Կեսար և Կլեոպատրա (պիես)

Կեսար և Կլեոպատրա
անգլ.՝ Caesar and Cleopatra
Փայփեր Լորին Կլեոպատրայի դերում․ 1959 թվական
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրպատմական-փիլիսոփայական դրամա
Ձևպիես
ՀեղինակԲեռնարդ Շոու
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1898
Առաջին ներկայացումմարտի 15, 1899
Հրատարակվել է1901
ՆախորդՍատանայի աշակերտը
ՀաջորդԿապիտան Բրասբաունդի վարմունքը
 Caesar and Cleopatra (play)

«Կեսար և Կլեոպատրա» (անգլ.՝ Caesar and Cleopatra), Բեռնարդ Շոուի պիեսներից, գրվել է 1898 թվականին։ Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1899 թվականին։ Ներառված է երեք պիեսից բաղկացած շարքում, որը հեղինակը հեգնորեն անվանել է «Երեք պիես՝ պուրիտանների համար» (շարքի մյուս երկու պիեսներն են՝ «Սատանայի աշակերտը» և «Կապիտան Բրասբաունդի վարմունքը»)։ Պիեսի գործողությունները կատարվում են մ․ թ․ ա․ 48-47 թվականներին՝ Եգիպտոսում, որտեղ Հուլիոս Կեսարը քաղաքացիական պատերազմի մեջ էր և որպես վճռորոշ ուժ ներգրավվել էր Կլեոպատրայի և նրա եղբոր՝ Պտղոմեոս XIII-ի դինաստիական հակամարտության մեջ։

Սա Բեռնարդ Շոուի ամենավառ պիեսներից մեկն է, ընգծված գրավիչ, դինամիկ սյուժեով, «լեզվի շքեղությամբ»[1], կենդանի բնավորություններով։ Դրա բեմադրություններում խաղացել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Լոուրենս Օլիվիեն, Մալքոլմ Կինը, Վիվիեն Լին, Փեգի Էշքրոֆթը, Կլոդ Ռեյնսը, Ռոստիսլավ Պլյատը։ Պիեսը բազմիցս էկրանավորվել է։

Ստեղծման պատմություն և բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնարդ Շոուն 1894 թվականին
Ջոնսոն Ֆորբս-Ռոբերթսոնը՝ Կեսարի դերում, 1906
Գերտրուդ Էլիոթը՝ Կլեոպատրայի դերում, 1906

Պիեսը ավարտին է հասցվել 1898 թվականին, բայց բեմադրությունը բավականին ուշ է կատարվել։ Առաջին ձևական (և այդ ժամանակ միակ) բեմադրությունը, հեղինակային իրավունքի գրանցման նպատակով, տեղի է ունեցել 1899 թվականի մարտին Նյուքասլի սիրողական բեմում։ Գլխավոր դերերում հեղինակը նախատեսել էր Ստելա Պատրիկ Քեմբելին և Ջոնսոն Ֆորբս-Ռոբերթսոնին, բայց այս դերասանների միջև եղած կոնֆլիկտի պատճառով՝ անգլիական պրեմիերան հետաձգվել է 9 տարի․ սա կապված էր նաև բեմադրության տեխնիկական բարդության և թանկության հետ։

Պիեսի տեքստը առաջին անգամ հրատարակվել է «Պիեսներ՝ պուրիտանների համար» հեղինակային ժողովածուում (1901

«Կեսար և Կլեոպատրա» պիեսի առաջին պրոֆեսիոնալ բեմադրությունը տեղի է ունեցել 1905 թվականին՝ բեռլինյան Մաքս Ռայնհարդի Գերմանական թատրոնում, դրան հաջորդել է նյույորքյան պրեմիերան (1906 թվական)։ Միայն 1907 թվականի սեպտեմբերին պիեսը ներկայացվեց անգլիական հանրությանը, ընդ որում՝ սկզբում ոչ թե Լոնդոնում, այլ գավառական Լիդսում։ Լոնդոնում պիեսը բեմադրվել է Սավոյի թատրոնում, Կեսարի դերը խաղացել է Ջոնսոն Ֆորբս-Ռոբերթսոնը, Կլեոպատրայինը՝ Գերտրուդ Էլիոթը (Gertrude Elliot

