Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռինդ | |||
![]() Փառքի պուրակ Ռինդում | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Արենի (համայնք) | Արենի համայնք[1] | ||
Համայնքապետ | Հուսիկ Սահակյան[2] | ||
Մակերես | 43․88 կմ² | ||
ԲԾՄ | 1320 մետր | ||
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային, չոր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1467 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||
Ազգային կազմ | հայեր (100%) | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +(374)281 | ||
Փոստային ինդեքս | 3613 | ||
Փոստային դասիչ | 3613 | ||
| |||
Ռինդ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։
Հայերենում ռինդ (ռինտ, ըռինտ) բառն ունի գեղեցիկ, գրավիչ, հպարտության արժանի իմաստները[5][6]։
Ռինդը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի Արփայի հովիտը իջնող լեզվակաձև սարավանդի վրա՝ ծովի մակերևույթից 1320 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 25 կմ դեպի արևմուտք։
Ներկայումս գյուղի վարչական տարածքը 4388.32 հեկտար է, տնտեսությունների թիվը՝ 432։ Մարզկենտրոնից հեռավորությունը 25 կմ է, մայրուղուց՝ 4 կմ։ Ռինդ գյուղը սահմանակից է Ելփին, Չիվա, Արենի, Աղավնաձոր, Հորս, Թառաթումբ գյուղերին։
Գյուղի տարածքն ընկած է Ելփին գետի ջրահավաք ավազանում։ Ամենամեծ ջրային օբյեկտը Եղեգնալիճն է, որի մակերեսը 2,12 հեկտար է, իսկ հայելու բացարձակ բարձրությունը՝ 1458 մետր։
Վարդենիսի լեռների հրաբխային ապարներում ներծծված ջրերն աղբյուրների տեսքով գյուղի տարածքում դուրս են գալիս լեռների ստորոտներում, որոնք էլ խողովակաշարերով հասնում են գյուղ ու օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով։
Ռինդ գյուղը հիմնադրվել է 1800 թվականների սկզբներին, Շորգեցի Սիմոնի կողմից, որից հետո այնտեղ են հաստատվել Մելիք Բալին՝ իր եղբայրներ Աղաբաբի և Գրիգորի հետ միասին, Զարգար Թադևոսը և այլ ընտանիքներ։ Բնակչության մի մասի նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ 1967 թվականին սողանքի պատճառով հին գյուղատեղին ապաբնակեցվեց, բնակիչները տեղափոխվեցին 3 կմ արևմուտք և «Թափ» հանդամասում հիմնեցին ներկայիս գյուղը։
Ենթադրվում է, որ Ռինդը պատմիչ Ստեփանոս Օրբելյանի (13-րդ դար) հիշատակած Ըռեղի գյուղն է[7]։
Գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ջնդրաղաջի սարահարթը նորագույն շրջանում հայտնի է որպես հայ-թուրքական բազմաթիվ կռիվների մարտադաշտ։ Նշանակալի է 1919 թվականի նոյեմբերի 29-ի մեծ կռիվը, որտեղ Աղավնաձորի ու Ռինդի դասակները և աշխարհազորը ջաղջախեցին և Ջնդրաղաջու դիրքերից դուրս շպրտեցին Խալին բեյի գլխավորությամբ Չիվայով դեպի Ռինդ և Աղավնաձոր արշավող Շարուրի թուրք հրոսակներին[8]։
Ռինդ գյուղի մշտական բնակչության թիվը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 1502 մարդ[9]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է բացառապես հայերով[10], որոնց նախնիների մի մասը 1828 թվականին եկել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[7]։ Ռինդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչության 1873-2023 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Գյուղի տարածքում պահպանվել են XII-XIII դարի եկեղեցու մնացորդներ, մատուռներ, XIII-XIV դարի խաչքարեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, փոստ, բուժկետ[15]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բուսաբուծությունից զարգացած է հատկապես խաղողագործությունը և դեղձի արտադրությունը։
2009 թ-ից Ռինդ գյուղի տարածքում գործում է «Զորահ» գինեգործական ընկերությունը։ 2012 թ-ին այդ ընկերության արտադրած Zorah Karasi Areni Noir գինին Բլումբերգ հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը[16]։
Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ անցկացված «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունում Ռինդը ճանաչվել է լավագույն գյուղական համայնք[17]։
Գյուղի մշակույթի տանը գործում է պարի խմբակ։
2012 թ-ից յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին նշվում է գյուղի հիմնադրման օրը[18]։
Գյուղի հյուսիս-արևելյան հատվածում է գտնվում հին հայկական Ուլգյուր բնակատեղին, որտեղ ծնվել է մանրանկարիչ, ճարտարապետ Մոմիկը։ Վերին Ուլգյուրում պահպանվել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը[19]։
Բնակավայրից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Ջնդրաղաչի պրիզմայաձև հարթակը, որը պաշտվել է որպես սրբատեղի։ Այս բարձունքում զուգորդվում են քրիստոնեական և նախաքրիստոնեական հուշարձանները։ Ջնդրաղաչ սրբավայրում կան երկու մենհիրներ, իսկ հարթակի դեր է կատարում միջնադարյան տապանաքարը[20]։ 2006 թվականին ՀՀ կառավարության N1905 որոշմամբ սրբավայրի մատուռի անունը հաստատվել է որպես «Ջնդրախաչ»[21]։
Գյուղում 2021 թվականին կառուցվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին[22]։ Գյուղի կենտրոնում է գտնվում փառքի պուրակը, որտեղ կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը, Արցախյան ազատամարտի և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարերը[23]։ Եկեղեցու հարևանությամբ է գտնվում աղբյուր-հուշարձան։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռինդ կատեգորիայում։ |