Էլվիրա Նոտարի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1875[1] |
Ծննդավայր | Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1946[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի |
Ամուսին | Nicola Notari? |
IMDb | ID ID 0636528 |
Էլվիրա Նոտարի (իտալ.՝ Elvira Notari, ծննդյան անունը՝ Էլվիրա Կոդա, փետրվարի 10, 1875[1], Սալեռնո, Կամպանիա, Իտալիա - դեկտեմբերի 17, 1946[1], Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), Իտալիայի վաղ շրջանի կին կինոռեժիսոր, ավելի քան 60 խաղարկային և շուրջ 100 վավերագրական ֆիլմերի հեղինակ։
Ամուսնացել է Նիկոլա Նոտարիի հետ և միասին հիմնադրել են «Դորա ֆիլմ» ընկերությունը, որտեղ Էլվիրան եղել է ռեժիսոր, Նիկոլան՝ օպերատոր։ Նրանց որդին՝ «Ջեննարելյոն», որպես դերասան հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում։
Նրանց խաղարկային ֆիլմերը հաճախ հիմնված էին նեապոլյան դրամաների վրա, նկարում էին Նեապոլի փողոցներում՝ ներգրավելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների։ Նոտարիի իրատեսական մոտեցումն ասոցիացվել է իտալական կինոյի ոսկե դարաշրջանի նեոռեալիզմի հետ։
Էլվիրան ծնվել է Դիեգո Կոդայի և Անյեզե Վինյեսի ընտանիքում[2]։ Էլվիրային թույլատրել են դպրոց հաճախել և կրթություն ստանալ։ Դպրոցում ձեռք է բերել լեզվական հմտություններ, որոնք հետագայում կիրառել է գրվածքներում։ Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել են Նեապոլ, որտեղ աշխատել է որպես «կանացի գլխարկներ պատրաստող», ինչը շարունակում է նույնիսկ կինոռեժիսոր դառնալուց հետո։ Նեապոլում հանդիպել է Նիկոլա Նոտարիին և ամուսնացել նրա հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Էդոարդո, Դորա և Մարիա։
Ամուսնու հետ միասին հիմնադրել են իրենց կինոընկերությունը՝ «Դորա ֆիլմը», որն անվանել են իրենց դստեր պատվին։ Ամուսինը եղել է կինոօպերատոր, Էլվիրան գրել է ֆիլմերի սցենարներ և եղել ֆիլմերի ռեժիսոր։ «Դորա ֆիլմ» ընկերության աշխատանքների մեծ մասը կորել են, պահպանվել են մի քանի ձայնագրություններ։ «Դորա Ֆիլմը» եղել է իսկական կինոարտադրություն՝ զինված ֆիլմարտադրության համար անհրաժեշտ պարագաներով, ունեցել է նաև դերասանական դպրոց, լաբորատորիաներ, որտեղ ստեղծվել են վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր։ Ըստ նրանց որդու վկայության՝ Էլվիրան դերասաններից պահանջել է իրական և ճշմարիտ կատարողկանություն։ Երբեմն Էլվիրան դերասաններին հիշեցնում էր իր կյանքի տխուր պահերը, ինչը հիշեցնում էր նեոռեալիզմ[3]։ Էլվիրան եղել է ռեժիսոր, սցենարիստ, զբաղվել է նաև ֆիլմերի մոնտաժային հարցերով։ Մելոդրամաները նա ներկայացնում էր կնոջ տեսանկյունից։ Էլվիրան ներկայացրել է վհատ, գայթակղիչ, նորմերից շեղվող կանանց կերպարներ՝ կենտրոնանալով կնոջ մարմնի, երևակայության վրա։ «Nfama» և «A Piedigrotta» ստեղծագործություններում առաջնորդ կինը ներկայացված է «անկարգապահ կնոջ կերպարով»։ Էլվիրայի ֆիլմերը ներկայացնում են այս կանանց պայքարը։ Ֆիլմերում անդրադարձել է նաև կանանց ցանկությանը, կանանց ցանկացող տղամարդկանց, կնոջ հույզերին ու զգացմունքներին։ Ֆիլմերը հաճախ լույս էին սփռում իտալական կյանքի այն ասպեկտների վրա, որոնք չպետք է ներկայացվեին, ֆիլմերում հաճախ հնչում էր կոպիտ լեզու և սեռական երանգներ[4], և ցենզուրայից ելնելով՝ տեսարանները հաճախ մոնտաժվում էին կամ հեռացվում։
1930-ական թվականներին «Դորա ֆիլմը» փակվել է։ Էլվիրան տեղափոխվել է Սալեռնո, որտեղ էլ թոշակի է անցել։ Նոտարիները բացել են լուսանկարչական սարքավորումների խանութ[5]։ Ավելի ուշ Էլվիրայի ամուսինը դարձել է կինոդիստրիբյուտոր[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Նոտարի» հոդվածին։ |
|