Հնաբերդ (Արագածոտնի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Հնաբերդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Հայկական մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արագածի շրջան
Մակերես22,74 կմ²
ԲԾՄ2150 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1836 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հնաբերդ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Հնաբերդ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Հնաբերդ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Հնաբերդ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Հնաբերդ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային նախալեռներում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 57 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։

Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքը գտնվում է ծովի մակարդակից 2150 մ2 բարձրության վրա։ Համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 22.74 կմ2։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Համայնքն ունի 2286 բնակիչ և 526 տնային տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Անասնապահության ոլորտում տնտեսությունները առավելապես մասնագիտացված են կաթնային և կաթնամսային տավարաբուծությամբ (1700), որոշ տնտեսություններ զբաղված են ոչխարաբուծությամբ (2284 գլուխ) և խոզաբուծությամբ (150 գլուխ)։ Հնաբերդ համայնքում 2013 թ. արտադրվել է մոտ 37500 կգ տավարի և 14400 կգ ոչխարի միս, 1086750 լիտր կովի և 45000 լ ոչխարի կաթ։ Կերահանդակների բարելավման ծրագրի իրականացումը զգալիորեն բարձրացրել է համայնքի անասնապահական մթերքների արտադրական ներուժը, մասնավորապես տարվա կտրվածքով կովերի կաթնատվությունը բարձրացել է 18-20 %-ով, իսկ արտադրվող մսի քանակությունը՝ շուրջ 10400 կգ-ով։ Համայնքն ունի 2156,7 հա տարբեր նշանակության տարածքներ, որոնցից 650,93 հա կազմում են արոտավայրերը։ Համայնքում առկա են 1046,96 հա վարելահողեր և 49,11 հա խոտհարքներ, որոնց մի մասը օգտագործվում է դաշտավարական կերարտադրության նպատակներով, բացի այդ համայնքում առկա են 217,14 հա այլ նշանակության հողեր, որոնք նույնպես պարունակում են որոշ քանակությամբ կերային ռեսուրսներ։ Ինչպես և Հայաստանի գյուղերի մեծամասնությունում, Հնաբերդում ևս լայնորեն տարածված է խոշոր եղջերավոր կենդանիների Կովկասյան գորշ, մասամբ նաև սևաբղետ, և ոչխարի Բալբաս կիսակոպտաբուրդ ցեղատեսակները։ Ելնելով համայնքում` ըստ տնտեսությունների ԽԵԱ և ՄԵԱ բաշխվածության ուսումնասիրությունից` կարելի է եզրակացնել, համայնքում համայնքում դիտվում է անասնագլխաքանակի ավելացման միտում։ Տնտեսությունների խոշորացման համար առկա են դժվարություններ` կապված հեռագնա արոտներում կենդանիների պահպանման, խմոցների պակասի և կաթի նախնական վերամշակման ձեռնարկությունների բացակայության հետ, որոնց լուծմանն էլ ուղղվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ գրասենյակի կողմից իրականացվող ներկայիս ծրագիրը։ Նշված խնդիրների լուծման նպատակով համայնքի ցանկությամբ այն ընդգրկվել է ՀԳՌԿՄ ծրագրում։ Համայնքի արոտավայրերի/անասնապահության կառավարման բաղադրիչի շրջանակներում անասնապահության զարգացմանն ուղղված միջոցառումների առավել համակարգված և նպատակային իրականացման համար համայնքի կողմից համապատասխան մասնագետների ընդգրկմամբ կազմվել է «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլան»։ Պլանով մշակվել են անասնապահության զարգացմանն