Էրվին Աքսեր լեհ.՝ Erwin Axer | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1917[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | օգոստոսի 5, 2012[3][4][1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան[5] |
Կրթություն | National Institute of Theatre Arts of Warsaw? (1939) |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Լեհաստան |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, համալսարանի դասախոս, գրող, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1401521 |
Էրվին Աքսեր (լեհ.՝ Erwin Axer, հունվարի 1, 1917[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - օգոստոսի 5, 2012[3][4][1], Վարշավա, Լեհաստան[5]), լեհ թատերական ռեժիսոր և մանկավարժ։
Էրվին Աքսերը ծնվել է Վիեննայում, հրեայի բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը՝ Մաուրիցի (Մորից Յոահիմ) Աքսերը (1886-1942), եղել է ազդեցիկ փաստաբան և իրավագետ[6], իսկ մայրը՝ Էռնեստինա Ֆրիդերիկա Շուստերը (1894-1982), տնային տնտեսուհի էր։ Մաուրիցի Աքսերի ավագ եղբայրը՝ շվեյցարացի մաթեմատիկոս Ալեքսանդր Աքսերը (անգլ.՝ Aleksander Axer, մահացել է 1949 թվականին), Աքսերի թեորեմի (1910) հեղինակն է[7][8]։
Լեհաստանի վերամիավորումից հետո Աքսերների ընտանիքը բնակություն է հաստատել Լվովում[9][10]։ 1939 թվականին Էրվին Աքսերն ավարտել է Վարշավայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը, որտեղ սովորել է Լեոն Շիլլերի մոտ[11]։
Որպես ռեժիսոր՝ Էրվին Աքսերն իր նորամուտը կատարել է 1938 թվականին Վարշավայի ազգային թատրոնում՝ բեմադրելով Յուջին Օ'Նիլի «Լուսինը Կարիբների վրա» պիեսը[9]։
1939 թվականից Էրվին Աքսերն աշխատել է Լվովում՝ Լեհական թատրոնում[11]. բեմադրել է Պոլ Կլոդելի, Ավգուստ Ստրինդբերգի ստեղծագործությունները։ Հոր ձերբակալությունից ու մահվանից հետո՝ 1942 թվականի վերջին, տեղափոխվել է Վարշավա, մասնակցել է Վարշավայի ապստամբությանը, ինչի համար ուղարկվել է Գերմանիա՝ աշխատելու քարհանքներում։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Լեհաստան և 1945-1949 թվականներին Լոձում աշխատել Զինվորի տան կամերային թատրոնում (լեհ.՝ Teatr Kameralny Domu Żołnierza) որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր[11]։
1949 թվականին Կամերային թատրոնը Լոձից տեղափոխվել է Վարշավա և վերակազմավորվել Ժամանակակից թատրոնի (լեհ.՝ Teatr Współczesny), որն Էրվին Աքսերը ղեկավարել է հիմնադրման օրվանից մինչև 1981 թվականը։ 1955-1957 թվականներին նա գլխավորել է ժամանակավորապես միավորված Ժամանակակից ու Ազգային թատրոնները[9]։ Աքսերը հատուկ ուշադրություն է դարձրել ժամանակակից լեհական դրամատուրգիային, ինչպես նաև բեմադրել է Ժան Պոլ Սարտրի, Ժան Ժիրոդուի, Տորնտոն Ուայլդերի և այլ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններ[11]։ «Վսպուլչեսնին» Էրվին Աքսերի գլխավորությամբ դարձել է Լեհաստանի լավագույն դրամատիկական թատրոններից մեկը և ճանաչվել երկրի սահմաններից դուրս։ Այդ թատրոնի բեմում ելույթ են ունեցել շատ հայտնի դերասաններ, ինչպիսիք են Անջեյ Լապիցկին և Տադեուշ Լոմնիցկին։
1962 թվականից Էրվին Աքսերը ներկայացումներ է բեմադրել Վիեննայում, այդ թվում՝ Բուրգթատրոնում[12], Բեռլինում, Համբուրգում, Ցյուրիխում, Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ) ու Եվրոպայի այլ քաղաքներում։
1947 թվականից դասավանդել է Վարշավայի Թատերական բարձրագույն դպրոցում (լեհ.՝ Państwowy Instytut Sztuki Teatralnej)[10]. նրա աշակերտների թվում է եղել Կոնրադ Սվինարսկին։
1992-1993 թվականներին Էրվին Աքսերը եղել է Լեհաստանի Հանրապետության նախագահին կից Մշակույթի հարցերով խորհրդի անդամ[9]։
Պարգևատրվել է «Աշխատանքային դրոշի» (1954) շքանշանով։ Լ. Շիլլերի (1955) և այլ մրցանակների դափնեկիր է։
Էրվին Աքսերը մահացել է 2012 թվականի օգոստոսի 5-ին Վարշավայում։
Էրվին Աքսերի առաջին կինը՝ Բրոնիսլավա Կրեչմարը, եղել է «Թատրոն» ամսագրի խմբագրության քարտուղարն ու թատերական ռեժիսոր Եժի Կրեչմարի (լեհ.՝ Jerzy Kreczmar, 1902-1985) դուստրը[13]։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Եժի Աքսերը (ծնվել է 1946 թվականին), ով դարձել է հայտնի բանասեր[14][15][16]։ Նրա երկրորդ կինը եղել է դերասանուհի Զոֆյա Մրոզովսկան (1922-1983)։ Նրանց որդին է ամերիկացի սոցիոլոգ Անջեյ Աքսերը (անգլ.՝ Andrew Axer):
Դրամատիկական մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Տովստոնոգովը բարձր է գնահատել իր լեհ գործընկերոջը՝ որպես ունիվերսալ ռեժիսորի, ով հավասար հաջողությամբ աշխատում է և՛ պայմանական թատրոնում, և՛ հոգեբանական թատրոնում[17]։ «Աքսերը,– գրել է Ի. Սկլյարևսկայան,– շատ խորաթափանց ու ճարտար նկարիչ է։ Նա ազատորեն փոխում է իր գործելակերպն ու ռեժիսորական մեթոդը՝ ելնելով դրամատուրգի պոետիկայից... Բայց ոչ մի մեթոդաբանություն նրա մոտ չի ստանում դեկլարատիվ կտրուկություն»[17]։ Նա Անտոն Չեխովի երկերը բեմադրել է հոգեբանական թատրոնի ավանդույթներով, սակայն Դրամատիկական մեծ թատրոնում «Արթուրո Ուիի կարիերան» բեմադրելիս դերասաններին ասել է. Այլ կերպ, քան Բրեխտ-ռեժիսորի մեթոդով, չի կարելի բեմադրել Բրեխտ-դրամատուրգին»[17]։
Որպես ռեժիսոր՝ Աքսերը խրախուսել է դերասանների նախաձեռնողականությունը. լեհ քննադատ Ա. Գրոզդիցկու վկայությամբ՝ նրա ներկայացումների մասին ընդունված էր ասել, որ նրանցում «ընդհանրապես չի զգացվում ռեժիսորը»[18]։ Խորհրդային քննադատ Բորիս Զինգերմանն Էրվին Աքսերի մասին ասել է. «Նրա ռեժիսուրան շատ հստակ է, բայց ոչ սևեռուն ու բռնակալական»[19]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվին Աքսեր» հոդվածին։ |
|