Յոզեֆ Ստրժիգովսկի

Յոզեֆ Ստրժիգովսկի
Józef Strzygowski
Ծնվել էմարտի 7, 1862(1862-03-07)[1][2]
Բելսկո Բլայա, Լեհաստան
Մահացել էհունվարի 2, 1941(1941-01-02)[3][1][2] (78 տարեկան)
Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունարվեստագետ, հայագետ, պրոֆեսոր, ուսուցիչ և preservationist
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Գրացի համալսարան և Աբո ակադեմիա
Գործունեության ոլորտԱրվեստի պատմություն և արվեստագիտություն[5]
ԱնդամակցությունԳերմանիայի հնագիտական ինստիտուտ, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ավստրիական հնագիտական ինստիտուտ, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն և ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[6]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4] և փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[7][5][8]
Եղել է գիտական ղեկավարWalter von Semetkowski?, Rudolf Berliner?, Franziska Fried-Boxer? և Otto Schneid?
Հայտնի աշակերտներArnold Schober?, Kurt Klaudy?[9] և Olena Romanivna Zbrontseva?
Պարգևներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Josef Strzygowski Վիքիպահեստում

Յոժեֆ Ստրժիգովսկի (մարտի 7, 1862(1862-03-07)[1][2], Բելսկո Բլայա, Լեհաստան - հունվարի 2, 1941(1941-01-02)[3][1][2], Վիեննա, Նացիստական Գերմանիա[4]), արվեստի ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր։ Ուսանել է Վիեննայում, Բեռլինում, Մյունխենում։ 1892-1909 թվականներին դասավանդել է Գրացում։ 1887-1892 թվականներին և 1909-1933 թվականներին՝ Վիեննայում, ուր հիմնել է արվեստագիտության այսպես կոչված վիեննական դպրոցին (Ա․ Ռիգլ և ուրիշներ) կից արվեստի պատմության երկրորդ ինստիտուտն ու ստանձնել ռեկտորի պարտականությունը։ Դասախոսություններում անդրադարձել է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Իրանի, Հայաստանի, Փոքր Ասիայի արվեստների պատմությանը։

1901 թվականին հրապարակել է «Արևելք, թե Հռոմ» գիրքը՝ կողմնորոշվելով կաթոլիկ եվրոպակենտրոնության դեմ հօգուտ Արևելքի մշակույթների, 1903 թվականին լույս է տեսել Ստրժիգովսկու «Փոքր Ասիա՝ արվեստի պատմության նորահայտ երկրամաս» աշխատությունը, 1910 թվականին՝ «Ամիդա», 1917 թվականին՝ «Ալթայ-Իրան», իսկ 1918 թվականին՝ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությունը։ Ստրիգովսկու նախաձեռնությամբ 1903 թվականին Բեռլինի թանգարան է տեղափոխվել Մշատտա դղյակի (Հորդանան) հարավային ճակատը, Արևելքում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ, իսկ Հայաստանում, ինչպես գրում է նա՝ հայերն իրենք էին իրենց հուշարձանների ուսումնասիրությունը վերցրել իրենց ձեռքը։ 1913 թվականին, Վիեննայում Ստրժիգովսկին հանդիպել է Թորոս Թորամանյանին, ինչպես և Լևոն Լիսիցյանին։ Ստրժիգովսկու ինստիտուտում Թ․ Թորամանյանի ցուցադրած լուսանկարների և չափագրությունների հիման վրա ծրագրվել է հայկական հուշարձանների «մեծ հավաքածու» հրատարակել Հայաստան կատարվելիք ճանապարհորդությունից հետո։ Ստրիգովսկին զարգացրել է պատկերագրությունը, բացահայտել ճարտարապետական տարրերի՝ գմբեթի, աբսիդի, կամարի նշանակությունը կառույցում, շեշտել կառուցվածքի միասեռ լինելու կարևորությունը։

Ստրժիգովսկին հայկական արվեստը հավասար է դասել հունականի և հյուսիսայինի (գոթականի) հետ, գտնելով, որ երեքն էլ զարգացել ու հասել են միասնության ամենաբարձր արտահայտության։ գմբեթածածկ կառույցի հիմնական խնդիրը՝ քառակուսի տարածությունը գմբեթով ծածկելը, ըստ Ստրիգովսկու լուծել են Սասանյան Պարսկաստանում (Արտաշիրի պալատը (223-224) Ֆիրուզաբադում, Սարվեստանի պալատը (420-430)), իսկ հռոմեական ճարտարապետության մեջ գմբեթատակ տարածությունը միշտ եղել է շրջանաձև․ քրիստոնեական ճարտարապետության վաղ շրջանում նշված խնդիրը լուծել են հայ վարպետները, բայց Ստրիգովսկու կարծիքով, Սասանյան կառույցների օրինակով։

