Magazine | |
---|---|
Magazine (2011) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Միացյալ թագավորություն |
Ժանրեր | պոստ փանկ արտ ռոք արտ փանկ նոր ալիք |
Գործունեություն | 1977 |
Լեյբլ | EMI, Virgin, I.R.S. |
Կայք | www.shotbybothsides.com |
Նախկին անդամներ | |
Հովարդ Դևոտո Ջոն Մաքգիոհ Բարրի Ադամսոն Բոբ Դիկինսոն Մարտին Ջեքսոն |
Magazine, բրիտանական ռոք խումբ, որը ստեղծվել է 1977 թվականին Մանչեստրում, Անգլիայում, երբ Հովարդ Դևոտոն հեռացավ Buzzcocks-ից և համարվեց նոր ալիքի ամենանորարարներից և ամենաազդեցիկներից մեկը։ Magazine-ը թողարկել է չորս ստուդիական ալբոմ և չի ունեցել ցնցող կոմերցիոն հաջողություն, բայց, միավորելով փանկ-ը և արտ–ռոքը էքսպերիմենտալ ռոքի տարրերի հետ, սկիզբ է դրել երաժշտական զարգացման նոր՝ պոստ փանկային ճյուղին[1]։ «Shot By Both Sides» խմբի դեբյուտային սինգլը շատ մասնագետներ դասական են անվանում[2][3][4][5][6]։ Real Life–ի դեբյուտային ալբոմն ընդգրկվել է «1000 Albums To Hear Before You Die»–ի ցուցակում[7][8][9]։
Մանչեստրում Հովարդ Դևոտոն Magazine–ը ստեղծել է այն բանից հետո, երբ 1977 թվականի սկզբին հեռացել է Buzzcocks-ից։ Նույն թվականի ապրիլին նա ծանոթացել է կիթառահար Ջոն Մաքգիոհի հետ, որը սովորում էր որպես նկարիչ։ Այդ ժամանակ նրանք սկսել են գրել առաջին երգերը, որոնք հետագայում մտան Magazine–ի դեբյուտային ալբոմի մեջ[10]։ Ինչպես նաև որպես բաս-կիթառահար խումբ են հրավիրվել Բարրի Ադամսոնը, Բոբ Դիկինսոնը՝ որպես դաշնակահար և Մարտին Ջեքսոնը՝ The Freshies փանկ-խմբի նախկին անդամը՝ որպես թմբկահար։ Magazine-ը Virgin Records–ի հետ պայմանագիր կնքելուց հետո 1977 թվականի հոկտեմբերի 21-ին Մանչեստրում իր առաջին համերգն է տվել։ Դիկինսոնը, լինելով «Motorcade» կոմպոզիցիայի համահեղինակ, նույն տարվա վերջին լքել է կոլեկտիվը՝ խմբի հետ տալով ևս մի քանի համերգ։
1978 թվականի սկզբին խումբը թողարկել է իր դեբյուտային «Shot by Both Sides» սինգլը (կոմպոզիցիան գրվել է Հովարդ Դևոտոյի և Փիթեր Շելլիի կողմից), որը ձայնագրվել է չորս հոգիանոց խմբի կողմից և նվագակցել կիթառով, բաս-կիթառով և հարվածայինով, ինչը նրան նմանեցնում էր փանկ ռոքի հնչողությանը։ Սինգլը Բրիտանիայում բարձրացել է մինչև 41-րդ հորիզոնականը[11]։ Սինգլի թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացել է Դեյվ Ֆորմուլան, որը մինչ այդ նվագում էր 60-ականների քիչ հայտնի կոլեկտիվի հետ (St. Louis Union), և զբաղեցրել է հեռացած Դիկինսոնի տեղը։ Խումբը, որի կազմում պաշտոնապես ընդգրկվել է Ֆորմուլան, առաջին անգամ ելույթ է ունեցել 1978 թվականի փետրվարին հեռուստատեսությամբ՝ կատարելով «Shot by Both Sides» երգը Top Of The Pops հաղորդման ժամանակ։
