Կոլումբիայի Սահմանադրություն

Կոլումբիայի Սահմանադրություն, հայտնի է որպես 1991 թվականի Սահմանադրություն, Կոլումբիայի Հանրապետության հիմնական օրենքն է։ Ուժի մեջ է մտել 1991 թվականի հուլիսի 4-ին[1]՝ փոխարինելով ավելի վաղ գործող Սահմանադրությանը, որբ ընդունվել էր 1886 թվականին։

Իսպանիայից անկախանալու մասին հայտարարելուց հետո՝ 1810 թվականին, և մինչ օրս Կոլումբիայի Սահմանադրությունը փոխվել է 10 անգամ, 1991 թվականի սահմանադրությունը 11-րդն է՝ ըստ հաշվի։ Սահմանադրության յուրաքանչյուր նոր խմբագրումը երեք հիմնական նպատակ էր հետապնդում՝ ապահովել իշխանությունների տարանջատում, ամրացնել գործադիր իշխանությունը և գերակա դարձնել կաթոլիկ եկեղեցու դերը։ Սահմանադրության նախորդ խմբագրումն ընդունվել է 1886 թվականին և պետության կառուցվածքը սահմանում էր որպես դաշնային հանրապետություն։

1988 թվականին Սահմանադրության բարեփոխման համար Կոլումբիայում կազմակերպվեց հասարակական զանգվածային շարժում, որը կոչվում էր «Մենք դեռևս կարող ենք պահպանել Կոլումբիան» («իսպ.՝ Todavia Podemos Salvar Colombia»), որն առաջարկում էր 1990 թվականի ընտրություններին այս Սահմանադրության համար ձևավորել ասամբլեա և առաջարկում էր այսպես կոչված «Յոթերորդ բյուլետեն» (ի լրումն քվեարկության համար գոյություն ունեցող 6 բյուլետենների՝ Սենատի ընտրությունների, Ներկայացուցիչների պալատի ընտրությունների, նահանգապետերի, տեղական ինքնակառավրաման մարմինների խորհուրդների, քաղաքների ղեկավարների ընտրությունների և այլն)։ Չնայած Կոլումբիայի ընտրական հանձնաժողովը չընդունեց յոթերորդ բյուլետեն մտցնելու առաջարկը, Բարձրագույն դատարանը հաստատեց դրա օրինականությունը։

1990 թվականի դեկտեմբերին անցկացվեցին Կոլումբիայի սահմանադրական ասամբլեայի ընտրություններ, որը նոր սահմանադրությունը պետք է հրապարակեր 1991 թվականին։ Սահմանադրական ասամբլեան գլխավորեցին Ալվարո Գոմեսը՝ Կոլումբիայի պահպանողական կուսակցությունից, Օրասիո Սերպան՝ Կոլումբիայի լիբերալ կուսակցությունից, և Անտոնիո Նավարրո Վոլֆը՝ Ապրիլի 19-ի շարժումից։

Կառուցվածք և հիմնական դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի Սահմանադրությունը բաղկացած է 13 գլխից, 380 հոդվածներից և 59 անցումային դրույթներից։ Սահմանադրությունը Կոլումբիան սահմանում է որպես սոցիալ-իրավական պետություն՝ ձևավորված որպես ունիտար հանրապետություն, ապակենտրոնացված, իր տարածքային միավորների ինքնավարությամբ, ժողովրդավարական, բազմակարծության, մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքներով, մարդկանց աշխատանքի և համերաշխության վրա հիմնված պետություն։ 1991 թվականի Սահմանադրությունը գործնականում ամրագրում է ինչպես լատինաամերիկյան իրավունքին, այնպես էլ միջազգային սահմանդրական պրակտիկային՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին։ սահմանադրության համաձայն՝ մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերը, որոնք վավերացվել և ուժի մեջ են մտել, և աշխատանքի մասին կոնվենցիան Կոլումբիայի օրենսդրության անմիջական մասն են կազմում։ Մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրային նորմերը գերակայություն ունեն Կոլումբիայի օրենքների նկատմամբ և չեն կարող դադարեցվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։