1909 թվականին «Կեսար և Կլեոպատրա» պիեսը բեմադրվել է մոսկովյան Փոքր թատրոնում[2]։

1912 թվականին Շոուն գրել է պիեսի առաջաբանը, որը փաստացիորեն փոխարինում էր հեղինակային նախաբանին․ դրանում Շոուն եգիպտական աստված Ռայի շուրթերով, պարզաբանում է իր պիեսի գաղափարական նշանակությունը։ Տեքստում հրատարակվում է նաև, նախաբանի մյուս՝ թատերական տարբերակը, որը պատկերում է հռոմեական բանակի ներխուժման ժամանակ Եգիպտոսի դրամատիկական պատմական իրադրությունը։ Պիեսի էկրանավորումներում սովորաբար օգտագործվել է պիեսի առաջաբանի երկրորդ տարբերակը։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հուլիոս Կեսար՝ հռոմեական զորահրամանատար, 50 տարեկան
  • Կլեոպատրա՝ եգիպտական թագուհի, 16 տարեկան։ Սկզբում վախեցած միամիտ աղջնակը, պիեսի վերջում դառնում է ինքնավստահ դաժան թագուհի։ Շոուն իր նամակներից մեկում նրան կարճ բնութագրում է որպես «կենդանի»
  • Ֆտատատիտա՝ թագուհու դայակը
  • Ռուֆիո՝ հռոմեական սպա
  • Լուցիոս Սեպտիմուս՝ հռոմեկան զինվոր, Պոմպեոսին սպանողը
  • Բրիտան՝ բրիտ, Կեսարի քարտուղարը․ Կեսարը նրան ծաղրանքով է վերաբերվում․ «Նա բարբարոս է և մտածում է, որ իր ցեղի և կղզու սովորույթները՝ բնության օրենքներն են»
  • Ապպոլոդոր՝ երիտասարդ արիստոկրատ, նկարիչ-նկարչության սիրահար
  • Պտղոմեոս՝ Կլեոպատրայի եղբայրը և ամուսինը, եգիպտական գահի պայքարում գլխավոր մրցակիցը
  • Պոտին՝ Պտղոմեոսի խնամակալը
  • Թեոդոտուս՝ Պտղոմեոսի դաստիարակը
Սավոյի թատրոնը, որտեղ տեղի է ունեցել պիեսի լոնդոնյան պրեմիերան

Բեռնարդ Շոուն առաջաբանի երկու տարբերակ է գրել։ Դրանցից առաջինում, առավել համառոտ, հանդիսատեսին է դիմում եգիպտական՝ Արևի աստված Ռան․ իր հեգնական խոսքում նա համեմատում է Հռոմեական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը և նախազգուշացնում․ «Զգուշացե՛ք, որ ինչ-որ փոքր ազգ, որին դուք ստրկության եք մատնել, չբարձրանա և աստվածների ձեռքին մտրակի չվերածվի, որը կիջնի ձեր սնապարծության և անարդարամտության, ձեր արատների և հիմարության վրա»։

Երկրորդ՝ առավել ծավալուն տարբերակում, նա ցույց է տալիս պատմական իրադրությունը Ալեքսադրիայում մ․ թ․ ա․ 48 թվականին։ Երկրում կան երկու ձևական կառավարիչ, տասնվեցամյա Կլեոպատրան և նրա տասնամյա եղբայրը՝ Պտղոմեոս XIII-ը։ Ալեքսանդրիան գրավվել է Կեսարի լեգեոնների կողմից։ Քաղաքում խուճապ է, որը խորանում է Կլեոպատրա թագուհու անհետացման պատճառով[3]։

