Արմեն Ալբերտ Ալչյան անգլ.՝ Armen Albert Alchian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1914[1] |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 19, 2013[2] (98 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Արմեն Ալբերտ Ալչյան (անգլ.՝ Armen Albert Alchian, ապրիլի 12, 1914[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 19, 2013[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի նշանավոր տնտեսագետ, որն ապրել և աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Արմեն Ալչյանը ծնվել է 1914 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Նրա ծնողները հայ են եղել։ Հայրը` Ալեքս Ալչյանը, ԱՄՆ է տեղափոխվել 1901 թվականին՝ 16 տարեկանում։ Իսկ մայրը՝ Լիլի Նորմարտը, ինչպես գրում է ամերիկյան հանրահայտ «Լոս Անջելես Թայմս» պարբերականը, եղել է Ֆրեզնոյում ծնված առաջին հայ երեխան, իսկ ծնվել է նա 1889 թվականին։
Ա․ Ալչյանը կրթություն է ստացել է նախ Ֆրեզնոյի ավագ դպրոցում, հետո՝ Սթենֆորդի պետական համալսարանում։ Այստեղ նա 1936 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1944-ին՝ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։
1940 և 1941 թվականները նա անցկացրել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (NBER) և Հարվարդի համալսարանում (Harvard University), իսկ 1942-ին՝ Օրեգոն նահանգի համալսարանում (University of Oregon) աշխատել է որպես դասախոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, մասնավորապես՝ 1942-1946 թվականներին, Ա. Ալչյանը ԱՄՆ ռազմաօդային ուժերում եղել է որպես վիճակագրական վերլուծաբան։
1946 թվականին Ա․ Ալչյանը միացել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (University of California, Los Angeles) տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսական կազմին և իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է այստեղ՝ արժանանալով մի շարք պարգևների և մրցանակների։ Իր կարիերայի ընթացքում Ա․ Ալչյանը միշտ համագործակցել է «Rand Corporation» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ, որը զբաղվում է ԱՄՆ-ի անվտանգության և հանրային բարեկեցության խնդիրներով։
1996 թվականին 82-ամյա Ա․ Ալչյանը Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի (American Economic Association) կողմից ընտրվել է որպես պատվավոր գործիչ, և նրա անունով է կոչվել Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնը։ Նա համարվում էր համալսարանի լեգենդար դասախոս։ Իսկ 2000 թվականին դարձել է Ադամ Սմիթի մրցանակի դափնեկիր (The Adam Smith Award)։ Սա էր պատճառը, որ գործընկերները նրան անվանում էին հայկական Ադամ Սմիթ։ Հայկական Ադամ Սմիթը թոշակի է անցել 1984-ին։
Ա․ Ալչյանի անունը մի քանի անգամ հայտնվել է Նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում, բայց նրան այդպես էլ այս մրցանակը չի շնորհվել։ Նոբելյան մրցանակի է արժանացել անգամ Ալչյանի ուսանողներից մեկը՝ Ուիլյամ Ֆ․ Շարպը (William F. Sharpe), 1990 թվականին։
Ա. Ալչյանը նպաստել է տնտեսագիտական մտքի մի քանի դպրոցների հիմնադրմանն ու զարգացմանը։ Նրա աշխատությունները անջնջելի հետք են թողել ծախսերի տեսության, սեփականության իրավունքի տեսության, ֆիրմայի տեսության, շուկայի կառուցվածքի, ինֆլյացիայի ու գործազրկության տնտեսագիտական վերլուծության և այլ բնագավառներում։ Սեփականության իրավունքի և տրանսակցիոն ծախսերի մասին աշխատություններով Ա. Ալչյանը մեծ ներդրում է ունեցել ինստիտուցիոնալ տնտեսագիտության զարգացման գործում։
Ա․ Ալչյանի ուսանողները, գործընկերներն ու հետևորդները նրան ճանաչում են որպես UCLA-ի (University of California, Los Angeles) տնտեսական ավանդույթների հիմնադիր։ Ուսանողների սերունդներ են կրթվել «Համալսարանական տնտեսագիտություն» դասագրքով, որի համահեղինակն է Ալչյանը։ Նա հանդիսանում էր նաև Չիկագոյի տնտեսագիտական դպրոցի (Chicago school of economics) ներկայացուցիչ։ Նրան ընդունել և ընդունում են որպես միկրոէկոնոմիկայի և հատկապես՝ գնային տեսության 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն տեսաբաններից մեկը։
Ուիլյամ Ալենի (William Allen) հետ Ա. Ալչյանը տնտեսագիտության բնագավառում կարևոր «Փոխանակություն և արտադրություն» աշխատության համահեղինակն է։ Այս աշխատությունն իր բովանդակությամբ և կառուցվածքով արմատապես տարբերվում է ամերիկյան տնտեսագիտական տեքստերից, որոնք գրվել են 20-րդ դարի երկրորդ կեսին։
1950 թվականին Ա. Ալչյանը հրապարակել է իր «Անորոշությունը, էվոլյուցիան և տնտեսագիտության տեսությունը» հոդվածը, որն իր կարևորությամբ հայազգի տնտեսագետին բերել է միջազգային ճանաչում։
|