Սելմա Գյոբել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1843[1][2][3] |
Ծննդավայր | Համմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1925[3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Nässja, Շվեդիա[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Կոնստֆակ, Կոնստֆակ (1870) և Արվեստի արքայական քոլեջ |
Մասնագիտություն | արվեստագետ և տեքստիլ նկարչուհի |
Աշակերտներ | Anton Wahledow? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Married Woman's Property Rights Association? |
Հայր | Carl Fredrik Giöbel?[1][3] |
Selma Giöbel Վիքիպահեստում |
Սելմա Գյոբել (շվեդ.՝ Selma Giöbel, լրիվ անունը շվեդ.՝ Selma Levina Giöbel, հուլիսի 10, 1843[1][2][3], Համմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4] - ապրիլի 4, 1925[3], Nässja, Շվեդիա[3]), տեքստիլի վրա աշխատող շվեդ նկարչուհի[6]։ Նախ զբաղվել է քանդակագործությամբ, այնուհետև անցել է տեքստիլի վրա նկարելուն և պաստառների ու գորգերի վրա զարդանկարներ կատարելուն։ Համարվում է 1885 թվականին ստեղծված New Idun կանանց ընկերակցության հիմնադիրներից մեկը։
Ծնվել է 1843 թվականի հուլիսի 10-ին, Էրեբրու կալվածքում, Կարլ Ֆրեդերիկ Գյոբելի (Carl Fredrik Giöbel) և Լովիսա Յանսոնի (Lovisa Jansson) ընտանիքում։ Սելման գեղարվեստական կրթություն է ստացել 1870-ական թվականներին Ստոկհոլմի Konstfack գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է փայտի վրա փորագրություն։ Դրանից հետո աշխատել է որպես փորագրիչ, դերձակ և նկարիչ տեքստիլի վրա։ Այնուհետև շարունակել է ուսումը լոնդոնյան South Kensington School of Art դպրոցում, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։
1885 թվականին Բերտա Հյուբների (Berta Hübner) հետ միասին բացել է փայտյա ապրանքների վաճառքի խանութ «Շվեդական գեղարվեստական ցուցահանդես» անվանումով, որտեղ ներկայացված էին և վաճառվում էին գեղարվեստական արհեստների շվեդական արտադրանքներ` նկարներ, փայտյա քանդակներ, կռածո մետաղյա արտադրանքներ, ասեղնագործական արտադրանքներ, զարդեր, ժողովրդական տարազներ և այլ ստեղծագործություններ։ Այս խանութը ժողովուրդն անվանում էր «Giöbels», այն տարիների ընթացքում ընդարձակվեց և տարածվեց Ստոկհոլմի տարբեր մասերում։ Այնտեղ բացվեց հնաոճ իրերի ցուցասրահ. խանութը ղեկավարում էր Սելմայի եղբայրը՝ Կարլը (Carl Albert Giöbel):
1874 թվականին Սելման դարձել է «Ձեռագործության ընկերների ասոցիացիայի» (Handarbetets vänner) անդամ և մինչև 1885 թվականը եղել նրա խորհրդի կազմում, ինչպես նաև զբաղվել է ուսուցչությամբ։ 1878 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում նա հանդես է եկել որպես ասոցիացիայի ներկայացուցիչ և ստացել արծաթե մեդալ։ Սելմա Գյոբելը մասնակցել է նաև Շվեդիայում և արտասահմանում կազմակերպված մի շարք այլ ցուցահանդեսների։ 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսում նա ներկայացրել է Շվեդիան որպես ինքնազբաղ կին, ինչպես նաև հանդես է եկել որպես Շվեդական կանանց կոմիտեի ներկայացուցիչ՝ գտնվելով Սոֆիա թագուհու հովանավորության ներքո։ Նրա տեքստիլ արվեստի նմուշները ցուցադրվել են 1897 թվականին կայացած Ստոկհոլմյան ցուցահանդեսում (Allmänna konst- och industriutställningen): 1885-1895 թվականներին Սելման ղեկավարել է New Idun ասոցիացիայի խորհուրդը[7], հրաժարականից հետո նրան փոխարինել է Աննա Բիլլինգը։
1898 թվականին Սելմա Գյոբելը հեռացել է Շվեդիայից և բնակություն հաստատել Իտալիայում։ Այստեղ նա շարունակել է գոբելեններ ստեղծել և մեծ հաջողությունների հասել գեղեցիկ տեքստիլային զարդանախշերի ստեղծման գործում։ Նրա հաճախորդների թվում է եղել գերմանական Կրուպ արդյունաբերական ընտանիքը։ Բերտա Հյուբները շարունակել է աշխատել Ստոկհոլմի «Շվեդական գեղարվեստական ցուցահանդեսում»։ Արտասահմանում Գյոբելը մնացել է մինչև 1907 թվականը։ Վերադառնալով Շվեդիա՝ 1907 թվականին նա բնակություն է հաստատել Վադստենում, որտեղ բացեց մանածագործական դպրոց և տեքստիլ ստուդիա, որտեղ էլ պատրաստվեցին նրա նշանավոր գործերից շատերը։ 1908 թվականին իր գործընկերոջ` Մ. Ալվինի հետ սկսեցին զբաղվել ասեղնագործությամբ և ժանյակագործությամբ։ 1909 թվականին գեղարվեստական ցուցահանդեսում Գյոբելը ցուցադրեց «Vadstena klosterträdgård» գոբելենը և «Vätterns is» գորգը, որը գնեց հանրահայտ գրող Վերներ ֆոն Հեյդենստամը։
Սելմա Գյոբելի աշխատանքները ցուցադրվում են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։
Մահացել է 1925 թվականի ապրիլի 4-ին Վադստենում։ Նրա բարեկամներից էր նաև նկարչուհի Էլզա Գյոբել-Օյլերը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սելմա Գյոբել կատեգորիայում։ |