Առաջին գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարը անապատում մոտենում է Սֆինքսի արձանին։ Հայտնվում է Կլեոպատրան, ով որոշել էր այդտեղ թաքնվել հռոմեացիներից, և զրուցում է նրա հետ։ Կեսարը որոշում է աղջկան դարձնել հռոմեական քաղաքականության գործիքը, նա Կլեոպատրայից պահանջում է վճռականություն դրսևորել և դառնալ իսկական թագուհի։ Կլեոպատրան անվստահորեն ասում է, որ կփորձի։ Նրանք գնում են պալատ, որտեղ Կեսարը նրան սովորեցնում է իրեն արքայավայել պահել․ արդյունքում՝ Կլեոպատրայի մոտ արթնանում են կասկածամտությունն ու դաժանությունը։

Պալատ են գալիս հռոմեական զինվորները, ողջունում են իրենց զորահրամանատարին, և Կլեոպատրան վերջապես հասկանում է, թե ով է իր կողքին[4]։

Երկրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները կատարվում են պալատի ներքին սրահում։ Կլեոպատրայի կրտսեր եղբայրը՝ Պտղոմեոս Դիոնիսոսը, արքային իր դժգոհությունն է հայտնում հռոմեացիների միջամտությունից։ Կեսարը Եգիպտոսից պահանջում է հարկերի վճարում և Կլեոպատրայի համաձայնությունը՝ հակառակ դեպքում սպառնալով ուժ գործադրել։ Դժգոհ եգիպտացիները հեռանում են, քաղաքում ապստամբություն է սկսվում։ Հռոմեական կայազորը գրավում է Ֆարոսը և ամրանում այնտեղ, ապստամբները ետ են քաշվում կղզի[5]։

Երրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի առափնյան դեպի Ֆարոս կղզի բացվող տեսարանով։ Հայտնվում է սիցիլիացի պատրիկ, արվեստի սիրահար Ապոլլոդորը։ Պալատից դուրս է գալիս Կլեոպատրան և պահանջում իրեն հասցնել կղզի՝ Կեսարի մոտ, սակայն զինվորները արգելում են դա նրան։ Այդ ժամանակ Կլեոպատրան խորամանկ ծրագիր է մշակում, Ապպոլլոդորին հրամայում է իրեն փաթաթել գորգի մեջ և ծածուկ հասցնել Ֆարոս՝ թանկարժեք նվերի տեսքով։ Ծրագիրը հաջողությամբ է պսակվում, բայց այդ ժամանակ սկսվում է կղզու գրոհը, և մնում է միայն փրկվել լողալով[6]։

Չորրորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցնում է մեկ տարի։ Պտղոմեոսի խնամակալ Պոտինը, կեսարի գերին, ինտրիգներ է սարքում Կլեոպատրայի դեմ։ Թագուհին, իմանալով այդ մասին, խիստ բարկանում է և իր հավատարիմ սպասուհի Ֆտատատիտեին հրամայում սպանել Պոտինին, ինչը և նա կատարում է։

Վրդովված քաղաքացիները նոր խռովություն են բարձրացնում։ Կեսարին փրկում է իր դաշնակցի՝ Մատրիդատ Պերգամոնի զորքերի ժամանանումը։ Կեսարը գնում է Մատրիդատի հետ հանդիպման, իսկ նրա զրահակիր Ռուֆին սպանում է Ֆտատատիտեին։ Կեսարը հավանություն է տալիս Ռուֆիի գործողություններին։ Ապստամբությունը ճնշվում է, Պտղոմեոս արքան զոհվում է, Կլեոպատրան դառնում է լիիշխան թագուհի[7]։

Հինգերորդ գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարը պատրաստվում է վերադառնալ Հռոմ։ Նա Կլեոպատրային խոստանում է իր փոխարեն ուղարկել Մարկոս Անտոնիոսին, ով մի քանի տարի առաջ նրա վրա անջնջելի տպավություն էր թողել։

Հռոմեական զինվորները ողջունում և բացականչում են․ «Փա՛ռք Կեսարին»[8]։

Գաղափարական-գեղարվեստական շարժառիթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մեկնաբանություններում Բեռնարդ Շոուն բացահայտում է պիեսի հիմնական նպատակները։

Առաջին նապատակը Կեսարի միջոցով ներկայացնելն է իդեալական կառավարչի կերպարը՝ իմաստուն, հեռատես, իրատես, ներողամիտ մարդկային թուլությունների նկատմամբ, ժողովրդի և պետության բարօրության և առաջընթացի համար մտահոգ։ Շոուի խոստովանությամբ իր վրա մեծ ազդեցություն է ունեցել Թեոդոր Մոմզենի «Հռոմի պատմություն» գիրքը[9], և Շոուի հերոսը համապատասխանում է գրքում ներկայացված Կեսարի կերպարին։ Մոմզենը գրում է.