Հայ ճարտարապետության գյուտը, ըստ ավստրիացի գիտնականի այն է, որ զարգացրել են գմբեթատակ տարածությունը առանցքային ուղղություններով և ուղղաձիգ՝ բրգաձև դասավորությամբ, ուր գերիշխում է գմբեթը։ Ճարտարապետական նման հղացումը, նրա համոզմամբ բարձր կարգի զարգացման խթան հանդիսացավ և առաջատար նշանակություն ունեցավ Արևմուտքի արվեստի համար։ Հայաստանում Ստրժիգովսկին եղել է երկու անգամ՝ 1889 թվականին և 1915 թվականի աշնանը։ Առաջին ուղևորության արդյունքը եղել է «էջմիածնի Ավետարանը» հոդվածը, որը քննադատվել է, բայց և գիտնականներին մղել հայ արվեստը դիտել որպես ուրույն և ոչ թե «գավառային» երևույթ։ Երկրորդ ուղևորությունը կազմակերպել էր Վիեննայի արվեստի պատմագիտության ինստիտուտը, Ստրժիգովսկու ղեկավարությամբ, արվեստի պատմաբան Հ․ Գլյուկի, ազգագրագետ է․ Քյուտլերի, Լ․ Լիսիցյանի, Թ․ Թորամանյանի մասնակցությամբ։

Ստրիգովսկին ծանոթացել է Նիկողայոս Մառի, Հ․ Տեր-Մովսեսյանի, է․ Թաղայշվիլու հետ։ Հայաստանին ծանոթանալով, Ստրժիգովսկին գրել է. «Հռոմը, Բյուզանդիոնը, Բաղդադը ներգրավել են իրենց աշխարհակալության ուժերն ու ստեղծել են արվեստ։ Հայաստանը մնում է ինքը իրեն սահմանված և իր մայր հողից է վերցնում ուժը և իր էության ինքնությունը, այնպես ինչպես ժամանակին առել է Հելլասը» («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան»)։ Ավստրիացի արվեստաբանը բացասաբար է վերաբերվել գեղագիտական իմանենտիզմին, որի միջոցով անհնար է բացատրել ճարտարապետության տիպերի բազմազանությունը․ Ստրժիգովսկին պարզ կառուցվածքային մտքի օրինակներ է համարում Մաստարայի, Արուճի, Մրենի եկեղեցիները, Անիի Մայր տաճարը, Հռիփսիմեն։ «Մարդ ուզում է հավատալ, - գրում է Ստրժիգովսկին, որ Հայաստանում 4-6-րդ դարերին պետք է որ այնպիսի հանճարեղ արվեստագետ-ճարտարապետներ ապրած լինեն, ինչպիսիք մեզ ծանոթ են մեծ Վերածննդի, բարոկկոյի․․․ ժամանակ»

Երկար ժամանակ բնակվել և դասավանդել է Հռոմում, որտեղից ճանապարհորդել է մի շարք երկրներ։ Հատկապես մասնագիտացվել է բյուզանդական, իսլամական և հայկական արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառներում, ինչի շուրջ գրել է արժեքավոր գիտական աշխատություններ։ Հետազոտությունների կարևոր մասը նվիրված է հատկապես հայկական ճարտարապետության պատմությանը և նրա ազդեցությանը՝ եվրոպական միջնադարյան գոթական ճարտարապետության վրա։ Յ. Ստրժիգովսկու հետազոտությունների համաձայն, գոթական ճարտարապետական ոճը հայկական ոճի ուղղակի ժառանգորդն է և շարունակությունը։ Այդ գիտական աշխատությունը լույս է տեսել երկու հատորով Վիեննայում, 1918 թվականին («Die Baukunst der Armenier und Europa», Bde. I-II. Wien 1918.՝ «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան», Հ. 1-2, Վիեննա, 1918)։

Յ. Ստրժիգովսկու պանգերմանական հայացքները և նրա հավատարիմ վերաբերմունքը Ա. Հիտլերի Երրորդ Ռայխի և Անշլյուսի նկատմամբ հաճախ առիթ են ծառայել իրեն ռասիզմի մեջ մեղադրելու համար, սակայն նրա ներդրումը արվեստի և ճարտարապետության պատմության բնագավառում միանշանակ ընդունելիության և հարգանքի է արժանացել աշխարհի գիտնականների կողմից։

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lachnit E. Strzygowski, Josef // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T081909
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #118799223 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 https://www.medievalacademy.org/page/CompleteCorrFellow
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. CONOR.Sl
  9. Encyclopaedia of Architects, Vienna 1770–1945 (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 156
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ստրժիգովսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Ստրժիգովսկի» հոդվածին։