Fall in Line, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի սինգլը նրա ութերորդ՝ Liberation ստուդիական ալբոմից։ Ձայնագրվել է երգչուհի Դեմի Լովատոյի մասնակցությամբ։ Երգը յուրօրինակ ֆեմինիստական հիմն է, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գովերգում[1][2][3][4][5][6]։
Քրիստինա Ագիլերայի խոսքերով՝ նա երգը գրել է Time’s Up և Me Too շարժումների հայտնվելուց մի քանի տարի առաջ. «Այս երգն անհրաժեշտ էր լսել», քանի որ Քրիստինան ուզում էր դառնալ այն ձայնը, որը չէր կարողացել դառնալ իր մայրը, «կանանց և բոլոր նրանց պաշտպանը, ում համար դժվար էր ձայն տալ»[7]։ «Fall in Line» երգը դարձել է Ագիլերայի 2003 թվականի «Can’t Hold Us Down» հիթի յուրահատուկ սիքվել և շարունակում է բարձրաձայնել կանանց իրավունքների և հնարավորություների մասին[8][9][10]։ Երգի համար որպես ինտրո թողարկվել է «Dreamers» թրեքը, որտեղ մի խումբ երիտասարդ աղջիկներ ներկայացնում են իրենց նպատակները՝ դառնալ լրագրող, իրենց ձայնը դարձնել լսելի, դառնալ նախագահ և այլն[11]։
«Fall in Line» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 16-ին։ Այդ ժամանակ էլ հրատարակվել է թվային սինգլը[12]։ Քրիստինա Ագիլերան իր թվիթերյան էջում գրել է հետևյալ հաղորագրությունը․ «Բոլորին, ում երբևէ լռեցրել և ճնշել են, ճշմարտությունը որոնողներին, համարձակ մտածողներին․․․ ազատեք ձեր ձայնը և կոտրեք կարծրատիպերը, երբեք մի նահանջեք և երբեք մի հարմարվեք»[13]։
Երգի տեսահոլովակը, որ նկարահանել է Լյուկ Գիլֆորդը, թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին[14]։
Rolling Stone ամսագրում ընդգծվել է երկու երգչուհիների «բացառիկ» վոկալը[15]։ Billboard ամսագրում երգը բնութագրվել է որպես «վեհ, ուժ տվող հիմն»[16]։ Refinery29 պարբերականը նշել է, որ «Fall in Line» թրեքում Ագիլերայի «Beautiful»-ը հանդիպում է Լովատոյի«Sorry Not Sorry»-ին, և երկու երգչուհիներից ոչ մեկն այլևս չի պատրաստվում ներողություն խնդրել[17]։