Կոլումբիայի գործադիր իշխանությունը ղեկավարում է նախագահը՝ պետության ու կառավարության գլուխը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, ով ընտրվում է 4 տարին մեկ՝ 18 տարին լրացած քաղաքացիների ընդհանուր և ուղղակի ընտրությամբ, և նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մեկ չորսամյա ժամկետ։ Կոլումբիայի կառավարության կազմի (մախարարների կաբինետի) մեջ են մտնում ինքը՝ նախագահը, նախարարներ և վարչական դեպարտամենտների տնօրեններ։ Նախագահն իր իսկ հայեցողությամբ նշանակում և փոփոխում է նախարարներին և տնօրեներին։ Նախագահի բոլոր ակտերը, ուժի մեջ մտնելու համար, պետք է ամրագրվեն համապատասխան նախարարի կամ տնօրենի ստորագրությամբ, բացառությամբ՝ վերջիններիս նշանակման ակտերից։ 1991 թվականի Սահմանադրությունը նաև ներմուծում է փոխնախագահի պաշտոնը և որոշում է գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակումները։

Նահանգների ղեկավարները նույնպես ընտրվում են բնակչության ուղղակի ընտրությամբ (նախկինում նրանք նշանակվում էին նախագահի կողմից)։

Կոլումբիայի օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին՝ երկպալատ Ազգային կոնգրեսին, որը կազմված է Սենատից և Ներկայացուցիչների պալատից։ Ազգային կոնգրեսն ընտրվում է 4 տարով՝ ընդհանուր, գաղտնի քվեարկությամբ. Սենատը՝ համընդհանուր, Ներկայացուցիչների պալատը՝ տերիտորիալ և հատուկ ընտրական շրջանների միջոցով։ Սենատում հատուկ 2 տեղ տրամադրված է հնդկացիներին։ Կոնգրեսը երկու պալատների համատեղ նիստ է հրավիրում բացառապես Հանրապետության նախագահին լիազորություններ շնորհելու համար։ Սովորական օրենքները ընդունվում են պալատի ներկաների թվի պարզ մեծամասնությամբ։ 1991 թվականի Սահմանադրության մի շարք դրույթներ ուղղված են կոնգրեսի պատգամավորների հնարավորությունների սահմանափակմանը և արտոնություններին, չնայած կոնգրեսին է վերապահված նախարարների կաբինետի անդամներին պատասխանատվության կանչելու և նրանց անվստահություն հայտնելու իրավունքը։

1991 թվականի Սահմանադրության համաձայն՝ դատական իշխանությունը նախատեսում է մի քանի ինքնուրույն դատազորություն՝ ընդհանուր իրավասության, վարչական, սահմանադրական և հատուկ։ Ընդհանուր իրավասության դատարաններին են վերաբերում Բարձրագույն դատարանը (բարձրագույն ինստանցիա), վերադաս շրջանային դատարանները, շրջանային դատարանները, տեղական ինքնակառավարման մարմինների դատարանները և ամենացածր դատարանները։ Վերադաս դատարանի կազմում կան քաղաքացիական, քրեական և աշխատանքային բողոքարկման դատարաններ։ 1914 թվականից Կոլումբիայի՝ վարչաան դատավարության բարձրագույն դատարանը Պետական խորհուրդն է, այդպսիսն էլ այն մնաց 1991 թվականի Սահմանադրությամբ։ Պետական խորհրդի անդամները նշանակվում են Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի կողմից ընտրված թեկնածուներից, 8 տարի ժամկետով, և նույն պաշտոնին չեն կարող նորից նշանակվել։ Սահմանադրական դատարանն ապահովում է իրավական նորմերի պահպանումն ու երաշխիքները։ Պետական խորհուրդն իրավունք ունի վերահսկողություն սահմանելու գործադիր իշխանության կատարողականի բովանդակության վրա։ 1991 թվականի Սահմանադրությունը նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի ստեղծում, որի պահանջների մեջ են մտնում դատավարությունը և դատարանի աշխատանքների կազմակերպումը։

1991 թվականի Սահմանադրությունը նաև նախատեսում է այնպիսի օրենսդրական ակտերի ներմուծում, որոնք ուղղված են դատական համակարգի ներկայացուցիչների՝ սպառնալիքներից ու ֆիզիկական ոչնչացումից և կոլումբիացի թմրավաճառներից պաշտպանությանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] Արխիվացված 2012-09-28 Wayback Machine El arduo camino

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]