Գյուղ | ||
---|---|---|
Վերին Կարմիրաղբյուր | ||
Գյուղի եկեղեցին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
Գյուղապետ | Կամո Չոբանյան | |
Հիմնադրված է | 1860 թ. | |
Մակերես | 18,9 կմ² | |
ԲԾՄ | 1320 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1632[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Վերին Կարմիրաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, որը գտնվում է մարզկենտրոնից 59 կմ դեպի արևելք, Տավուշ գետի աջափնյակում։ Տեղակայված է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևելք, հարևանությամբ գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը[2]։
«Վերին Կարմիրաղբյուր» անվանումը գյուղը կրել է դեռ 400-500 տարի առաջ։ Նախկին գյուղատեղը, որը ժողովուրդը կոչում է Հինշեն, նույն կերպ է անվանվել, սակայն թուրքերեն հնչմամբ՝ Ղըզըլբուլաղ։ Այդ անունը, հավանաբար, գյուղը ստացել է կարմրագույն ավազոտ քարից դուրս եկող աղբյուրի շնորհիվ։ Բնակչությունը բաղկացած է եղել ինչպես բնիկներից, այնպես էլ եկվորներից, որոնք այստեղ են տեղափոխվել Լոռուց, Ղարաբաղից, Գանձակից և Երևանից։
Այսօրվա Վերին Կարմիր Աղբյուրը հիմնադրվել է 1860 թվականին։ Հետաքրքիր են գյուղի մասին 19-րդ դարի վերջին հրատարակված «Արցախ» (Բաքու, 1895 թ) գրքում տրված տեղեկությունները. «Կարմիր Աղբյուր» (Ղըզըլբուլաղ), բնիկ, հողն արքունի, տեղական բերքերը՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, ոչխար, տավար, գոմեշ, խոզ, տանձ, խնձոր, պատվական օդը, կլիման և ջուրը։ Ուշագրավ տեսարան։ 88-90 տարի երկար կյանք։ Սուրբ Հովհաննես եկեղեցին, ծածկն փայտաշեն, մի քահանա։ Ծուխը 105, արական 602, իգական 694։ Գյուղը շինված է մի սարահարթի վրա, Նորաշենի արևմտյան կողմում է»։
Հետագա տարիների ընթացքում գյուղը շատ է փոխվել։ Եղել են բազմաթիվ հաջողություններ, վերելքներ, և անկումներ։ Գյուղը էլեկտրաֆիկացվել է, գազաֆիկացվել, կառուցվել են ճանապարհներ, բարձրացել է գյուղացու կենսամակարդակը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 1632, առկա բնակչությունը՝ 1480 մարդ[1]։ Բնակիչերը հայեր են, որոնց մի մասի նախնիներն անցյալում եկել են Լոռու և Արցախի գյուղերից։
Վերին Կարմիրաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 329 | 747[4] | 779 | 1095 | 1529 | 1765 | 2136 | 2011 | 1970 | 1948 | 1632[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում պահպանվել է 1701 թ.-ի Սուրբ Հովհաննես եկեղեցին, իսկ արևելյան մասում՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի Նորաշենի դամբարանադաշտը։
Վերջերս լրացել է Վերին Կարմիր Աղբյուրի դպրոցի 100 ամյակը։ XIX դարի վերջում - XX դարի սկզբում, ինչպես Հայաստանի շատ գավառներում, այստեղ նույնպես գործել է ծխական դպրոց, որի միակ դասարանում սովորում էին 7-15 տարեկան տղաները։ Ուսուցիչները գյուղի հոգևորականներն էին՝ քահանա, տիրացու և այլք։ Մինչև 1906 թ. դպրոցը մի քանի անգամ բացվել ու փակվել է։ 1906 թ Արշակ Մելյանը, ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, վերադարձել է գյուղ և բացել մի դպրոց, որտեղ սովորում էին Վերին Կարմիր Աղբյուրի և Նորաշենի 60 մանուկներ՝ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ։ Տարիների ընթացքում արտագաղթի պատճառով գյուղի բնակչության թիվը նվազել է և 2020 թվականի տվյալներով դպրոցն ունի մոտավորապես 200 աշակերտ։ Իր ավելի քան մեկդարյա գոյության ընթացքում դպրոցը տվել է 19 մեդալակիր, իսկ հարյուրավոր շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։
|