ուղղված միջոցառումներ` հիմք ընդունելով աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բերքատվության ցուցանիշները, գլխաքանակը, առկա խնդիրները, ինչպես նաև համայնքի ներուժն ու ռեսուրսները։ Պլանի իրականացման համար համայնքում ստեղծվել է «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ։ Կոոպերատիվի անդամները ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան դասընթացներ պլանով նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման համար։ Մինչ ծրագիրը համայնքում գոյություն չի ունեցել արածեցման համակարգ և այդ է հիմնական պատճառը, որ գյուղամերձ արոտները հայտնվել են անմխիթար վիճակում, իսկ բուսածածկում գերիշխում են ցածրարժեք բուսատեսակներ։ Պլանով մշակված հերթափոխային արածեցման գրաֆիկի կիրառման շնորհիվ արդեն իսկ 2 տարվա ընթացքում զգալի փոփոխություն է նկատվում ինչպես անասնապահական արտադրանքի ցուցանիշների, այնպես էլ արոտավայրերի արտադրողականության աճի տեսանկյունից։ Մասնակիորեն կանխվել է հողերի հետագա էրոզիայի վտանգը։ Համայնքում 671 հա արոտներում ջրարբիացման մակարդակը բարձրացնելու նպատակով կառուցվել է 10000 գծմ խողովակաշար և տեղադրվել՝ 2 հատ խմոց։ Ծրագրի շրջանակներում համայնքի արոտների բարելամանն ուղղված միջոցառումների արդյունքում (ջրարբիացում) շուրջ 15-20%-ով ավելացել է արածող անասունների կաթնատվությունը և 15-20%-ով՝ դրանց քաշաճը։ Հնարավորություն է ստեղծվել շուրջ 20%-ով ավելացնել արոտում արածող կենդանիների գլխաքանակը։ Գյուղտեխնիկայի բացակայության պատճառով համայնքում առկա 1065 հա վարելահողերից անասնակեր է մշակվում 550 հա-ի վրա, որը չի ապահովում մսուրային շրջանում անասուններին բավարար անասնակերով։ Մսուրային շրջանի կերի ավելացման, վարի, խոտի հնձման, հավաքման և տեղափոխման ձեռք է բերվել 1 հատ անիվավոր տրակտոր ՄՏԶ-1221.2, 2 հատ անիվավոր տրակտոր МТЗ 82.2- Ու-1, 1 հատ Ուազ բեռնատար, 4 հատ ձեռքի խոտհնձիչ /իտալական/, 1 հատ- գութան 3 իրան, 1 հատ կուլտիվատոր КПГ- 4, 4 հատ փոցխ (զիգզագ), 1 հատ հացահատիկի շարքացան C34-3, 1 հատ մինի տրակտոր /չինական/ 50 ձիաուժ, 1հատ սրսկիչ ОВТ-1200, 1 հատ մամլիչ- բարդոցիչ /Տյուկան, Ռոստով/: Կոոպերատիվը համաֆինանսավորել է գյուղտեխնիկայի ձեռքբերման արժեքի 50% չափով։ Ներկայումս համայնքում գոյություն ունի 3 հատ անիվավոր տրակտոր, որոնք մասնավոր անձանց սեփականությունն են։ Դրանք շատ հին են` 20-30 տարեկան և գտնվում են վատ վիճակում. վաղուց սպառել են իրենց ռեսուրսը։ Բացի դրանից, շատ ծախսատար են ու ոչ արդյունավետ և չեն կարող կատարել որակյալ աշխատանք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1831 182 մարդ [3]
1897 1136 մարդ [3]
1926 1457 մարդ [3]
1939 1747 մարդ [3]
1959 1394 մարդ [3]
1970 1675 մարդ [3]
1979 1617 մարդ [3]
1989 1695 մարդ [4]
2001 1963 մարդ [3]
2004 2169 մարդ [3]
2011 1836 մարդ [1]


Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակատեղի «Հնաբերդ» մթա. 2-1 հզ, 1,5-2 կմ հվ-աե Ղալաչա թեփե բլրի գագաթին և լանջերին, գյուղից 2 կմ հարավ-արևելք, բերդասարի վրա, գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. Հնաբերդ բնակատեղին, որտեղ կա V-VI-րդ դարերի կիսավեր եկեղեցի։Հնաբերդում է գտնվում V-VII-րդ դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։ Միջնաբերդ մթա. 2-1 հզ բլրի գագաթին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 758. — 4696 p.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնաբերդ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։