Պուլհյոգդա (նորվ.՝ Polhøgda, «Բևեռային բարձրություն»), նորվեգացի բևեռախույզ, գիտնական, մեծ մարդասեր, ճանապարհորդ ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի առանձնատունը Նորվեգիայում։ Վերջինս գտնվում է Լյուսակերի և Ֆորնեբյուի միջև՝ Բերումում, որը Ակեսհուս նահանգում է։ Շինությունը կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ 1901 թվականին ճարտարապետ Յալմար Վելհավենի կողմից։ 1948 թվականից այս շինությունը զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտը։
Ֆրիտյոֆ Նանսենի և Եվա Նանսենի ավագ դստեր՝ Լիվ Նանսենի վկայությամբ այս առանձնատունը հենց սկզբից կոչվել է «Polhøiden»։ Այս անվանումն ունի երկակի իմաստ. Polhøyde նշանակում է Նանսենի ռեկորդը՝ 86° 14’ հյուսիսային լայնության և միաժամանակ նրա սիրելի խմիչքի անվանումը՝ Polhøidera ՝ վիսկին զելտերյան ջրով։ Ավելի ուշ առանձնատան սեփականատերը անվանափոխեց շինությունն ու կոչեց Polhøgda[1]։
Նանսենի առանձնատան շրջակայքում, Լյուսակերում 1896-ից 1899 թվականների ընթացքում հիմնավորվեցին բարձրաշխարհիկ ընտանիքները։ Այդ թվում և Էրիկ Վերենշելդը, Է. Պետերսենը, Գ. Մունտեն, գիտնական եղբայրներ Է. և Օ. Սարսերը (Եվա Նանսենի հարազատները), օպերային երգիչ Տ. Լամմերսը, պրոֆեսոր Մ. Մոն, գրող Հ. Քինգը, հրատարակիչ Օ. Թոմմեսենը և այլ անձինք[2]։ Չնայած 1899 թվականին Եվա Նանսենը վերջնական դադարեց համերգային գործունեությունը[3], բայցևայնպես, հաճախակի Պուլհյոգդայում համերգային երեկույթներ էր կազմակերպում։
Քանի որ Նանսենների ընտանիքում մեծանում էին երեք երեխաներ, ուստի վերջինս հողատարածք գնեց 1901 թվականին Ֆորնեբյուի անտառային հատվածում։ Տարածքի զբաղեցրած մակերեսը կազմում էր շուջ 55 մոլ (5½ հա)։ Նանսենը որոշեց, որ այստեղ կառուցելու է մեծ առանձնատուն, որտեղ կտեղավորվեն ոչ միայն ընտանիքի անդամները, այլև կկարողանա գիտական աշխատանքով զբաղվել և կատարել ազնվակիրթ հասարակության ընդունելություն[4]։ Լիվ Նանսենը «Գիրք հորս մասին» գրքում գրում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ երբ ընդունեց հայրը նոր տուն կառուցելու որոշումը[5]։
Տունը կառուցվեց ճարտարապետ Յալմար Վեհավենի կողմից, ով, ի դեպ, Եվա Նանսենի զարմիկն էր։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին 1901 թվականին։ Առանձնատունը կառուցվեց նորվեգական ամրոցներին բնորոշ տեսքով։ Նորամուտը Նանսենների ընտանիքը նշեց 1902 թվականի ապրիլի 4-ին[4]։ Լիվ Նանսենը հպարտությամբ գրել է, թե տանը կար լոգասենյակ, որը հարևան ոչ մի տներում չկար[6]։
Համաձային ընտանեկան լեգենդի, «Պուլհյոգդա» առանձնատան այգում շաղ տված Եվա Նանսենի (վերջինս մահկանացուն կնքեց 1907 թվականի դեկտեմբերի 9-ին) մոխիրը պարարտացրել է վարդերի թփերից մեկը[7]։
Պուլհյոգդա առանձնատան կենտրոնում գտնվում էր հյուրասենյակ-հոլլը, որը երկհարկանի էր։ Առաջին հարկում հենց այդ սենյակից կարող էիր մտնել ընդունարան, գրադարան և քարտուղարի սենյակ (բոլոր սենյակները դեպի արևմուտք էին գտնվում)։ Ճաշասենյակի և Եվայի հյուրասենյակի պատուհանները դեպի արևելք էին նայում։ Եվա Նանսենի հյուրասենյակում տեղադրված էր ռոյալ։ Երկրարդ հարկում հոլլ-հյուրասենյակը դառնում էր պատկերասրահ. այստեղից կարելի էր գնալ դեպի ննջասենյակները[6]։ Ֆրիտյոֆ Նանսենի աշխատասենյակը գտնվում էր առանձնատան երրորդ հարկի աշտարակում։ Այստեղից պատուհանները բացվում էին բոլոր երեք ուղղություններով, դրանցից մեկը նայում էր Բուննեֆյորդին։ Նանսենի աշխատասենյակում տեաղավորված էր նրա աշխատանքային գրադարանը։ Պատերը զարդարված էին սիրելի նկարիչների վերարտադրանկարներով։ Այստեղ, մինչև նրա մահը, պատին կախված մնաց նաև սիրելի կնոջ՝ Եվա Նանսենի լուսանկարը համերգային հանդերձանքով։ Առաջին հարկի հյուրասենյակի պատերը նկարազարդված էին Էրիկ Վերենշելդի կողմից։ Տունը կահավորված էր 1890-ականների ոճով։ Պատկերասրահի մասում՝ երկրորդ հարկի հոլլում, աճում էին արմավենիներ։ Հատակին կար արջի մորթի՝ գլխով ու ապակե աչքերով։ Իսկ Նանսենի աշխատասենյակում կար սպիտակ արջի մորթի[3]։ Ծառաների ու աշխատակիցների համար կառույցները գտնվում էին առանձնատնից հեռու։
1930 թվականի մայիսի 13-ին իր տան ծածկապատշգամբում մահկանացուն կնքեց Ֆրիտյոֆ Նանսենը։ Նրա մարմինը ենթարկեցին դիակիզման։ Մոխիրը շաղ տվեցին «Պուլհյոգդա» առանձնատան բակում աճող կեչիներից մեկի տակ[8]։ Շուտով ժառանգները վաճառեցին առանձնատունը Օսլոյի համալսարանին սիմվոլիկ գումարի դիմաց պայմանով, որ կառույցը պիտի պահպանվի նախնական տեսքով, բայց չպիտի վերածվի հուշաթանգարանի, սակայն պետք է օգտագործվի Նանսենի հիշատակի համար[9]։ Ավելի ուշ համալսարանը այն վերավաճառեց Նորվեգիայի գիտությունների ակադեմիային գրականության ինստիտուտին։ 1947 թվականից շենքում տեղավորվեց նորվեգիայի աշխարհագրական ընկերությունը։ 1948 թվականին ստեղծվել է առանձնատան պահպանման ֆոնդը, որը 1958 թվականից կոչվում է Fridtjof Nansen-stiftelsen på Polhøgda. Բացի այդ, «Պուլհյոգդա» առանձնատանը 1948 թվականից գործում է նաև Նանսենի ինստիտուտը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով, էներգետիկայով և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործմանը առնչվող հարցերով[10]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուլհյոգդա» հոդվածին։ |
|