1978 թվականին թողարկվել է խմբի Real Life դեբյուտային ալբոմը, որն իր մեջ պարունակում էր գլեմի ազդեցություն (Դեյվիդ Բոուի, Roxy Music, Իգի Փոփ)։ Ալբոմը բրիտանական հիթ-շքերթներում հասել է 29-րդ հորիզոնականին[11]։ Ալբոմի աջակցման շրջագայության ժամանակ («Touch and Go» երկրորդ սինգլի թողարկումից հետո) Ջեքսոնը խումբը լքել է 1978 թվականի հուլիսի վերջին։ Նրա տեղը ժամանակավորապես զբաղեցրել Է Փոլ Սփենսերը, որը խմբի հետ ելույթ է ունեցել եվրոպական համերգներում և մի քանի հեռուստատեսային ելույթներում, ներառյալ The Old Grey Whistle Test-ը, որտեղ նրանք կատարել են «Definitive Gaze»–ը։ Սփենսերը մասնակիորեն դուրս է եկել կազմից, ինչպես նաև համերգային շրջագայության ժամանակ, շուտով դառնալով The Speedometors խմբի անդամ, և փոխարինվել է հոկտեմբերին Ջոն Դոյլի կողմից, ով խմբի հետ ավարտել է համերգային շրջագայությունը և միացել խմբին[12]։
Secondhand Daylight երկրորդ ալբոմը (# 38 UK)[11] դեբյուտային ալբոմից տարբերվում էր ավելի հարթեցված, սառը հնչողությամբ և գործիքավորումներում ստեղների գերակշռությամբ։ Այդ ժամանակ Magazine-ը վարում էր արդեն «կիսաթափանցիկ» ապրելակերպ․ Մաքգիոհը խաղում էր Siouxsie and the Banshees-ում և միաժամանակ Visage տրիոում, որի մասնակիցներն էին նաև Ադամսոնը և Ֆորմուլան[1]։ Տրիոն երաժիշտների հետ միասին ձայնագրել է «Tar» սինգլը[13]։
Երրորդ՝ The Correct Use Of Soap ալբոմը, ըստ Trouser Press-ի, բոլորին թվաց «վերադարձ կյանքին». այն լի է էներգիայով, կենսուրախ է քնարերգության մեջ և «ապշեցնում է ռիթմիկ նկարի հարստությամբ (ինչը հատկապես զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ ստուդիայում խմբի հետ աշխատել է պրոդյուսեր Մարտին Հենեթը, որը ձայնագրել է Joy Division-ի լավագույն աշխատանքները»)[14]։ Թողարկումից կարճ ժամանակ անց Մաքգիոհը որոշում է կայացրել լքել խումբը՝ պատճառաբանելով խմբի ձայնագրությունների ցածր վաճառքով և կիթառի վրա հիմնված երգերի բացակայությամբ։ Շուտով Մաքգիոհը միացավ Siouxsie and the Banshees խմբին։ «Sweetheart Contract» (# 54[15]) սինգլի թողարկումից հետո Մաքգիոհի տեղը զբաղեցրել է Ultravox-ի մասնակից Ռոբին Սայմոնը[16]։ Այս կազմով խումբը շրջագայել է Եվրոպայում և Ավստրալիայում՝ ձայնագրելով իր միակ Play համերգային ալբոմը։ Սայմոնը մասնակցել է խմբի սկզբնական ձայնագրություններին և փորձերին հաջորդ՝ թվով չորրորդ ալբոմի վրա (ներառյալ «So Lucky» երգի համահեղինակությունը), սակայն խումբը լքել է դրա թողարկումից շատ առաջ՝ Ջոն Ֆոքսի The Garden անհատական ալբոմի վրա աշխատելու համար։