Կեսարը մինչև ուղնուծուծը իրատես և ողջամիտ մարդ էր, և այն ամենը ինչ նա նախաձեռնում կամ անում էր, ներթափանցված էր այն հանճարեղ խելամտությամբ, որը կազմում է նրա խորը յուրօրինակությունը։ Դրան նա պարտական է իր իրականությամբ ապրելու, հուշերի կամ սպասումների պատճառով ճանապարհից չշեղվելու կարողությամբ, այն բազմակողմանիությամբ, որով նա տիրում էր ամեն ինչին և ղեկավարում բոլորին, որ բանականությունը ի զորու է հասկանալ, իսկ կամքը հարկադրել..., դրան նա պարտական էր այն հրաշալի կենսուրախությամբ, որը նրան չէր դավաճանում ո՛չ լավ, ո՛չ վատ պահերին, դրան էր պարտական, վերջապես, բացարձակ ինքնուրույնությամբ, որը թույլ չէր տալիս իր վրա տիրապետություն ունենալ ոչ մի սիրեցյալի կամ սիրուհու, նույնիսկ ոչ մի ընկերոջ։

Բայց մտքի այդ իսկ հստակությունից է բխում այն, որ ԿԵսարը երբեք իր համար պատրանքներ չէր ստեղծում ճակատագրի ուժերի և մարդու հզորության մասին, մարդկանցից իրենց գործունեության թերությունները նրբորեն թաքցնող ծածկոց նրա համար գոյություն չուներ․․․․Ինչպիսի պատրաստակամությամբ էլ նույնիսկ միապետ լինելու ժամանակ, նա չէր սիրատածում կանանց, նրանք նրա համար միայն խաղալիքներ էին, և նա նրանց թույլ չէր տալիս իր վրա նույնիսկ չնչին ազդեցություն ունենալ, նույնիսկ թագուհու հետ ունեցած նրա այդքան հայտնի հարաբերությունները պայմանավորված էին նրա քաղաքական կարգավիճակի թույլ կողմը քողարկելու ձգտմամբ[10][11]։

Շոուն Մոմզենից փոխառել է մի շարք մանրամասներ[9], օրինակ, հիշատակությունը ճաղատության մասին, որ այդքան վշտացնում էր Կեսարին[10]։

Պիեսի՝ հեղինակի կողմից նշված մյուս նպատակը բանավեճն է Շեքսպիրի ոճի շուրջ, ում Շոուն բազմիցս մեղադրել է վատ ճաշակ ունենալու, սահմանափակության, ավելորդ ռոմանտիզմի և այլ մեղքերի համար[12]

Շեքսպիրյան «Անտոնիոս և Կլեոպատրան» բացարձակ ընդունելի չէ իսկական պուրիտանի (մաքրակրոն) համար, իսկ սովորական քաղաքացու համար դրա հերոսները գործում են մի տեսակ ճնշող ձևով․ Շեքսպիրը, ճշմարտացիորեն սկզբում նկարագրելով անառակության մեջ թաղված զինվորին և շարքային անառակուհուն, որոնց գրկախառնություններում մեռնում են այդպիսի տղամարդիկ, դրանից հետո իր հռետորության կախարդական իշխանությամբ և բեմական պաթոսով թատերական վեհություն է տալիս այդ ողորմելի պատմությանը, հիմար հանդիսականին ներշնչելով, որ իր հերոսները գեղեցիկ են վարվել, տալով ամեն-ինչ՝ ամբողջ աշխարհը, սիրո դիմաց։ Այդպիսի կեղծիքը ոչ ոք հանդուժել չի կարող, բացի իրապես գոյություն ունեցող անտոնիոսներից և կլեոպատրաներից (նրանց կարելի է հանդիպել յուրաքանչյուր գինետանը), որոնք, հավանաբար, ուրախ կլինեին, եթե ինչ-որ պոետ նրանց փոխակերպեր անմահ սիրահարների․․․

