Գյուղ | ||
---|---|---|
Արփենի | ||
Արփենիի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ղուկասյանի շրջան | |
Այլ անվանումներ | Փալութլի | |
Մակերես | 19.8 կմ² | |
ԲԾՄ | 1920 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 399[1] մարդ (01.01.2014) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Տեղաբնականուն | փալութլեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245 | |
| ||
Արփենի (նախկին անվանումը՝ Փալութլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք։ Արփենի է վերանվանվել 1978 թվականին[2]։
Արփենի գյուղի մոտակա գյուղերն են Թորոսգյուղը և Փոքրաշենը (Փոքր Քեթի)։ Գյուղը գտնվում է հիմնականում 1900-1970 մ բարձրությունների վրա։ Ոչ պաշտոնապես բաժանվում է Նոր և Հին Արփենիների։ Նոր Արփենին կառուցվել է 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո՝ արտասահմանցի շինարարների կողմից։
Գյուղի մոտակայքում գտնվում է Բերդ լեռնագագաթը (այս անունը օգտագործվում է տեղացիների կողմից), որը համարվում է սուրբ լեռ։ Այն մոտ 2255 մ[Ն 1] բարձրություն ունի և լեռան տափարակ գագաթային հատվածում կա աղոթատեղի։ Լեռնագագաթը ԽՍՀՄ օրոք կոչվել է Շիշթափա։
Արփենի գյուղում կլիման բարեխառն է՝ ցուրտ ձմեռներով։ Տեղումները տարեկան 400-700 մմ են կազմում։
Գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից 1852 թվականին[3]։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական Փալութլի անվանումը։ Գյուղի տարածքում 1910 թվականին ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի կառուցումը, որը սակայն ԽՍՀՄ օրոք ծառայել է որպես պահեստ և մասամբ տուժել է նաև 1988 թվականի երկրաշարժից և խիստ վերանորոգման կարիք ունի։ 2013 թ.-ի առաջին քառորդում ձյան պատճառով փլուզվել է եկեղեցու տանիքի մեջտեղային հատվածը, իսկ հետագայում նաև՝ տանիքի դիմացի հատվածը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արփենիի մշտական բնակչությունը կազմել է 276, առկա բնակչությունը՝ 249 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1970 | 1980 | 1989 | 2001 | 2011 | 2012 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 127[6] | 367[6] | 598 | 479 | 404 | 369 | 381 | 373 | 276[4] | 402 | 410 |
Արփենի գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն) և բուսաբուծությամբ (հիմնականում մշակում են կարտոֆիլ, այգեգործությունը բավարար չափով զարգացած չի)։ Արփենիում նաև զարգանում է մեղվաբուծությունը։
Արփենին ունի XIX դարի եկեղեցի։ Այստեղ է գտնվում «Ալբերդ» ամրոցը (մ.թ.ա. V - III դարեր)։
2009 թ.-ի դեկտեմբեր ամսին Հայաստանի կառավարության որոշմամբ իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրվեց 15 մլն. դրամ, որով հիմնանորոգվեց Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքը։
2011 թ.-ի 2-րդ կեսի ընթացքում վերանորոգվել է Արփենիի Սաբիր Ստեփանյանի անվան մշակութային տունը։ Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով (հատկացվել է 30 միլիոն դրամ)։ Իսկ բացումը կատարվել է 2012 թ.-ի հունվարի 21-ին[7]։
2014 թ.-ի հունիսի 28-ին Արփենի գյուղում «Հայրենիքի նախաձեռնությունների զարգացման» հիմնադրամի կողմից անցկացվեց «Ավանդական հայկական տարազներ» խորագրով փառատոնը։ Փառատոնի մասնակիցների թվում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արփենի» հոդվածին։ |
|
|