Հակոբ Մելքոնյան բուլղար․՝ Агоп Мелконян | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1949[1] |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Վախճանվել է | հուլիսի 23, 2006[1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Բուրգաս |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, թարգմանիչ և հրատարակիչ |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ժանրեր | ֆանտաստիկա և գիտահանրամատչելի գրականություն |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Agop Melkonyan Վիքիպահեստում |
Հակոբ Մկրտիչի Մելքոնյան (բուլղար․՝ Агоп Мъгърдич Мелконян, 10 մարտի, 1949, Բուրգաս[2] - 24 հուլիսի, 2006, Սոֆիա), հայկական ծագմամբ բուլղարացի ֆանտաստ գրող, թարգմանիչ, գիտահանրամատչելի հրատարակությունների հեղինակ և հրատարակիչ։ Ֆանտաստիկայի բնագավառում «Գրավիտոն» ազգային մրցանակի առաջին դափնեկիր (1991 թվական)։
Հակոբ Մելքոնյանը ծնվել է 1949 թվականի մարտի 10-ին Բուրգասում, Հայաստանից գաղթածների ընտանիքում։ Ավարտել է Բուրգասի հայկական ուսումնարանը, որից հետո Պլովդիվում սովորել է էլեկտրատեխնիկումում։ Հետագայում ստացել է երկու բարձրագույն կրթություն. 1974 թվականին ավարտել է Ճարտարագիտական համալսարանը, 1977 թվականին՝ Սոֆիայի համալսարանի լրագրության ֆակուլտետը[3]։
Հակոբ Մելքոնյանն իր բանաստեղծություններն սկսել է տպագրել 1968 թվականին[3]։ Ուսանողական տարիներին տարբեր նյութեր է կազմել պարբերական հրատարակությունների համար, գրել է պիեսներ, որոնք հետագայում բեմադրվել են Բուլղարիայի թատրոններում։ 1972 թվականից մինչև 1992 թվականը Հակոբ Մելքոնյանը եղել է «Օրբիտա» շաբաթաթերթի մշտական հեղինակ և տպագրել հոդվածներ գիտական ու տեխնիկական թեմաներով. «Օրբիտա» շաբաթաթերթում նա հրատարակել է շուրջ չորս հազար հոդված։ Հակոբ Մելքոնյանը հեղինակել է նաև չորս գիտահանրամատչելի գրքեր և տասը գիտահանրամատչելի ֆիլմերի սցենարներ[4]։
Հակոբ Մելքոնյանը Բուլղարիայի լրագրողների միության, Բուլղարացի գրողների համագործակցության և Լրագրողների միջազգային կազմակերպության անդամ է[3]։ 1972 թվականին հրատարակվել է նրա առաջին ֆանտաստիկ պատմվածքը՝ «Ամենաերկար ծիծաղը»։ 1980 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրգը՝ «Հիշողություն աշխարհի մասին» ժողովածուն, իսկ 1984 թվականին գրվել է «Անտիուտոպիան», որ գիտաֆանտաստիկ ժանրի առաջին պիեսն է Բուլղարիայում։ 1989 թվականին Հակոբ Մելքոնյանը գրել է «Մահ լվացարանում» վեպը, որ պատմում է արհեստական մարդկանց ստեղծման մասին, ովքեր ընդունակ են բազմանալու և «բուժելու» իրենց ստեղծողներին ստեղծագործական ինքնուրույն մտածողությունից։ 1990-ական թվականների սկզբին վեպը պիտի լույս տեսներ առանձին գրքով, սակայն անհայտ պատճառներով ոչնչացվել է ամբողջ տպաքանակը, բացի որոշ նմուշներից[4]։
Վիտալի Կարացուպան «Ֆանտաստիկայի արխիվում» նշում է Հակոբ Մելքոնյանի նուրբ պսիխոլոգիզմն ու փիլիսոփայական ֆանտաստիկայի անթերի ոճը[4]։ Մելքոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են 65 լեզուներով[2]։ Մելքոնյանը հայտնի է եղել նաև որպես թարգմանիչ, ով բուլղարերեն է թարգմանել անգլերեն ու ռուսերեն ֆանտաստիկ երկեր, այդ թվում՝ Էդգար Ալան Պոյի, Ֆրեդերիկ Բրաունի, Ա. և Բ. Ստուգացկիների[4], Կիր Բուլիչյովի[5] ստեղծագործությունները։
1979 թվականին Հակոբ Մելքոնյանը եղել է Վառնայի «Գեորգի Բակալով» հրատարակչության «Գրադարան „Գալակտիկա“» շարքի հիմնադիրներից մեկը՝ լինելով նրա խմբագրական կոլեգիայի անդամ մինչև 1990 թվականը։ 1990 թվականից Հակոբ Մելքոնյանը եղել է ֆանտաստիկայի «Օմեգա» ամսագրի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, իսկ 1997 թվականին հիմնադրել է ևս մեկ ֆանտաստիկայի ամսագիր՝ «Върколак» (1999 թվականից կրում է «Зона F» անվանումը)։ Հրատարակել է բուլղարական ֆանտաստիկայի մի քանի անթոլոգիաներ, 1993 թվականից եղել է «Էրատո-Արտ» հրատարակության տնօրենը, որը կենտրոնացած է դասական քնարերգության վրա[4]։
Հակոբ Մելքոնյանը եղել է Սոֆիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը, այդ համալսարանում դասավանդել է հայկական բանասիրություն[2]։ Թարգմանել է հայ քնարերգության նմուշներ[3]։ Ուսումնասիրել է հայ գրականություն, մասնակցել է «Հայ նկարիչները Բուլղարիայում, 1897—1997» (1997), «Հայ քնարերգություն», «5-18-րդ դարերի հայ գրականություն» և «Հայկական սրբապատկերներ» (բոլորը՝ 2001) ժողովածուները[4]։
Հակոբ Մելքոնյանը ամուսնացած էր, ուներ երկու որդի։ Մահացել է 2006 թվականին Սոֆիայում արյան քաղցկեղից։ Թաղված է Բուրգասում[4]։
Ցանկը բերված է ըստ «Ֆանտաստիկայի արխիվի» տվյալների[4]
1991 թվականին Հակոբ Մելքոնյանը դարձել է «Գրավիտոն» ազգային մրցանակի առաջին դափնեկիրը, որը շնորհվում է ֆանտաստիկ ժանրի գրական կամ արվեստի գործերի համար[2]։ Նա «Եվրոկոն-2006» կոնգրեսում ներկայացվել է Եվրոպայի լավագույն ֆանտաստ հեղինակի մրցանակին[6]։ Հակոբ Մելքոնյանի մահվանից հետո նրա անվամբ է կոչվել Բուրգասի փողոցներից մեկը[4], իսկ 2006 թվականի սեպտեմբերին նրան հետմահու շնորհվել է Բուրգասի պատվավոր քաղաքացու կոչում[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մելքոնյան» հոդվածին։ |
|