Կեսարի կերպարում ես պատկերում եմ բնավորություն, որն արդեն նկարագրված է Շեքսպիրի մոտ։ Բայց մարդկային թուլությունները խորությամբ ըմբռնող Շեքսպիրը, երբեք չի հասկացել, թե ինչ է կեսարյան տիպի մարդկային ուժը։ Նրա Կեսարը համընդհանուր անհաջողություն է, նրա Լիրը անգերազանցելի գլուխգործոց․․․Կեսարը Շեքսպիրի հնարավորություններից դուրս էր և անհասանելի ժամանակաշրջանի ըմբռնմանը, որի ակունքներում կանգնած էր Շեքսպիրը և որը այժմ արագ մոտենում է անկման։

Շոուի Կեսարը խիստ ռացիոնալ է, սթափ է դատում մարդկանց և հանգամանքների մասին, և դա է նրա հաջողության գլխավոր պատճառը, հենց այդ գիծն է ընդգծում նրա գերազանցությունը մյուսներից։ Այդ գաղափարի համար դրամատուրգը նույնիսկ մի կողմ թողեց պատմական այն փաստը, որ Կլեոպատրան եղել է Կեսարի սիրուհին և նրանից որդի ունեցել, որին անվանել է Կեսարիոն։ Շոուի մյուս շեղումը պատմական իրողությունից այն է, որ պիեսի վերջում Կեսարը բաժանվում է Կլեոպատրայից, չնայած իրականում իր հետ Հռոմ է տանում[9]։

Չնայած Մոմզենի ակնհայտ ազդեցությանը, Շոուի պիեսը «Հռոմի պատմության» պատկերազարդումը չէ կամ Շոուի անձնական քաղաքական հայացքը։ Պիեսի կերպարները վառ և գեղարվեստականորեն արժանահավատ կերպով են ներկայացված։ Պիեսին լրացուցիչ հումորային երանգավորում է տալիս քարտուղար Բրիտանի՝ XIX դարի վիկտորյանական ժամանակաշրջանի ազնավականության մեծամտությունն ու սահմանափակությունը ծաղրող ակնարկները[13]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորբս-Ռոբերթսոնին ուղղված նամակում (1903), Շոուն կանխատեսել էր, որ պիեսը դասական է դառնալու[14], և չէր սխալվել։ Քննադատները նշում են պիեսի շքեղ գունագեղ լեզուն, երկխոսությունների առկայծող սրամտությունը[1], Շոուին բնորոշ հակապատերազմական մոտիվները[1]։

Կենսագիր Հեսքեթ Փիրսոնի մեկնաբանությունը[15]

«Կեսար և Կլեոպատրան» Շոուի միակ պիեսն է, որը հսկայական ազդեցություն է ունեցել ժամանակակից գրականության վրա․ այստեղից է սկսվում առողջ և հումորային մոտեցումը պատմական թեմաներին։ Այս իմաստով՝ նրա աշխատանքի նշանակությունը դժվար է գերագնահատել։

Որոշ բեմադրություններ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կեսար և Կլեոպատրա» պիեսը Ռուսաստանում առաջին անգամ բեմադրվել է Փոքր թատրոնում։ Պիեսի առանձին մոտիվներ օգտագործել է Ալեքսանդր Թաիրովը Կամերային թատրոնի «Եգիպտական գիշերներ» (1934) ներկայացման մեջ։ 1965 թվականին պիեսը բեմադրվել է Մոսսովետ թատրոնում, գլխավոր դերը կատարել է Ռոստիսլավ Պլյատը[2]։

