Ակունք (Կոտայքի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ՀամայնքԿոտայքի մարզ և Աբովյանի շրջան
Հիմնադրված է1829 թ.
Մակերես23,7 կմ²
ԲԾՄ1400±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1876 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ակունք (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Ակունք (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Ակունք (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)##
Ակունք (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)

Ակունք, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, Հատիս լեռան հարավային ստորոտին` Նոր Գյուղ և Զառ գյուղերի միջակայքում, Քառասունակն աղբյուրների մոտ, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք, Աբովյան քաղաքից 5 կմ արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 1445-1488 մ։

Ակունքը հայտնի է ոչ միայն այս գյուղի, այլև ողջ գավառի, իսկ մեր ժամանակներում նաև քաղաքամայր Երևանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղամերձ աղբյուրներով. «...մերձ յայս գիւղ բղխին աղբերակունքն ջրոյ այսր գաւառի»[2]։

Կոտեից գավառի այն գյուղերից է, որ բազում դարեր զուտ հայաբնակ լինելով` 1604 թ. շահաբասյան բռնագաղթից հետո  որոշ ժամանակ մնում են ամայի և պատմական անունը մոռացության մատնում։ Խանական տիրապետության շրջանում ստանում է օտարոտի` Բաշգյուղ անվանումը, որն էլ 1946 թ. վերանվանվում է Ակունք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի շատ ավելի վաղ ժամանակներից բնակեցված լինելու հանգամանքը վկայում են տեղում պահպանված և առնվազն մինչև վաղ միջնադար հասնող նյութական մշակույթի հուշարձանները։

Նախնիների հիմնական մասը 1820-ական թթ. Պարսկահայաստանից (Սալմաստ, Խոյ), ինչպես նաև Մեծ Եղեռնից հետո Վանի նահանգից փրկվածների շառավիղներ են։

Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 9 827 1048 985 932 1190 1392 1725 1914 1876[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և պտղաբուծությամբ։

Գյուղն ունի ջրերի շշալցման գործարան։

1884 թ. գյուղում գործում էր դպրոցը[5]։ 1885 թ. փակվում է Ցարական իշխանությունների հրահանգով և 1889 թ. փետրվարի 1-ին ստացվում է վերաբացելու մասին կաթողիկոսական կոնդակ[6]։ Թերևս նյութական դժվարություններից ելնելով և հակառակ ձեռք բերված թույլտվության, այնուամենայնիվ, մինչև 1896 թ. դպրոցը չէր գործում, իսկ դրանից հետո էլ չէր կարող գործել` կառավարության հրահանգով հայկական դպրոցների գործունեությունը կասեցված (1896-1905 թթ.) լինելու պատճառով։ 1905 թ․. դպրոցը վերաբացվում է, սակայն, մինչև 1910 թ., ըստ էության, չի կարողանում կանոնավոր հունի մեջ մտնել։ 1910 թ.-ից դրությունը փոխվում է, որն էլ  համարվում է դպրոցի վերաբացման տարի։

1910/1911 ուստարում դասատվությունն ընթանում էր երկու սենյակից բաղկացած հատուկ դպրոցի համար կառուցված սեփական շենքում։

Դպրոցը երկամյա էր, երկսեռ, ուներ 1 ուսուցիչ և 45 սան (44 ար. և 1 իգ.)[7]: 1911 թ. երկսեռ դպրոցն ուներ 1 ուսուցիչ, 45 աշակերտ (40 ար., 5 իգ.)[8]:

1912/13 ուստարում հիշվում է որպես 3 բաժանմունքով, 1 ուսուցչով, 60 աշակերտով (53 ար. և 7 իգ.)  երկսեռ դպրոց[9]։

1913-14 ուստարում ուներ 68 սան, որից միայն 3-ը` աղջիկ[10]։

1914 թ. գործում է եռամյա դասընթացով, մեկ ուսուցչով, դասասենյակի համատեղելիության համեմատ ավելի շատ` 60-70 աշակերտով։

Դպրոցի տարեկան բյուջեն գոյանում է Կովկասի հայոց բարեգործական միությունից փոխանցվող 200 ռուբլի նպաստով և աշակերտական թոշակադրամով, որը միասին կազմում էր 422 ռուբլի[11]։

1918 թ. դպրոցն ուներ 88 սան և 2 ուսուցիչ, նույնքան ուսուցիչ է ունեցել նաև 1919 թ.[12]:

Դպրոցի ուսուցիչն էր Գրիգոր Բալասանյանը։ Դպրոցի հոգաբարձուներն էին Բարսեղ Հարությունյանը, Բարսեղ Ստեփանյանը և Արշակ Մկրտչյան։

Խորհրդային տարիներից մինչ այժմ գյուղում գործում է միջնակարգ դպրոց։

Ի դեպ, այն գավառում առաջիններից էր, որ արդեն 1911/12 ուստարում ուներ 150 կտոր գիրք պարունակող գրադարան[13] և գրքերի թիվը 1912/13 թվականներին հասնում էր 128-ի[14]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքն ունի Սբ. Կարապետ (Սբ. Աստվածածին 1855 թ.) եկեղեցի։ Գյուղի հյուսիսային մասում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցու ավերակները, իսկ Շամիրամ լեռան հարավային ստորոտում պահպանվել են Սբ. Պողոս-Պետրոս մատուռի ավերակները (1551 թ.), ինչպես նաև կիկլոպյան ամրոցը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի, հատոր Բ, Ս. Էջմիածին, 1842, էջ 161.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 10-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82։.
  6. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82։ Ի դեպ, ըստ մեկ այլ հաղորդման (՛՛Արձագանք", 1890, N 3, էջ 6), կոնդակում նշվել է. "...իրաւունք է շնորհել բանալ միդասեան տղայոց ուսումնարաններ ... Երևանի թեմի Բաշ գիւղում":.
  7. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 7, ց. 1, գ. 156, թ. 11 շրջ.-12:.
  8. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 56, ց. 12, գ. 65, թ. 4 շրջ.:.
  9. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 56, ց. 15, գ. 606, թ. 5-6: Ուսուցիչն էր Գրիգոր Բալասանյանը (թ. 5):.
  10. Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 82։.
  11. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 390, թ. 40:.
  12. Վավերագրեր հայ եկեղեցու պատմության, գիրք Ե, Երևան, 1999, էջ 77, 111։.
  13. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 510, թ. 11:.
  14. ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան), ֆ. 48, ց. 1, գ. 510, թ. 6:.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակունք (Կոտայքի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 235