Գոլիարդա Սապիենցա իտալ.՝ Goliarda Sapienza | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1924[1] |
Ծննդավայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 30, 1996[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Մասնագիտություն | գրող և թատրոնի դերասանուհի |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Գոլիարդա Սապիենցա (իտալ.՝ Goliarda Sapienza, մայիսի 10, 1924[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 30, 1996[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա), իտալացի դերասանուհի և գրող։
Հայրը` Ջուզեպպե Սապիենցան, սիցիլիացի փաստաբան և ձախանարխիստական ուղղության քաղաքական գործիչ էր։ Մայրը` Grido del popolo սոցիալիստական կուսակցության թուրինյան ամսագրի գլխավոր խմբագիրն էր, որտեղ խմբագիր էր աշխատում Անտոնիո Գրամշին։ 1940 թվականին կրթաթոշակով ընդունվեց Հռոմի Դերասանական արվեստի ազգային ակադեմիան, ուսումն ընդհատվեց պատերազմի պատճառով։ Միացել է Դիմադրության շարժմանը։ Հետպատերազմյան տարիներին ելույթ էր ունենում թատերական բեմերում Պիրանդելլոյի պիեսներում, իսկ 1945 թվականին հիմնեց իր սեփական թատերական ընկերությունը (գոյություն ունեցավ ընդհուպ մինչև 1952 թվականը)։ 1940-1950-ական թվականներին խաղացել է Ալեսսանդրո Բլազետտիի, Լուիջի Կոմենչինիի, Լուկինո Վիսկոնտիի (Զգացմունք) և այլ ֆիլմերում։ 1983 թվականին նկարահանվեց Մարգերիտ Դյուրասի «Հռոմեական երկխոսություն» ֆիլմում։ Կյանքի վերջին տարիներին դերասանական արվեստ էր դասավանդում Էքսպերիմենտալ կինոկենտրոնում։ Վախճանվել է աստիճաններից գլորվելու հետևանքով։
Գոլիարդա Սապիենցան ուշ սկսեց գրել։ Նրա առաջին ինքնակենսագրական վեպը` «Բաց նամակը» հրատարակվեց 1967 թվականին։ Նրա գլխավոր ստեղծագործությունը «Երջանկության արվեստ» վեպն է, որը գրվել է 1967-1976 թվականներին, հակակղերական երանգների և ժամանակակիցների ֆեմինիստական խիստ քննադատության պատճառով հրատարակվեց, այն էլ կրճատված տարբերակով, միայն 1998 թվականին (ամբողջական տարբերակը` 2003 թվականին). 2008 թվականին «Էյնաուդի» խոշոր հրատարակչության կողմից դրա նոր հրատարակչությունը մեծ հաջողություն ունեցավ։ Ավելի ուշ հրատարակվեց նրա ինքնակենսագրական վեպը մանկության մասին «Ես, Ժան Գաբենն եմ» (2010) և բանաստեղծուհու մի շարք այլ բանաստեղծություններ` որոշ ստեղծագործություններ մինչ օրս մնում են նրա արխիվներում։
Մեծ ճանաչում բանաստեղծուհին ստացավ միայն 2000-ական թվականներին։ Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն,կատալոներեն, գալիսերեն, հոլանդերեն և այլ լեզուներով։