2010 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդր Ժուրբինը և Ժաննա Ժերդերը Շոուի պիեսի հիման վրա ստեղծեցին համանուն մյուզիքլ, որի գլխավոր դերակատարը եղել է Գերարդ Վասիլևը[16]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Թվական Ռեժիսոր Դերակատարներ Մեկնաբանություն
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1945 Գաբրիել Պասկալ Կլոդ Ռեյնս, Վիվիեն Լի[17] Շոուի պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերից առաջինն էր որ գունավոր էր, և Անլգիայում նկարահանված ամենաթանկարժեքը այդ ժամանակ։ Ֆիլմը առաջադրվել է Օսկարի Լավագույն բեմադրող-նկարիչ անվանակարգում (Ջոն Բրայան)։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1945 թվականի դեկտեմբերի 11-ին[18]։
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1964 Հանս-Դիտեր Շվարց Պաուլ Ֆերհոյվեն, Ուտա Սաքս Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1964 թվականի հունվարի 16-ին[19]
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1969 Ուլրիխ Էրֆուրտ Օ․ Է․ Հասսես, Վիոլետա Ֆերարի Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1969 թվականի սեպտեմբերի 28-ին[20]
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 1979 Ալեքսանդր Բելինսկի Ինոկենտի Սմակտունովսկի, Ելենա Կորենևա[21]
Կանադա Կանադա 2009 Դես ՄակԱնուֆ Քրիստոֆեր Պլամեր, Նիկկի Մ․ Ջեյմս Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 31-ին[22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Эмрис Хьюз, 1968, Глава 8
  2. 2,0 2,1 Аникст А. А., комментарии к тому 2, 1979, էջ 669
  3. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Вариант пролога)
  4. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Действие первое)
  5. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Действие второе)
  6. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Действие третье)
  7. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Действие четвертое)
  8. Бернарда Шоу, Цезарь и Клеопатра (Действие пятое)
  9. 9,0 9,1 9,2 Аникст А. А., комментарии к тому 2, 1979, էջ 670—671
  10. 10,0 10,1 Моммзен Т. История Рима, том III,. М.: ОГИЗ ГОСПОЛИТИЗДАТ, 1941, С. 380—391.
  11. А. Аникст. Послесловие к пьесе «Цезарь и Клеопатра» Б. Шоу
  12. Предисловие к «Пьесам для пуритан», 1979, էջ 28
  13. Аникст А. А., комментарии к тому 2, 1979, էջ 672
  14. Хескет Пирсон, 1997, Глава «Дань с придворного театра»
  15. Хескет Пирсон, 1997, Глава «Брак и шедевр»
  16. «Цезарь и Клеопатра, мюзикл в 2-х действиях». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. Фильм Цезарь и Клеопатра (1945) (IMDB)
  18. Фильм Цезарь и Клеопатра (1945)
  19. Фильм Цезарь и Клеопатра (1964)
  20. Фильм Цезарь и Клеопатра (1969)
  21. Телеспектакль Цезарь и Клеопатра (1979)
  22. Фильм Цезарь и Клеопатра (2009)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аникст А. А. Комментарии к «Цезарю и Клеопатре» // Бернард Шоу. Полное собрание пьес в шести томах. — М.: Искусство, 1979. — Т. 4. — 656 с.
  • Балашов П. Художественный мир Бернарда Шоу. — М.: Художественная литература, 1982.
  • Деннингхаус Ф. Театральное призвание Бернарда Шоу. — М.: Прогресс, 1978.
  • Морозов М. М. Драматургия Бернарда Шоу // Шекспир, Бернс, Шоу. — М.: Искусство, 1967.
  • Пирсон, Хескет. Бернард Шоу. — Ростов-на-Дону: Феникс, 1997. — 544 с. — (След в истории). — ISBN 5-222-00176-8
  • Ромм А. С. Джордж Бернард Шоу : 1856-1950. — М.—Л.: Искусство, 1965. — 249 с. — (Классики зарубежной драматургии).
  • Хьюз, Эмрис. Бернард Шоу. — М.: Молодая гвардия, 1968. — 288 с. — (Жизнь замечательных людей).
  • Бернард Шоу. Предисловие к «Пьесам для пуритан» // Полное собрание пьес в шести томах. — М.: Искусство, 1979. — Т. 4. — С. 7—36.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսար և Կլեոպատրա (պիես)» հոդվածին։