Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնապատ | |||
![]() Լեռնապատ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Մակերես | 52,31 կմ² | ||
ԲԾՄ | 1520 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2279[2] մարդ (2019) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնապատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (322) | ||
Փոստային դասիչ | 2033 | ||
| |||
Լեռնապատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Նախկինում կոչվել է Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թվականի հոկտեմբերի 26-ին։
Լեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Լեռնաջուր գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։
Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։
Գյուղի մակերևույթը լեռնային է։ Միջին բարձրություը ծովի մակարդակից մոտ 1800 մ է։ Տարածված են լեռնանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները, անտառկազմող ծառատեսակներն են կաղնին, հացենին, հաճարենին, եղևնին և այլն։ Գյուղի կեդաական աշխարհի կենդանիներից են գայլ, արջ, աղվես, նապաստակ, բորենի, սկյուռ, ոզնի, աքիս, չորային շրջաններում հանդիպում են նաև սողուններ։
Կլիման բարեխառն է, հստակ արտահայտված են տարվա բոլոր եղանակները։ Քանի որ տեղանքը բարձրադիր է, կլիմայական եղանակները տարբերվում են օրացույցային եղանակներից, ամառը համեմատաբար կարճ է, ձմեռը՝ համեմատաբար երկար։ Ունի լեռնային մաքուր օդ։
Գյուղի տարածքում կան շինանյութերի հանքավայրեր, հանքային աղբյուրներ։
Գյուղում առկա են արդյունաբերական ձեռնարկություններ, օրինակ՝ լեռնահանքային, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, կա նաև ջրային էլեկտրոկայան։
Գյուղում զարգացած են և՛ անասնապահության, և՛ բուսաբուծության ճյուղերը։ Անասնապահությունից մեծ տարածում ունեն խոշոր եղջերավոր աասաբուծությունը, թռչնաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը, մեղվապահությունը, արհեստական ջրավազաններում նաև ձկնաբուծությունը։ Բուսաբուծությունից հիմնականում տարածված են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը և պտղատու այգիների մշակությունը։
Հաջիղարա անվան առաջին մասը՝ Հաջին, ունի արաբական ծագում և նշանակում է ուխտագնաց, իսկ ղարան ունի թուրքական ծագում և նշանակում է սև կամ մուգ: Այսինքն՝ «սև ուխտագնաց» (մարդ, որ ուխտի է գնացել Մեքքա և վերադարձել):
Օսմանյան 1828 թվականի հարկամատյանի հարկացուցակում Փամբակ գավառը ունեցել է 89 գյուղ (հարկամատյանում նշվել է գյուղի անունը, բնակիչների անուն-հայրանունները, հարկատուների թիվը, տների քանակը և դավանանքը, հետո հարկի տեսակը և չափը), որոնցից բնակչության թվով 3-րդը եղել է Հաջիքարան՝ 30 հարկատուով (նշված է միայն աշխատունակ տղամարդկանց քանակը)։ Հարկամատյանում Հաջիղարայի մասին գրված է. «Բուլայի երկրորդ անունը Հաջի Կարա գյուղը, ենթակա է ֆանբաքսի (հարկի տեսակ է)»։ Միայն այստեղ ենք հանդիպում Բուլա անվանը, որը, հնարավոր է, եղել է գյուղի իրական անվանումը, բայց իսլամական տիրապետողների շրջանում մոռացվել է ու կիրառվել է նոր՝ մուսուլմաններին ավելի հարմար Հաջիղարա անվանումը։ Բուլա անվան ստուգաբանությունը հայտնի չէ:
1946 թվականից մինչև 1957 թվականը հայտնի գյուղատնտես Մակար Մացակի Հակոբյանի պատվին գյուղը կոչվել է Մակարաշեն: Մակարը 1939 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1957 թվականի հոկտեմբերի 26-ին վերանվանվել է Լեռնապատ։
