Գյուղ | |||
---|---|---|---|
Մեծ Մասրիկ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Մակերես | 36 կմ² | ||
ԲԾՄ | 1940 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2699[2] մարդ (2019) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մեծ Մասրիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գյուղը տեղակայված է Վարդենիսից դեպի հյուսիսարևելք, Երևանից 170 կմ արևելք, մարզկենտրոն Գավառ քաղաքից 75 կմ հարավ-արևելք, Սևանա լճից 10 կմ և Սոթքից 7 կմ հեռավորության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Մասրիկի մշտական բնակչությունը կազմել է 3132, առկա բնակչությունը՝ 3066 մարդ[3]։ Մինչև 1918 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, մինչև 1989 թ.` ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն։ Մեծ Մասրիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Մեծ Մասրիկը՝ հայկական իշխանանիստ-մելիքանիստ ավան էր։ XIV-դարի վերջում, այստեղ հիմնվեց առաջին հայ մելիքությունը (իշխանությունը)՝ Սոթքի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմը։ Գյուղում մինչ օրս պահպանվել է մելիքական հանգստարանը, մի շարք յուրօրինակ տոհմական խաչքարերով։ Գյուղի հիմնական բնակիչները հայերն են։ Գյուղից դեպի հարավ տեղակայված է Վարդենիսի շրջանի օդակայանը։ 1991 թվականին Հայաստանի անկախության հռչակումից հետո, օդակայանը դադարեց գործել։
Աբաս Բեկի խաչքարը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Կանգնեցված է անմշակ պատվանդանին։ Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։ Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչները.
1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Խաչքարը ունի 5 տող վիմական արձանագրություն, որի համաձայն խաչքարը կանգնեցրել է Զոհրաբը, ի հիշատակ Աբաս Բեկի, ով Եսայի բեկի որդին էր ու Մելիք Շահնազարի թոռը։ Խաչքարը կանգնեցվել է 1641 թվականին։
Աբաս Բեկի անունով լեռը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայում՝ Ալ լճերի և Մասրիկ գետի արևմտյան ակունքի (Սոնայի աղբյուրի) միջև։
|