Ապոլինարի Վասնեցով Аполлинарий Васнецов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 25 (օգոստոսի 6), 1856 |
Ծննդավայր | Ռյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 23, 1933[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և հայրենագետ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Vladimir Denissov? |
Զավակներ | Վսևոլոդ Վասնեցով |
![]() |
Ապոլինարի Միխայլովիչ Վասնեցով (ռուս.՝ Аполлинарий Михайлович Васнецов, հուլիսի 25 (օգոստոսի 6), 1856, Ռյաբովո, Վյատկա, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հունվարի 23, 1933[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ, արվեստագետ, Վիկտոր Վասնեցովի եղբայրը։
Ապոլինարի Վասնեցովը ծնվել է 1856 թվականի հուլիսի 25-ին (օգոստոսի 6-ին) Վյատկա քաղաքի մոտ գտնվող Ռյաբովո գյուղում (ներկայում՝ Կիրովի մարզում)՝ վանականի բազմազավակ ընտանիքում։
Տասներեք տարեկան հասակում Ապոլինարի Վասնեցովը զրկվել է ծնողներից։ Տաղանդավոր պատանին նկարչական կանոնավոր կրթություն չի ստացել։ Վյատկայի հոգևոր ուսումնարանում սովորելու տարիներին դասեր է առել լեհ նկարիչ Միխալ Էլվիրո Անդրիոլիի մոտ, ով աքսորված էր Վյատկա։
![]() |
Վասնեցովն Անդրիոլիին այցելում էր ամեն կիրակի և իր հետ բերում էր տանն արված նկարները՝ ներկայացնելու նկարչի գնահատականին, ինչպես նաև նրա մոտ բնօրինակից նկարում էր պատուհանից երևող տեսարան կամ կրկնօրինակում էր շվեյցարացի նկարիչ Ալեքսանդր Կալամի լեռնային ու անտառային բնապատկերները[4]։ | ![]() |
1872 թվականին Ապոլինարի Վասնեցովն ավարտել է Վյատկայի հոգևոր ուսումնարանն ու ավագ եղբոր՝ Վիկտոր Վասնեցովի պնդմամբ տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ապրել է 1872-1875 թվականներին։ Գեղանկարչություն է սովորել Վիկտոր Վասնեցովի, ինչպես նաև այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Վասիլի Պոլենովը, Իլյա Ռեպինը, Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Մաքսիմովը։
1875 թվականին Ապոլինարի Վասնեցովը հրաժարվել է Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մտքից և քննություն է հանձնել ժողովրդական ուսուցչի կոչում ստանալու համար, ինչից հետո գնացել է աշխատելու Օռլովի նահանգի Բիստրիցա գյուղում։ Սակայն կարճ ժամանակ անց նա հիասթափվել է նարոդնիկական գաղափարներից և 1878 թվականին վերադարձել Մոսկվա՝ եղբոր մոտ, ու այդ ժամանակից ի վեր զբաղվել է միայն արվեստով։
1882 թվականից Ապոլինարի Վասնեցովն ամեն տարի ամառն անցկացրել է Ախտիրկա գյուղում՝ եղբոր ամառանոցում, որ գտնվում էր Սավվա Մամոնտովի կալվածքի՝ Աբրամցևոյի մոտ։ Շատ է շփվել Աբրամցևոյի նկարիչների խմբակի անդամների հետ։
1883 թվականից Ապոլինարի Վասնեցովն իր աշխատանքները ցուցադրում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներում։ 1885-1886 թվականներին ճանապարհորդել է Ռուսական կայսրության տարածքում, այցելել Ուկրաինա և Ղրիմ։ 1898 թվականին եղել է Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում։
1900 թվականին Ապոլինարի Վասնեցովը դարձել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։ 1903 թվականին մասնակցել է Ռուս նկարիչների միության կազմակերպմանը։
1901-1918 թվականներին ղեկավարել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի բնանկարի դասարանը։ 1918 թվականից գլխավորել է Հին Մոսկվայի ուսումնասիրման հանձնաժողովը և հնագիտական հետազոտություններ է անցկացրել քաղաքի կենտրոնական հատվածում։
1931 թվականին Ապոլինարի Վասնեցովը եղել է այն միակ նկարիչը, որ հրապարակայնորեն հանդես է եկել Քրիստոս Փրկիչ տաճարի քանդման դեմ՝ նամակ տպագրելով «Իզվեստիա» լրագրում[5]։
Ապոլինարի Վասնեցովը մահացել է 1933 թվականի հունվարի 23-ին Մոսկվայում, թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[6]։
![]() | Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլինարի Վասնեցով» հոդվածին։ |
|