Լեռնապատի ներկայիս տարածքը տարբեր ժամանակներում գտնվել է տարբեր վարչական կազմավորումների մեջ։ Ըստ «Աշխարհացոյցի» Լեռնապատի տարածքը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային մասում և սահմանակից է եղել Գուգարք նահանգի Տաշիր գավառին։ Բագրատունյաց թագավորության շրջանում, երբ Սմբատ 2-րդի եղբայր Գուրգենը իրեն հռչակել է թագավոր և ստեղծել Լոռվա թագավորությունը, Լեռնապատի տարածքը մտել է նրա կազմի մեջ։ Սելջուկ-թուրքերի արշավանքներից թուլացած Լոռվա թագավորությունը 1113 թվականին դադարեցրել է իր գոյությունը, այնուհետև անցել Դավիթ Շինարարի օրոք հզորացող Վրաց թագավորության կազմի մեջ: Հետագայում այս տարածքը գտնվել է մոնղոլների, թուրքմենների պետությունների, ապա՝ Արևելյան Վրաստանի կազմում՝ Պարսկաստանի տիրապետության տակ։ 1723-1736 թվականներին տարածքը գտնվել է Օսմանյան կայսրության Թիֆլիսի վիլայեթի կազմում, հետո նորից 1736 թվականին վերադարձվել է Պարսկաստանին։ 1801 թվականին Վրաստանի մեծ մասի հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Պարսկական Երևանի խանության և Ռուսական Վրաստանի սահմանը անցել է Փամբակի լեռներով։ Լեռնապատի տարածքը Ռուսաստանի ենթակայության տակ 1840-1844 թվականներին գտնվել է Վրաց-Իմերեթական մարզի, 1844-1849 թվականներին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ 1849 թվականին մտցվել է նոր ստեղծված Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կազմի մեջ։
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին 1919 թվականի վարչական բաժանմամբ Հաջիղարան մտել է Ղարաքիլիսայի գավառի կազմի մեջ, իսկ 1920 թվականի մայիսից՝ Շիրակի նահանգի Ղարաքիլիսայի գավառի մեջ։ Խորհրդային իշխանության տարիներին եղել է Ղարաքիլիսայի շրջանի մեջ, 1935-1964 թվականներին՝ Կիրովականի շրջանի, հետո՝ Գուգարքի շրջանի կազմում։ 1995 թվականին ընդգրկվել է Լոռու մարզի կազմում, իսկ 2021 թվականից Փամբակ խոշորացված համայնքի կազմում։
Լեռնապատի պատմությունից շատ բան հայտնի չէ, և գրավոր ամենահին հայտնի աղբյուրները վերաբերում են 17-18-րդ դարերին, բայց գյուղի տարածքում բնակվել են դեռևս բրոնզի դարից։ Հնարավոր է գյուղի տարածքում եղել են մեկից ավելի բնակավայրեր։ Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում կան Լեռնապատի տարածքից հայտնաբերված բազմաթիվ հնագիտական գտածոներ։ Պահպանվել են կիկլոպյան ամրոցի հետքեր, բերդատեղեր։ Գյուղի Ուռուտ տեղամասում պահպանված են մոտ 30 գերեզմանաքարեր և խաչքարեր[3] (դրանք մոտավորապես 13-14 դարերի գերեզմաններ են)։ Նոր գյուղի տարածքում եղել են 7-րդ դարի եկեղեցու մնացորդներ, որն ամբողջովին ավերվել է 1988 թվականի երկրաշարժից հետո՝ շինարարական աշխատանքների արդյունքում։
1723-1724 թվականներին Օսմանյան կայսրությունը գրավել է Արևելյան Վրաստանի ու Արևելյան Հայաստանի տարածքները, իսկ 1736 թվականին Էրզրումի պայմանագրով դրանք նորից վերադարձվել են Պարսկաստանին։ Այդ ընթացքում վրացական տարածքներում ստեղծվել էր Թիֆլիսի վիլայեթը, որի մեջ էր մտնում նաև Հաջիղարան։ Պահպանվել է այդ շրջանում թուրքերի կազմած հարկացուցակը, որը մանրամասն ուսումնասիրել է Գ. Ա. Միրզաբեկյանը։ Դրանից երևում է, որ Փամբակ գավառը Օսմանյան 1828 թվականի հարկամատյանի[4] հարկացուցակում ունեցել է 89 գյուղ, որից 36-ի բնակիչները փախել են թուրքերից, բնակչության թվով գավառի ամենամեծ գյուղը եղել է Քարաքիլիսեն (Ղարաքիլիսա, ունեցել է 47 հարկատու և 26 տուն), երկրորդը՝ Զանդարը (36 հարկատու՝ մուսուլման բնակչությամբ), իսկ երրորդը՝ Հաջիքարան (30 հարկատու, քրիստոնյաներ[5])։
