Գյուղ | ||
---|---|---|
Դաշտաքար | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Նորիկ Մալխասյան | |
Հիմնադրված է | 1897[1] թ. | |
Մակերես | 3,87 կմ² | |
ԲԾՄ | 970 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 485[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դաշտաքար (մինչև 1948 թ.` Դաշլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 19 կմ հեռավորության վրա։
Նախկինում ունեցել է Դաշլը, Դաշլի, Դաշլու, Տաշլու անվանումները։ Դաշտաքար է վերանվանվել 1968 թվականին։
Ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրավազաններով, որոնք էլ օգտագործվում են որպես խմելու ջուր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դաշտաքարի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը՝ 458 մարդ[2]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։ Ներկայումս բնակվում են հայեր, որոնց նախնիների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանից` Վանից, Մուշից և Շատախից, մի մասը` 1940-1950-ական թթ. ՀԽՍՀ Մարտունու, Կամոյի և Սիսիանի շրջաններից[4]։ Դաշտաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 84[3] | 147[3] | 184 | 161 | 273 | 182 | 298 | 409 | 555 | 485[2] |
Գյուղն ունի առկա 154 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 277 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են։ Գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 70% օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 180 հա։ Պտղատու և խաղողի այգիները զբաղեցնում են համապատասխանաբար 12.5 և 11 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Արոտավայրերը կազմում են 6 հա։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Արդյունաբերություն չունի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտաքար (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|