիրքը, որը ստանում է «Ֆանդի Ահմադի պատմությունը» վերնագիրը (անգլ.՝ The Fandi Ahmad Story): Երկու ամսվա ընթացքում վաճառվում է շուրջ 17000 տիպօրինակ. գիրքը թարգմանվում է նաև մալայերեն[39]։
Ֆանդին գովազդել է այնպիսի ապրանքներ ինչպիսիք են՝ Lotto[40] և Royal Sporting House[13] սպորտային հագուստների բրենդները, Uncle Tobys շիլան, Carnation կաթը և Isomax էներգետիկ ըմպելիքը[36]։ 1996 թվականին նա թողարկում է անգլիական և մալայական երգերի ալբոմ և սկիզբ է դնում Meniti Pelangi հեռուսատեսային հաղորդումը, որը պատմում էր մալայական սինգապուրցիների սահմանափակումների մասին[13]։ Երեք տարի անց նա բացում է սեփական ռեստորանը և ավտոսրահը, սակայն երկու տարիների ընթացքում Ֆանդին ստիպված է լինում փակել երկու հիմնարկներն էլ[7]։ Նա եղել է ազգային հակածխախոտային և հակաթմրանյութային ընկերության դեսպաններից մեկը[10][22] և միջոցներ է հավաքել 2004 թվականի ինդոնեզական ցունամիից տուժածների համար[41]։
2014 թվականի հոկտեմբերին Սինգապուրի մադամ Տյուսոյի անվան թանգարանում տեղադրվում է Ֆանդիի մոմե արձանիկը, և նա դառնում է երկրի առաջին մարզիկը, ում վիճակվել էր այդպիսի պատիվ։ Մոմե արձանիկը ներկայացնում է 1994 թվականի Ֆանդիին, ով այդ ժամանակ դեռևս «Սինգապուր» ֆուտբոլային ակումբի թիմի ավագն էր[42]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանդի Ահմադ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի օրվա հոդված: |