Մեզ հայտնի առաջին ներգաղթը դեպի Հաջիղարա եղել է Արցախից 1725-1730 թվականների ընթացքում՝ կապված թուրքերի արշավանքների և այնտեղ բռնկված տիֆի համաճարակի հետ: Այդ թվականների վերաբնակներից են Քոչարյանները, Բաբայանները, Թադևոսյանները: Հաջորդ գաղթը Արցախից դեպի Փամբակի տարածաշրջան եղել է 1795-1801 թվականների ընթացքում՝ Պարսկաստանից Աղա Մոհամմադ խան Ղաջարի 1795-1797 թվականներին դեպի Շուշի, Երևան, Թիֆլիս կատարած արշավանքների պատճառով: Այդ տարիների վերաբնակներից են Հակոբջանյանները, Եղիազարյանները, Քամալյանները, Պապինյանները: 19-րդ դարի սկզբին գյուղի բնակչության թիվը մեծ չափով աճել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական և 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Պարսկաստանից (Սալմաստի շրջանից) և Արևմտյան Հայաստանից (Բայազետի և Ալաշկերտի շրջաններից) վերաբնակեցումների հաշվին։ Մուշից են եկել Ոսկանյանները, Հակոբյանները, Ավետիսյանները, Աշրաֆյանները (մեկ այլ վարկածի համաձայն՝ եկել են 1790-ականներին):
Պահպանվել է Հայ առաքելական եկեղեցու 1859 թվականին կազմած Հաջիղարայի բնակիչների ցուցակը[6] ըստ հավատի, որտեղ ընդգրկված է մոտ 290 տղամարդ ու 250 կին լուսավորչական հավատի և մոտ 10 բնակիչ՝ բողոքական հավատի (1831 թվականի համեմատությամբ 1859 թվականին բնակչությունն ավելացել է մոտ 400 հոգով): Այդ ժամանակ գյուղում գործել է 17-18-րդ դարերում կառուցված Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին, որը նորոգման կարիք է ունեցել և հայ եկեղեցու ու գյուղի բնակիչների հանգանակած միջոցների հաշվին հիմնովին վերանորոգվել է[7] (աշխատանքներն ավարտվել են 1866-1868 թվականներին)[8]։
1868 թվական գյուղով անցել է գրող Պերճ Պռոշյանը և նկատելով դպրոցի բացակայությունը, Հաջիղարայում՝ եկեղեցուն կից, հիմնել է ծխական դպրոց, որոշ ժամանակ անձամբ զբաղվել ուսուցչությամբ և հետագայում էլ տարբեր ձևերով օժանդակել դպրոցի գործունեությունը։ Եկեղեցու հարևանությամբ գտնվել է գյուղի գերեզմանոցը, որտեղ առկա ամենահին գերեզմանաքարերը 19-րդ դարի կեսի են։ Ներկայում գերեզմանոցից մինչև եկեղեցի ընկած տարածքը նույնպես եղել է գերեզմանոց, բայց խորհրդային տարիներին այդ տարածքում կառուցվել են տներ, գերեզմանաքարերը օգտագործել են որպես շինանյութ: Խորհրդային տարիներին քանդել են նաև եկեղեցու զանգակատունը և այն օգտագործել որպես պահեստ։ 1988 թվականի երկրաշարժից եկեղեցին մեծապես տուժել է ու այժմ չի գործում։
1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի Ղարաքիլիսայի ճակատամարտի մարտական գործողությունները ընթացել են Հաջիղարայի, Դարպասի, Բազումի, Ղշլաղի (Տարոն) տարածքներում։ Հաջղարեցիները հերոսաբար մարտնչել են այդ ճակատամարտում, որի մասին գրված է տարբեր հետազոտողների աշխատություններում։ Այդ ճակատամարտի մասնակից հաջիղարեցիների հիշատակին գյուղամիջում տեղադրված է մեծ խաչքար:
Խորհրդային տարիներին Հաջիղարան դարձել է կոլխոզ, ապա` սովխոզ։ Հարուստ գյուղացիները կուլակաթափ են արվել, ոմանք ենթարկվել են բռնաճնշումների, եղել են աքսորվածներ և անմեղ դատվածներ գյուղից: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գյուղից բանակ է զորակոչվել 247 մարդ, որից 146-ը[9] չի վերադարձել։ 1971 թվականին Լեռնապատում կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան։
