Իվան Վասիլևիչ Գուդովիչ (1741[1], Ստառիե Իվայտենկի, Բակլանսկայա սոտնյա, Ստառոդուբսկի պոլկ, Կազակական հետմանություն - հունվարի 22 (փետրվարի 3), 1820, Օլգոպոլ, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ, կոմս (1797 թվականից), գեներալ-ֆելդմարշալ (1807 թվականից)։
Սովորել է Քյոնիգսբերգի և Լայպցիգի համալսարաններում։ Աչքի է ընկել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմում։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հաջիբեի (այժմ՝ Օդեսա, 1789), Կիլյայի (1790) և Անապայի (1791) գրավումը։ 1806 թվականին նշանակվել է Վրաստանի և Կովկասի կառավարչապետ, նվաճել Բաքվի, Շաքիի և Դերբենդի խանությունները։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փայլուն հաղթանակ է տարել Արփաչայի վրա (1807)։ 1808 թվականին ձախողվել է Գուդովիչի Երևանյան արշավանքը։ 1809-1812 թվականներին եղել է գլխավոր զորահրամանատար Մոսկվայում, Պետ․ խորհրդի անդամ, սենատոր։ 1812 թվականի փետրվարից՝ պաշտոնաթող։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 244)։
|