Դմիտրի Ղիփիանի վրաց.՝ დიმიტრი ყიფიანი | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Դեկտեմբերի 14 1875 - ապրիլի 9 1879 | ||
Նախորդող | Յազոն Դմիտրյան Թումանյան | |
Հաջորդող | Անտոն Սողոմոնյան Ղորղանյան | |
Մասնագիտություն՝ | գրող | |
Ազգություն | Վրացի | |
Դավանանք | ուղղափառություն | |
Ծննդյան օր | ապրիլի 14 (26), 1814 | |
Ծննդավայր | Մերեթ Գորիի գավառ | |
Վախճանի օր | հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1887[1] (73 տարեկան) | |
Վախճանի վայր | Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն | |
Թաղված | Մթածմինդա | |
Դինաստիա | Ղիփիանիներ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Իվան Ղիփիանի | |
Մայր | Բարբարա Պուրցելաձե | |
Ամուսին | Նինո Չիլաշվիլի | |
Զավակներ | Նիկոլոս Ղիփիանի Կոնստանտին Ղիփիանի Էլեն Ղիփիանի | |
Ինքնագիր | ![]() | |
Դիմիտրի Իվանի Ղիփիանի (ապրիլի 14 (26), 1814, Մերեթ, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ - հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1887[1], Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն), ռուսական կայսրական և վրացի քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[2]։
Դ. Ղիփիանին 3 տարեկան հասակում կորցրել է հորը, ով ազնվական էր և Մերեթ էր տեղափոխվել Աբաշիից[3]։ Ղիփիանիների տոհմական կալվածքը գտնվում էր Բորժոմի կիրճում՝ Քվիշխեթի գյուղ։ 1845 թվականին ամուսնացել է գեներալ Գիորգի Ճիլաշվիլու դստեր՝ Նինոյի հետ[2]։
1830-1859 թվականներին Դ. Ղիփիանին զբաղեցրել է տարբեր քաղաքացիական պաշտոններ։ Ավագ եղբոր՝ Քայխոսրոյի հոգածությամբ փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել 8-ամյա հոգևոր ուսումնարան, սակայն ընդամենը 2 տարի անց փոխադրվել է Ազնվականական ուսումնարան ուսումը շարունակելու համար։ 1830 թվականից սկսել է դասավանդել Թիֆլիսի գիմնազիայում։ 1834 թվականին ծառայության է անցել Վոլոգդայի նահանգային կառավարման գրասենյակային աստիճանավորների կազմում, որտեղ էլ 1835 թվականին ընտրվել է քարտուղար։ Նույն թվականին նշանակվել է նահանգապետի քաղաքացիական գրասենյակի կառավարչի պաշտոնակատար։ 1837 թվականին գրանցվել է Վրաստանի Գերագույն կառավարման գործադիր շահագործման հաստիքացուցակում և գործուղվել Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի տրամադրության տակ։ Նույն թվականին նշանակվել է Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակին կից հատուկ հանձնարարությունների բաժնի աստիճանավոր, 1838 թվականին՝ Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի քարտուղար և “Закавказский Вестник”-ի խմբագիր, սակայն կայսերական կառավարչի խնդրանքով մնացել է նույն պաշտոնում որպես քարտուղար։ 1839 թվականին փոխադրվել է Վրաստանի գլխավոր հրամանատարի գրասենյակ։ 1841 թվականին նրան շնորհվել է տիտղոսային խորհրդականի, 1843 թվականին՝ արտգործերի խորհրդականի թեկնածուի կոչում, իսկ 1845 թվականին նշանակվել է Գլխավոր վարչության գրասենյակի տնօրենի պաշտոնակատար։ Այս վարչության լուծարվելուց հետո՝ 1846 թվականին, դարձել է Գլխավոր վարչության խորհրդի գործերի կառավարիչ։ Նույն թվականին նրան տրվել է առևտրական խորհրդականի, 1854 թվականին՝ ավագ խորհրդականի կոչում։ Նույն թվականին հաստատվել է ավագ խորհրդականի պաշտոնում, 1856 թվականին՝ Կովկասյան փոխարքայի գրասենյակում՝ տնօրենի պաշտոնակատար։ 1857 թվականին նրան շնորհվել է Սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի շքանշան, նշանակվել է Անդրկովկասյան երկրամասի Գլխավոր Վարչության խորհրդի անդամ, 1859 թվականին՝ Կովկասյան փոխարքայի խորհրդի անդամ։ 1860 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան, իսկ 1862 թվականից անցել է թոշակի։ Ավելի քան 10 տարի եղել է Թիֆլիսի նահանգային գիմնազիայի պատվավոր հոգաբարձու։ 1864 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան՝ թագով, 1866 թվականին՝ Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան։ Եղել է Թիֆլիսի նահանգի ազնվականության առաջնորդը[2][4]։
Ղրիմի պատերազմի ժամանակ գեներալ Բարսեղ Բեհբութովի կողմից նշանակվել է ռազմական գրասենյակի պետ։ 1864 թվականին ընտրվել է «Ազնվական միության» նախագահ և հիմնել գրագիտություն տարածող դպրոց[2][5]։
1860-ական թվականներին Դ. Ղիփիանին զգալի դեր է խաղացել ճորտերի ազատության գաղափարի հաղթանակի գործում[6]։ Նրա մտահղացմամբ և ջանքերով հիմնադրվել է «Թիֆլիսի ազնվական բանկ»-ը[7]։ Թղթակցել է Ն.Ավալիշվիլու խմբագրությամբ լույս տեսնող (1869-1879) «Մնաթոբի» ամսագրին՝ խմբագրելով պատմական և գրական բաժնում[8]։ 1885-1886 թվականներին Քութայիսի նահանգի ազնվականության ներկայացուցիչն էր։ Հեղինակել է մի շարք գրքեր։ Նրա գրչին են պատկանում Շեքսպիրի և Մոլիերի պիեսների թարգմանությունները[2][9]։
Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել 1875 թվականի դեկտեմբերի 14-ին և պաշտոնավարել մինչև 1879 թվականի ապրիլի 9-ը[10]։ Նրա պաշտոնավարության տարիներին ավարտվում է քաղաքային ինքնավարության համակարգի վերահաստիքավորման գործընթացը[11]։ 1876 թվականի մարտին անցկացվում է միօրյա մարդահամար[12]։ Համաձայն իր հրաժարականի՝ թողնում է պաշտոնը[13] և հաստատվելով Քվիշխեթի գյուղում՝ զբաղվելով քերականության հարցերով և թարգմանչությամբ[2]։
1887 թվականի հոկտեմբերի 24-ին Ստավրոպոլում կողոպուտի ժամանակ սպանվել է[14]։ Աճյունը փոխադրվել է Թիֆլիս և ամփոփվել Մթածմինդա պանթեոնում գտնվող Մամա Դավիթ եկեղեցու բակում։ Տարիներ անց՝ 1899 թվականի հոկտեմբերի 24-ին, նրա գերեզմանի վրա հուշակոթող է կանգնեցվել[2][6]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դմիտրի Ղիփիանի կատեգորիայում։ |