Խորհրդային տարիներին գյուղը ունեցել է մշտապես գործող մանկապարտեզ, որը մի քանի անգամ տեղից տեղ է տեղափոխվել: Դպրոցը գտնվել է միահարկ սև քարե շենքում: 1970 թվականին սկսել է շահագործվել նոր դպրոցը։ Հիվանդանոցը տեղավոխվել է դպրոցի նախկին շենք: Մոտ 1940 թվականին գյուղում հիմնվել է պանրի գործարան, որի հիմնադիրն ու առաջին գլխավոր վարպետը եղել է Սարատովից Հայաստան տեղափոխված Իվան Ալեքսանդրի Սերյոգինը: Մշակույթի տան առաջին հարկում գտնվել են նաև փոստի բաժանմունքը և կարի արտադրամասը:
Լեռնապատը մեծապես տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից։ Գյուղը ամբողջովին ավերվել է, զոհվել է 114 անձ[10]։ Աղետից առաջ Լեռնապատն ունեցել է 500 աշակերտի ունեցող եռահարկ միջնակարգ դպրոց, նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան, ճաշարան, կաթի գործարան, կենցաղի տուն, դեղատուն և խանութներ։ Փլվել կամ վթարային են դարձել մոտ 500 բնակարան ու այլ կառույցներ։ Դպրոցը տեղափոխվել է Ռուսաստանի Գիլինջիկ քաղաք՝ մինչ գյուղում կկառուցվեր փայտաշեն տնակային դպրոցը: 1998 թվականին դպրոցը տեղափոխվել է այլևս չգործող կարի նախկին ֆաբրիկայի երկհարկանի թիթեղապատ շենք, իսկ 2007 թվականին՝ նորակառույց շենք:
Լեռնապատցիները իրենց մեծ մասնակցությունն են բերել Արցախյան 1-ին, 2-րդ և 2016 թվականի Քառօրյա պատերազմներին: Արցախյան առաջին պատերազմում 1992 թվականին զոհվել է լեռնապատցի ժամկետային զինծառայող Արմեն Ժորայի Թումանյանը, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմում` ժամկետային զինծառայողներ Արտակ Արարատի Հակոբջանյանը և Գոռ Արշալույսի Աբազյանը։
Հայաստանի ու ԽՍՀՄ տարբեր քաղաքներում իր համերգներով շրջագայություններ է կատարել «Լեռնապատ» տարեցների պարի խումբը:
Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Լեռնապատի մշտական բնակչությունը կազմել է 1661, առկա բնակչությունը՝ 1511 մարդ[11], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[12].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 143 | 1253 | 1457 | 1680 | 1462 | 1748 | 1727 | 2030 | 1789 | 1661[11] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։
Գյուղում կա 1862 թվականին կառուցված բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[13], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։
1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն կոչվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։
Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։
2021 թվականին Լեռնապատում կառուցվել է անօդաչու թռչող սարքերի օդակայան, որը կոչվել է Կարեն Վարդանյանի անունով։ Օդակայանի՝ հարյուր մետրից ավելի երկարություն ունեցող թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով և ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ, որը ԱԹՍ-ների համար ապահովում է ավելի փափուկ վայրէջք[14]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացվել է «Հաւք 2021» մրցույթը, որին մասնակցել են շուրջ երեք տասնյակ թիմեր երեք անվանակարգերում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված[15]։ Մրցույթը դարձել է ամենամյա և անցկացվում է սեպտեմբեր ամսին[16][17][18]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռնապատ կատեգորիայում։ |
|