Կրկին առանց կիթառահար, Դևոտոն ձայնագրության է ներգրավել քոլեջի ընկերոջը՝ Բոբ Մենդելսոնին (Amazorblades խմբի կիթառահար)։ Այդ կազմով 1981 թվականին խումբն ավարտել է իր չորրորդ՝ Magic, Murder and the Weather ալբոմի ձայնագրությունը։ Հովարդ Դևոտոն հեռացել է խմբից ալբոմի թողարկումից մեկ ամիս առաջ՝ նույն տարվա մայիսին, թողնելով մնացած մասնակիցներին որոշում կայացնել խմբի ապագայի և հնարավոր փլուզման մասին[17]։ Ալբոմի թողարկումից հետո խումբը հայտարարել է կազմալուծման մասին[18]։ Մեկ տարի անց թողարկվել է After the Fact ալբոմ-ժողովածուն։
Ադամսոնը շարունակել է աշխատանքը Visage-ի հետ, ինչպես նաև սկսել է համագործակցել The Birthday Party-ի և Փիտեր Շելլիի հետ, Ֆորմուլան դարձել է Visage-ի անդամ և միացել Ludus-ի խմբին, Մենդելսոնը միացել է The Mekons-ին[19], իսկ Դոյլը, Մաքգիոհի հետ միասին, մինչև 1983 թվականը, մտել է The Armoury Show խմբի կազմի մեջ։ 1988 թվականին, սոլո աշխատանքների ձայնագրությունից հետո, Դևոտոն լիվերպուլցի երաժիշտ էքսցենտրիկ Noko-ի հետ ստեղծել է Luxuria նախագիծը[20], որը թողարկել է երկու ալբոմ[14]։ Luxuria-ից հետո նա նախընտրեց լուսանկարչությունը՝ դառնալով արխիվարիուս ֆոտո-գործակալությունում[21]։ 2002 թվականին Դևոտոն Փիթեր Շելլիի հետ միասին ձայնագրել է Buzzkunst ալբոմը (այն թողարկելով ShelleyDevoto ցուցանակի տակ[22])։
2008 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ Հովարդ Դևոտոն և Magazine-ը կմիավորվեն, որպեսզի հինգ համերգային ելույթներ ունենան հաջորդ տարվա փետրվարին։ Դևոտոյին, Ֆորմուլային, Ադամսոնին և Դոյլլին 2008 թվականի նոյեմբերին միացավ Դևոտոյի գործընկեր Noko–ն, որը փոխարինեց 2004 թվականին մահացած Ջոն Մաքգիոհին[23]։
Տոմսերի վաճառքը ցույց է տվել լայն պահանջարկը[24][25][26], ինչի հետևանքով կոլեկտիվը սկսել է նվագել բրիտանական և արտասահմանյան փառատոններում։ Magazine-ի եզակի ելույթները վերածվել են «The Soap Show» համերգային ծրագրի, որը կատարվել է Մանչեստրի, Էդինբուրգի և Լոնդոնի հարթակներում։ Սկզբում խումբը կատարում էր Correct Use of Soap ամբողջ ալբոմը, հետո կատարում էր խմբի մյուս երգերից կազմված սեթ-թերթիկը։
2010 թվականի հունվարին Noko-ն պաշտոնապես մտել է խմբի կազմի մեջ՝ դառնալով խմբի լիարժեք անդամ։ Այդ ժամանակ խումբը սկսել է աշխատել նոր նյութի վրա։ Նոյեմբերին Բարրի Ադամսոնը լքել է խումբը, որպեսզի կենտրոնանա իր մենահամերգների վրա։ Ժոն Ուայթը Ադամսոնին փոխարինել է խմբի նոր ալբոմի վրա աշխատելիս։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին խումբը թողարկել է Wire Sound լեյբլի իր հինգերորդ No Thyself ալբոմը։
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)
|