Ալեքսեյ Ուչիտել | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0879783 |
Ալեքսեյ Եֆիմովիչ Ուչիտել (ռուս.՝ Алексей Ефимович Учитель, օգոստոսի 31, 1951[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[3], «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար։
Ալեքսեյ Ուչիտելը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Լենինգրադում, հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Եֆիմ Ուչիտելը։
1975 թվականին Ալեքսեյ Ուչիտելն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, աշխատել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։
1990 թվականին Ալեքսեյ Ուչիտելը հիմնադրել է «Ռոք» (ռուս.՝ «Рок») կինոստուդիան։ Ալեքսեյ Ուչիտելի՝ որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի դեբյուտը եղել է «Ժիզելի մոլուցքը» (ռուս.՝ «Мания Жизели») ֆիլմը, որ էկրան է բարձրացել 1995 թվականին։ 2000 թվականին ռեժիսորը «Նրա կնոջ օրագիրը» (ռուս.՝ «Дневник его жены») ֆիլմի համար արժանացել է «Նիկա» մրցանակի, «Կինոտավրի» գրան պրիի ու ներկայացվել «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի։
2002 թվականին Ալեքսեյ Ուչիտելին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում[3]։
«Տիեզերքը որպես նախազգացում» (ռուս.՝ «Космос как предчувствие») ֆիլմի համար Ալեքսեյ Ուչիտելը 2005 թվականին արժանացել է Մոսկվայի XXVII միջազգային կինոփառատոնի «Ոսկե Սուրբ Գեորգի» մրցանակի և «Ոսկե արծիվ» մրցանակի ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։
2010 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վավերագրական, կարճամետրաժ խաղարկային ու անիմացիոն կինոյի «Ուղերձ Մարդուն» («Message to Man») միջազգային կինոփառատոնի նախագահ։
Ալեքսեյ Ուչիտելը Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի նախագահության անդամ է։
2014 թվականի մարտի 11-ին Ալեքսեյ Ուչիտելն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների ուղերձն ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ու Ղրիմում իրականացրած քաղաքականության[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուչիտել» հոդվածին։ |
|