Աննա Ռոսա Տորներո իսպ.՝ Ana Rosa Tornero | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1907 |
Ծննդավայր | Բոլիվիա |
Մահացել է | փետրվարի 27, 1984 |
Մահվան վայր | Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան և ուսուցչուհի |
Աննա Ռոսա Տորներո (իսպ.՝ Ana Rosa Tornero, 1907, Բոլիվիա - փետրվարի 27, 1984, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[1]), բոլիվիացի գրող, լրագրող, ուսուցիչ, սոցիալական բարեփոխիչ և ֆեմինիստ, Բոլիվիայի առաջին ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրներից։ Բոլիվիայում հրատարակել է առաջին ֆեմինիստական ամսագիրը։
Աննա Ռոսա Տորներոն ծնվել է 1907 թվականին, Բոլիվիայում[1]։ 1920-ական թվականների սկզբից ղեկավարել է Կոչաբամբայի և Լա Պասի դպրոցները, եղել գրականության և փիլիսոփայության ուսուցիչ[2]։ Միաժամանակ եղել է El Norte թերթի խմբագիրը, հետագայում նաև՝ El Diario de La Paz թերթի խմբագիրը[3]։ 1922 թվականի օգոստոսին Աննա Ռոսա Տորներոն Լա Պասում հրատարակել է Ideal Femenino առաջին ֆեմինիստական ամսագիրը[4]։ 1920-ական թվականներին ամուսնացել է Ռոբերտո Բիլբաո լա Վիեխայի հետ։ Նրանք ունեցել են որդի՝ Ռոբերտոն, որը նույնպես եղել է ուսուցիչ[5]։
1923 թվականին Մարիա Սանչես Բաստամանտեն Բոլիվիայում կազմավորել է առաջին ֆեմինիստական El Ateneo Femenino խումբը` քաղաքացիական և քաղաքական հավասարության հասնելու, ինչպես նաև իրենց գեղարվեստական աճի համար։ Խմբի անդամները արվեստագետներ, լրագրողներ, ուսուցիչներ և գրողներ էին, այդ թվում՝ Լետիսիա Անտեսանա դե Ալբերտին, Էլվիրա Բենգուրիան, Ֆիդելիա Կոռալ դե Սանչեսը, Մարինա Լիխերոն (որը հետագայում ամուսնացել է Բետաչինիի հետ), Խուլիա Ռեյես Օրտիս դե Կանյեդոն, Էմա Ալինա Պալֆրեյը, Էմմա Պերես դե Կարվախալը, Մարիա Խոսեֆա Սաավեդրան, Անա Ռոսա Տորներո դե Բիլբաո լա Վիեխան, Անա Ռոսա Վասկեսը և Էտելվինա Վիլանուևա Սաավեդրան։ Նրանք ստեղծեցին իրենց սեփական "Eco Femenino" ամսագիրը։ Ստեղծման օրվանից Տորներոն վարել է տպագիր գրական նյութերի և ֆեմինիզմի վերաբերյալ հոդվածները[6]։
1920-ականներին մի խումբ մտավորականներ ստեղծեցին La Brasa կոչվող խումբը՝ ուսումնասիրելու ամերիկանիզմի հայեցակարգը։ Այն ի սկզբանե ձևավորվեց Արգենտինայի Սանտիագո դել Էստերո քաղաքում։ Տորներոն Ամերիկայի ժողովրդական հեղափոխական դաշինքի (APRA) անդամ էր, որը նմանատիպ նպատակներ ուներ և կենտրոնացած էր հողային բարեփոխումների, բնիկների իրավունքների և մշակութային պահպանման վրա։ La Brasa խմբի անդամները Տորներոյին 1928 թվականին հրավիրեցին Սանտիագո դել Էստերո և Լա Բանդա քաղաքներ՝ մասնակցելու գրական ընթերցումների[7]։ 1929 թվականին El Ateneo Femenino խումբը Լա Պասում կազմակերպեց առաջին ֆեմինիստական կոնգրեսը[6]։ Տորներոն Կոնգրեսի առաջնորդներից մեկն էր։ Հանդիպման վերջում ընդունված օրակարգը վերաբերում էր քաղաքացիական, տնտեսական և քաղաքական ազատականացմանը, մասնավորապես` անձը հաստատող փաստաթուղթ ունենալուն, գույքի տնօրինմանը, ծնողների հավասարությանն ու գրագետ կանանց քվեարկելու իրավունքին[8]։
1930-ականների սկզբին Տորներոն նշանակալից դերակատարություն ունեցավ «Չակո» պատերազմի ժամանակ Radio Illimani միջոցով նվիրատվություններ խնդրելու գործում, ինչպես նաև հանդիսացավ Բոլիվիայի Կարմիր խաչի կամավոր[9]։ Այդ շրջանում նա ներգրավվեց կինոասպարեզում՝ Լուիս Պիսառոսո Կուենկայի հետ նկարահանվելով ռեժիսոր Խոսե Մարիա Վելասկո Մայդանայի Wara Wara (1930) ֆիլմում։ Ateneo de la Juventud թատերական խմբի երկու աստղերի միջև համբույրի տեսարանի նկարահանումից հետո Տորներոն հրաժարվեց նկարահանվել ֆիլմում։ Վախենալով, որ ֆիլմը վնաս կհասցնի իր հեղինակությանը, նա թողեց այն և ռեժիսորին ստիպեց նոր դերակատար գտնել։ Հետագայում ֆիլմի գլխավոր դերում նկարահանվեց Խուանիտա Տաիլանսիերին[10]։
1947 թվականին Տորներոն մասնակցել է Գվատեմալայում կազմակերպված Կանանց առաջին միջազգային համաժողովին[11], որի նպատակն էր կանանց հնարավորություն ընձեռել խոսելու միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ խաղաղության, քաղաքական հավասարության և մարդկային բարեկեցության անվտանգության մասին[12]։ Տորներոն ղեկավարել է համաժողովի երրորդ կոմիտեն[11], որի ուշադրության կենտրոնում են եղել մարդու իրավունքների, այդ թվում` տնտեսական անվտանգության, կրթության, առողջապահության և խոսքի ազատության հարցերը[13]։
Տորներոն մահացել է 1984 թվականի փետրվարի 27-ին, Ալբուկերկեում[4][14]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)