Ժամանակակից պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Հիմնադրվել է | 1905 |
Այցելուներ | 76 060 մարդ (2017)[2] |
Կայք | moderna-galerija.hr(հունգարերեն) և moderna-galerija.hr/en/(անգլ.) |
![]() | |
![]() |
Ժամանակակից պատկերասրահ Զագրեբում (խորվ.՝ Moderna Galerija u Zagrebu), գեղարվեստի թանգարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, 19-20-րդ դարերի խորվաթ նկարիչների կերպարվեստի, քանդակագործական ստեղծագործությունների նշանակալի և արժեքավոր աշխատանքների հավաքածու, երկրի կարևորագույն մշակութային և կրթական կենտրոն։ Թանգարանային ֆոնդերում հաշվառված է շուրջ 10000 գեղարվեստական ստեղծագործություն, որոնք 1934 թվականից հավաքվել են քաղաքի կենտրոնում գտնվող Վրանիչանիում (խորվ.՝ Vranyczany) պատմական պալատում։
Թանգարանի լրացուցիչ պատկերասրահը Իոսիպ Ռաչիչի ստուդիան է Մարգարետսկայա փողոցի թիվ 3 հասցեում[3]։ Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[4]՝
Զագրեբի ժամանակակից պատկերասրահի նախակարապետը (սկզբում՝ «Խորվաթական արվեստի ազգային պատկերասրահ» անվանումով) ընդունված է համարել 1900-ական թվականների սկզբին հիմնված Գեղարվեստի ընկերությունը, որի նկարները և քանդակները ձեռք են բերվել նրա անդամների կողմից[5], ինչպես նաև եպիսկոպոս Իոսիպ Շտրոսմայերի նվիրատվություններից[6]։
1899 թվականին Իզիդոր Կրշնյավը (խորվ.՝ Izidor Kršnjavi) առաջարկով հանդես եկավ Զագրեբի Գեղարվեստի ընկերության մասնակիցների առջև պատկերասրահի ստեղծման գաղափարի մասին։ Նրա առաջարկը 1901 թվականին արձանագրվել է Ցուցահանդեսի (խորվ.՝ Pravilnik za društvene izložbe) հատուկ կանոնադրության մեջ։ 1905 թվականի գարնանը ապագա Ժամանակակից պատկերասրահի համար ձեռք բերվեցին երեք արվեստի գործեր, որն էլ համարվում է նրա հիմնադրման պաշտոնական տարեթիվը։ Սակայն թանգարանի հավաքածուն աճում էր աստիճանաբար և թանգարանը հանրության համար չբացվեց մինչև 1914 թվականը, տեղավորվելով ժամանակակից Ազգագրական թանգարանի միակ սենյակում և հասանելի դարձավ նրանց, ովքեր հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում դրա համար[7]։
Քանի որ հավաքածուն մշտապես աճում էր, 1934 թվականին Պատկերասրահը տեղափոխվեց ներկայիս շենքը[5], Զրինևացի վրա գտնվող Վրանիչանի պալատը և գտնվում է այնտեղ մինչ օրս, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ընդմիջման։ Պալատը կառուցել է վիեննացի ճարտարապետ Ֆրեդի Կոնդրատին՝ ճարտարապետ Օտտո Հոֆերի նախագծով, 1882 թվականին բարոն Լույո Վրանիչանի (խորվ.՝ Lujo Vranyczany) համար։ 19-րդ դարի վերջին շենքի տերերը հաճախ են փոխվել, և այն մի քանի անգամ վերանորոգվել է։ Տարիներ շարունակ Վրանիչանի պալատը կապված է եղել Խորվաթիայի մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքում հայտնի մի շարք գործիչների հետ։ 1884 թվականի նոյեմբերին եպիսկոպոս Իոսիպ Յուրայ Շտրոսմայերը դրա պատշգամբից դիտել է նրա անվան պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությունը։
Պալատը ամբողջությամբ վերանորոգվել է 1993-2005 թվականներին, երբ հանրության առաջ բացվեց ներկայիս ցուցադրությունը։ Պալատի երկու հարկերը հատկացվեցին ժամանակակից պահանջներով կահավորված պատկերասրահին, որտեղ ցուցադրվում են խորվաթական ժամանակակից գեղանկարչության և քանդակագործության մշտական հավաքածուները։ Ժամանակակից պատկերասրահի ամբողջությամբ վերանորոգված պատմական սրահներում տեղակայվեցին «Խորվաթական արվեստի երկու հարյուր տարին (1800-2000)» ցուցադրությունները, որտեղ ներկայացվեցին, նկարիչների, քանդակագործների և մեդալագործների 650-700 լավագույն աշխատանքների ընտրանին[3]։ Զագրեբի Ժամանակակից պատկերասրահը դարձավ ժամանակակից արվեստի ամենահագեցած և ամենահայտնի թանգարանը Խորվաթիայում։ 1960-ական թվականների վերջերից թանգարանում կազմակերպվում են հայտնի խորվաթ նկարիչների աշխատանքների, հետահայաց և անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև խորվաթական և եվրոպական ժամանակակից արվեստի թեմատիկ ցուցահանդեսներ[7]։
Զագրեբի Ժամանակակից պատկերասրահը ունի 19-20-րդ դարերի խորվաթական արվեստի ստեղծագործությունների հարուստ և հայտնի հավաքածու։ Այսօր թանգարանային ֆոնդերում հաշվառված են շուրջ 10 հազար ցուցանմուշներ[3], ներառյալ կտավներ, քանդակներ, նկարներ և գրաֆիկական աշխատանքներ, մեդալիոններ և մեդալներ, ինչպես նաև հեղինակային գեղարվեստական լուսանկարներ և մեդիա արվեստի ժամանակակից նմուշներ։ Ավելի քան 700 արվեստի ստեղծագործություններ գտնվում են մշտական ցուցադրություններում , որոնք տեղակայված են պալատի երկու հարկերում և լուսաբանելով առանձին նկարիչների ստեղծագործություններ, ինչպես նաև նշելով նրանց տեղը խորվաթական մշակույթում։ Բացի հիմնական մշտական ցուցադրություններից Զագրեբի Ժամանակակից պատկերասրահում անցկացվում են ինչպես խորվաթական այնպես էլ արտասահմանյան նկարիչների հատուկ ցուցահանդեսներ։ Պատկերասրահը հրատարակում է մենագրություններ նկարիչների մասին, նրանց աշխատանքների ալբոմներ, մասնավորապես «Ժամանակակից խորվաթական արվեստ» անվանումով շարքի ստեղծագործություններ։
Զագրեբի ժամանակակից պատկերասրահում ներկայացված են հարավսլավացի և խորվաթ անվանի նկարիչների ստեղծագործություններ[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից պատկերասրահ (Զագրեբ)» հոդվածին։ |