Նադեժդա Ռումյանցևա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1930 |
Ծննդավայր | Պոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 8, 2008[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | Կինոդերասանի պետական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Նադեժդա Վասիլևնա Ռումյանցևա (ռուսերեն՝ Надежда Васильевна Румянцева, սեպտեմբերի 9, 1930, Պոտապովո, Գագարինսկի շրջան, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 8, 2008[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի` ազգությամբ ռուս, կատակերգական ժանրի դերասանուհի։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[3]:
Նադեժդա Ռումյանցևան ծնվել է Սմոլենսկի մարզի Գագարինի շրջանի Պոտապովո գյուղում, երկաթուղային ուղեկցորդի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Կենտրոնական մանկական թատրոնին (ներկայիս Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոն) կից դասընթացներում[4]։ Այնուհետև ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտ (ГИТИС): Դերասանուհի և մանկավարժ Օլգա Պիժովան, Նադեժդայի հետ մեծ հույսեր կապելով, օգնել է, որպեսզի նա ընդունվի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ (ВГИК), որտեղ ժամանակի ընթացքում նա սկսել է աշխատել։
Ավարտելով ուսումը, նա արդեն իսկ կայացած դերասանուհի էր և հիմնականում հանդես էր գալիս տրավեստի ամպլուայով։ Հատկապես շատ էր խաղում Կենտրոնական մանկական թատրոնի բեմում և նկարահանվել էր նաև «Կյանքին ընդառաջ» (1952 թ.) և «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (1953 թ.) կինոնկարներում։
1955 թվականին Նադեժդան աշխատանքի է անցել Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1961 թվականին նկարահանվել է «Աղջիկները» կինոնկարում, որի շնորհիվ արժանացել է համընդհանուր ճանաչման[5]։ Նշված դերակատարման համար Նադեժդա Ռումյանցևան Մար դել Պլատայում կայացած միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ` կանացի լավագույն դերակատարման համար։ Արտասահմանյան ամսագրերը նրան անվանում էին «կիսաշրջազգեստով Չարլի Չապլին», իսկ իտալացիները` «ռուսական Ջուլիետա Մազինա»[6][7]։ 1962 թվականին Նադեժդան նկարահանվել է «Բենզալցակայանի թագուհին» կինոնկարում, որը դիտել են շուրջ 53 միլիոն հանդիսատեսներ[8]։
Կինոյում խաղացած դերերին զուգահեռ, Նադեժդա Ռումյանցևան հադես էր գալիս նաև ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքով։ Նրա ձայնը հնչում էր խորհրդային և արտասահմանյան բազմաթիվ կինոնկարներում, ինչպես նաև բազում մուլտֆիլմերում։ Նադեժդա Ռումյանցևան հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստատեսությունում։ Երկար տարիներ նա Կենտրոնական հեռուստատեսությամբ վարում էր «Զարթուցիչ» («Будильник») մանկական հաղորդումը։
Նադեժդա Ռումյանցևան ամուսնացած էր ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության աշխատակից, ազգությամբ հայ Վիլլի Խշտոյանի հետ։ Ամուսնու հետ երկար տարիներ ապրել է արտասահմանում (Մալայզիա, Եգիպտոս), քանի որ ամուսինը, որպես ԽՍՀՄ առևտրային ներկայացուցիչ, հաճախ էր գործուղվում արտասահման։ Նադեժդան նվիրված էր ընտանիքին (ամուսնուն և նրա դստերը` Կարինեին), որով էլ բացատրվում էր հաճախ կինոնկարահանումներից հրաժարվելը։ Անձամբ նա երեխաներ չի ունեցել[9]։
1996 թվականին, երկու հանցագործներ փորձել են կողոպտել նրանց բնակարանը։ Հանցագործներին խանգարել է Նադեժդայի ամուսինը` Վ. Խշտոյանը, ով նախկին բռնցքամարտիկ էր։ Սակայն հանցագործներից մեկը հասցրել է հարվածել Նադեժդա Ռումյանցևայի գլխին։ Դրանից հետո, մինչև կյանքի վերջը, դերասանուհին տառապում էր գլխացավերից և հաճախ կորցնում էր գիտակցությունը։
Նադեժդա Ռումյանցևան մահացել է 2008 թվականի ապրիլի 8-ին` գլխուղեղի ուռուցքից։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[10]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1952 | Կյանքին ընդառաջ | Навстречу жизни | Մարուսյա Ռոդնիկովա |
1953 | Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը | Алёша Птицын вырабатывает характер | Գալյա Պտիցինա |
1954 | Ծովային որսկանը | Морской охотник | Կատյա |
1955 | Մեքսիկացին | Мексиканец | Մեյ |
1955 | Որդին | Сын | Թամարա |
1955 | Գարնանային ձայներ (Երջանիկ պատանեկություն) | Весенние голоса (Счастливая юность) | Նինա Ռումյանցևա |
1956 | Ծովն է կանչում | Море зовёт | Նաստյա Ֆեդորենկո |
1957 | Վառվիր, իմ աստղ | Гори, моя звезда | Իրինա |
1958 | Աստղային տղան | Звёздный мальчик | Անտառային տղան |
1958 | Հերթական ուղերթ | Очередной рейс | Անյա Կռիլենկո |
1959 | Անհնազանդները | Неподдающиеся | Նադյա Բերեստովա |
1960 | Երեք անգամ կենդանացածը | Трижды воскресший | Լյուբաշա Սոլովյովա |
1961 | Ազատ քամի | Вольный ветер | Պեպիտա |
1961 | Աղջիկները | Девчата | Տոսյա Կիսլիցինա |
1962 | Պավլուխան | Павлуха | Լյոլյա |
1962 | Բենզալցակայանի թագուհին | Королева бензоколонки | Լյուդմիլա |
1963 | Կիսակայարան | Полустанок | Սիմա |
1964 | Բալզամինովի ամուսնությունը | Женитьба Бальзаминова | Ռաիսա Պեժյոնովա |
1964 | Հեշտ կյանք | Лёгкая жизнь | Գալյա |
1966 | Սատանան թղթապանակով | Чёрт с портфелем | Մաշա Ֆեոդորովա |
1967 | Պինդ ընկույզ | Крепкий орешек | Ռայա Օրեշկինա |
1969 | Ամանորյա առևանգում | Новогоднее похищение | կիթառահար |
1971 | Մեկ ժամով ֆակիր | Факир на час | Տատյանա Միրոնովա |
1975 | Աու-ու | Ау-у! | Սենյայի կինը |
1976 | Անչափահասները | Несовершеннолетние | Ալկայի մայրը |
1976 | Երկուշաբթին ծանր օր է | Трудный день — понедельник | Վալենտինա Եվգենևնա |
1981 | Բոլորին հայտնի գաղտնիքը | Тайна, известная всем | տիկին Սալամանդրա |
1981 | Վաճառված ծիծաղը | Проданный смех | Էմմա Ռիկերտ |
1982 | Ամուսնացած ամուրին | Женатый холостяк | Վալենտինա Զայցևա |
1986 | Աշխարհի վերջն` հաջորդող սիմպոզիումով | Конец света с последующим симпозиумом | Օդրի Վուդ |
1990 | Գիշանգղները ճանապարհներին | Стервятники на дорогах | Մարգարիտա |
2004 | Հրաշագեղ հովիտը | Чудная долина | Այշա |
2005 | Անսպասելի ուրախություն | Нечаянная радость | Մարիա Իվանովնա |
2008 | Ավան | Посёлок | Ալևտինա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Ռումյանցևա» հոդվածին։ |
|