Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1909[1] |
Ծննդավայր | Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1980 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0811102 |
Ալեքսանդրա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա (ռուս.՝ Александра Гавриловна Снежко-Блоцкая, փետրվարի 21, 1909[1], Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1980, Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Հայտնի է հեղինակային հեքիաթների ու աշխարհի ժողովուրդների բանահյուսական երկերի բազմաթիվ էկրանավորումներով։
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 21-ին Վոլչանսկում (ներկայում՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), ինժեներ-երկաթուղագործ Գավրիիլ Նիկոլաևիչ Սնեժկո-Բլոցկու ընտանիքում։ Հայրը վաղ է մահացել, և Ալեքսանդրան դաստիարակվել է ավագ քրոջ՝ Լիդիա Գավրիլովնայի ու նրա ամուսնու՝ Յան Ստանիսլավովիչ Օլշամովսկու ընտանիքում։
Շուտով Ալեքսանդրան ու նրա խնամակալները տեղափոխվել են Ռյազանի նահանգի Շատուրա քաղաք (ներկայում՝ Մոսկվայի մարզում)։ Այնտեղ նա ավարտել է յոթամյա դպրոցը՝ զուգահեռաբար աշխատելով որպես գրադարանավարի օգնական տեղի ակումբում։ Ըստ դստեր խոսքերի՝ հենց այդ ժամանակ է նրա մեջ սեր արթնացել դեպի հեքիաթները, որոնք նա հավաքել ու էկրանավորել է իր ամբողջ կյանքի ընթացքում[2]։
Սովորել է Ճարտարապետա-շինարարական ինստիտուտին առընթեր գեղանկարչության ստուդիայում՝ Իվան Ռերբերգի մոտ, Գեղանկարչության ու գրաֆիկայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի մոտ[3]։
1932 թվականին աշխատանքի է ընդունվել «Союзкинохроника» կինոամսագրում որպես նկարիչ-ձևավորող։ 1934 թվականին ընդունվել է «Межрабпомфильм» ստուդիայի նկարված կինոյի արտադրամաս, մասնակցել ռեժիսորներ Վլադիմիր Սուտեևի և Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմերի ստեղծմանը որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես օգանական և երկրորդ ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Ալեքսանդր Եվմենենկոյի և այլոց խմբերում[3]։
Վլադիմիր Պոլկովնիկովի հետ միասին բեմադրել է «Նարնջագույն վզիկ» և «Կախարդված տղան» մուլտֆիլմերը։ 1956 թվականից աշխատել է ինքնուրույն։
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայային մեծ ճանաչում են բերել աշխարհի ժողովուրդների առասպելների ու հեքիաթների էկրանավորումները, մասնավորապես հին հունական դիցաբանության մոտիվներով ստեղծված հինգ մուլտֆիլմերի շարքը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Ռեդյարդ Կիպլինգի, Արկադի Գայդարի, Սելմա Լագերլյոֆի հեքիաթների էկրանավորումները[2]։
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 29-ին, թաղված է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի Ֆենինյան գերեզմանատանը[4]։
|