Գյուղ | ||
---|---|---|
Փոքր Վեդի | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 26,25 կմ² | |
ԲԾՄ | 820 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2772[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փոքր Վեդի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Բիբլիական Արարատի ներքո, Արաքս գետի ձախ ափին, Երևանից 28 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից հեռու է 10 կմ, ծովի մակերևույթից բարձր է 820 մ։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Գյուղի նախկին անվանումը եղել է Քիչիկ Վեդի։ Քիչիկ Վեդին արաբերեն բառ է, որը նշանակում է փոքր տափաստան, հետագայում՝ թարգմանելով արաբերենից հայերեն, գյուղը կոչվել է Փոքր Վեդի։
Համայնքը սահմանակից է Թուրքիային և Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Լուսառատ համայնքներին։ Գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը։ Համայնքի տարածքին կից է պատմական Խոր Վիրապի վանքը։ 1922 թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915 թվականի Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով՝ 12 տնտեսություններ, թվով 76 մարդ, Վանից, Մոկքից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից, Հաղպակից։ 1946 թվականին գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձած ընտանիքներ, ինչպես նաև 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք։
1939թ-ից մինչև 1981թ. կոլտնտեսությունը ղեկավարել է Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը։ Մարգար Հովհաննիսյանը ընտրվել է ՍՄԿԿ 24-րդ համագումարի և ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ Մարգար Պետրոսի Հովհաննիսյանի աշխատանքային գործունեության ընթացքում շքանշանների են արժանացել Փոքր Վեդի գյուղը և շատ առաջավոր կոլտնտեսականեր։
Գյուղում սկզբնական շրջանում կառուցվել են կավից տներ, տների տանիքները, պատուհանները և դռները ծածկել են եղեգնով, երբեմն էլ՝ ուռենու և բարդու ճյուղերով։ Գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, այդ պատճառով էլ միայն բրինձ են ցանել։ Հետագայում գյուղի բնակիչներով ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ապա ցանել են բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ։ Այնուհետև գյուղում կառուցվել են քարաշեն և բարեկեցիկ տներ։
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են համայնքի 95 անդամներ, որոնցից զոհվել և անհայտ կորել են 41-ը։ Արցախյան ազատամարտին մասնակցել են համայնքի 65 ազատամարտիկներ, որոնցից զոհվել են 4-ը, անհայտ կորել՝ 2-ը։ Համայնքում կան հայրենական և արցախյան պատերազմի զոհվածների և եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ։
Համայնքն ունի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝
1980-1990 թթ. գյուղում գործել է երգի-պարի «Արաքս» ժողովրդական համույթը, որը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում։
Ամենաբարձր ջերմաստիճանը + 40 °C, ցածրը՝ -30 °C, տարեկան տեղումների քանակը կազմում է 200 մմ։
Ունի սառնորակ աղբյուրներ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոքր Վեդու մշտական բնակչությունը կազմել է 2772, առկա բնակչությունը՝ 2703 մարդ[1]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[2]։ Փոքր Վեդու բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 166 | 639[2] | 971 | 527 | 823 | 1359 | 2495 | 2853 | 3246 | 3091 | 2772[1] |
Փոքր Վեդի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, արվեստի դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, դեղատուն, հայ փոստի բաժանմունք, խանութներ, գազալցակայան։
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղից 37 կմ արևելք գտնվում է Ջղուն գյուղատեղին (9-14-րդ դդ., 18-19-րդ դդ.)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Վեդի» հոդվածին։ |
|