Վարդան Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1956 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց (1969), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1978) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1981) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Վարդան Ալեքսանդրի Աճեմյան (ապրիլի 27, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
Ծնվել է 1956 թվականի ապրիլի 27-ին Երևանում, արվեստագետների ընտանիքում։ Փոքր տարիքից կապված է եղել թատերական աշխարհի հետ, մեծացել է թատրոնում, մշտապես լինելով պապի (Վարդան Աճեմյան) կողքին և շրջապատված ականավոր և տաղանդավոր արվեստագետներով։
1962–1969 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, սակայն այդ տարիներին հատուկ հետաքրքրություն չի դրսևորել երաժշտության հանդեպ և լուրջ սկսել է զբաղվել երաժշտությամբ միայն 17 տարեկանից։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ղազարոս Սարյանի ստեղծագործական դասարան, որն ավարտել է 1978 թվականին։ Ուսանողական տարիներին գրված լավագույն ստեղծագործություններից են «Սիմֆոնիկ պոեմը», «Ժողովրդական երգերի շարանը», Պոլիֆոնիկ սոնատը։
Ուսման տարիների գեղարվեստական աճի լուրջ ապացույցը «Կիկոսի մահը» օպերան էր, որը կոմպոզիտորը ներկայացրեց որպես դիպլոմային աշխատանք։ Առաջին անգամ կոնսերվատորիայի պատմության մեջ դիպլոմային աշխատանքը գնահատվեց «5+»-ով և այդ մասին գրվեց «Правда» թերթում։ «Կիկոսի մահից» հետո երիտասարդ կոմպոզիտորին երեք ուղեգիր տրվեց․ առաջինն՝ օպերայի բեմադրության հնարավորությունն էր, երկրորդն՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու հնարավորությունը, երրորդը՝ կոմպոզիտորների միության անդամ դառնալը։ 1981 թվականին Վ. Աճեմյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Ղազարոս Սարյանի ղեկավարությամբ։ Սկսած 1978 թվականից Աճեմյանն զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1978 թվականին Նաիրիի շրջանի Քանաքեռավան (Մուրաթափ) գյուղի հանրակրթական դպրոցում բացել է երաժշտական դասարան, որը գործել է մինչև 1984 թվականը։ 1986–1988 թվականներին դասավանդել է Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1995–2003 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես կոմպոզիցիայի դասատու։ 1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է գոծիքավորում և գործիքագիտություն, իսկ 1995 թվականից՝ նաև կոմպոզիցիա[1][2][3]։
Վարդան Աճեմյանը մեր երաժշտության այսօրվա ճանաչված խոշորագույն դեմքերից է։ …Արդարացի կլինի նշել, որ այն, ինչ մինչ հիմա նա ստեղծել է, արժանացել է բարձր գնահատականի…Ցանկանում եմ առանձնահատուկ գնահատական տալ նրա վերջին ստեղծագործությանը՝ Կամերային սիմֆոնիային։ Իր մակարդակով, գեղարվեստական արժեքով սիմֆոնիան խոշորագույն երևույթ է մեր ժամանակակից երաժշտության ասպարեզում։ (Է.Միրզոյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, պրոֆեսոր, 12.08.2005 թ.) Հ.Գ. Անակնկալ։ Իմ այս խոսքից հետո իմացա, որ Սիմֆոնիան նվիրված է ինձ, և վերջապես առիթ ունեմ ասելու այն, ինչ մինչ այս չեմ ասել, որ հարազատություն եմ զգում Սիմֆոնիայի երաժշտության հետ և մինչ այս հետգրությունը խուսափել եմ արտահայտվել։ Պատված և շոյված եմ զգում ինձ։
Կոմպոզիտոր Վ. Աճեմյանի Սիմֆոնիա N3 օժտված է վառ անհատականությամբ, լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցներով, որտեղ արտահայտված են կոմպոզիտորի հոգու մտորումները… Ուզում եմ արտահայտել կոմպոզիտորին իմ անկեղծ գոհունակությունը և շնորհավորանքները, որը նվիրել է մեր ունկնդրին այսպիսի բարձրորակ երաժշտական կտավ որը պատիվ է բերում մեր երաժշտական արվեստին և գանձարանին։ (Ա. Հարությունյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, 24.05.2005 թ.)
Վ.Աճեմյանը հանդիսանում է Հայաստանի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը։ Նա փայլուն պրոֆեսիոնալ է, հիանալի երաժշտական երկերի հեղինակ և հավասարապես մեծատաղանդ է ամենատարբեր ժանրերում ստեղծագործելիս… Հատկանշական է, որ վերջին տարիներին արտերկրի հրատարակիչները հարաճուն հետաքրքրություն են ցուցաբերում Վ. Աճեմյանի ստեղծագործության նկատմամբ։ Նրա մի շարք երկեր, հատկապես,վերջին ժամանակներս,հրատարակվել են և հնչում են աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ։ (Կոնստանդին Օրբելյան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, 15.09.2009 թ.)
Մանկավարժական գործունեության ընթացքում Վ. Աճեմյանը տարբեր մասնագիտությունների գծով ունեցել է շուրջ 200 շրջանավարտ, որոնք աշխատում են տարբեր մշակութային հաստատություններում Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Կոմպոզիցիայի մասնագիտական դասարանի սաները հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր և մրցանակակիրներ են։ Վ. Աճեմյանի սաներից են՝ Մարինե Գյուլումյան (այժմ ապրում է Ֆրանսիայում), Արթուր Աքշելյան (այժմ ապրում է Շվեյցարիայում), Հայկ Մելիքյան, Շուշան Սարգսյան, Ռուբեն Աբրահամյան (այժմ ապրում է Շվեյցարիայում), Եղիշե Մանուչարյան, և այլք։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Աճեմյան (կոմպոզիտոր)» հոդվածին։ |
|