Սեն Կլու (պալատ)

Սեն Կլու պալատ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպալատ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՃարտարապետՊիեռ Ֆոնտեն
Ստեղծում1570
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՍեն Կլու
Շինության ձևլանդշաֆտային
Ոճկլասիցիզմ
Պատկանում էՖրանսիական պետություն
ՊատվիրատուՖիլիպ I
Ներկա վիճակգոյություն չունի
 Château de Saint-Cloud Վիքիպահեստում

Շատո Սեն Կլու պալատ (ֆր.՝ Le château de Saint-Cloud), Փարիզի կենտրոնից մոտավորապես 10 կմ արևմուտք՝ Օ-դը-Սեն գավառում տեղակայված թագավորական պալատ, որից հիանալի տեսարան է բացվում Սենայի և Փարիզի վրա։ Գտնվում է Սեն Կլու քաղաքի տարածքում։ Սեն Կլու պալատը կապված է եղել Ֆրանսիայի պատմության բազմաթիվ իրադարձությունների հետ[1]։ Կառուցվել է մինչհեղափոխական Ֆրանսիայի ժամանակներում (1658-1784) Օռլեանի տան դքսերի կողմից, որոնց պատկանել է Սեն Կլու դաստակերտը։ Կլասիցիզմի ոճով կառուցված ֆրանսիական ճարտարապետության ադամանդ, որը կառուցվել էր Լյուդովիկոս XIV-ի եղբոր՝ Օռլեանի դքսի պատվերով, հետագայում Լյուդովիկոս XVI -ը ձեռք է բերել և նվիրել է Մարի Անտուանետին։ Այստեղ հանդիպումներ են կազմակերպել Նապոլեոն I և Նապոլեոն III կայսրերը։ Պալատը չի հասել մեր օրերը, սակայն պալատական զբոսայգին 17-րդ դարի վիճակում գրեթե անփոփոխ պահպանվել է և Ֆրանսիայի խոշորագույն զբոսայգիներից մեկն է։ Այն պուրակային ճարտարապետության բարձրագույն վարպետության հիանալի նմուշ է[2][3]։

Սեն Կլուի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ դարում Քլոդովալդ (ֆր.՝ Chlodovald, մոտ 520-560 սեպտեմբերի 7) Մերովինգների տոհմիցՔլոդոմիր թագավորի թոռն այդ վայրերում հիմնել է վանական համալիր։ Մահից հետո նրա գերեզմանը դարձել է քրիստոնյաների ուխտատեղի, իսկ նա ինքը սուրբ է հռչակվել։

Վանական համալիրի մոտ առաջացել է համանուն Սեն Կլու քաղաքը։ 1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում այն այրվել է անգլիացիների կողմից, իսկ 1411 թվականին՝ արմանյակների (ֆր.՝ Armagnacs) կողմից։

16-րդ դարում վանական համալիրի տեղում Եկատերինա Մեդիչին պալատ է կառուցել, որը մոտ 1570 թվականին նվիրել է իր ձիավարության ուսուցիչ Ժեռոմ դե Գոնդիին, որը Ֆլորենցիական բանկիրների ազդեցիկ ընտանիքի ներկայացուցիչ էր և Ֆրանսիա էր եկել թագուհու շքախմբի հետ։

Հենրիխ III-ի սպանություն

Նոր շենքի գլխավոր ճակատը դեպի հարավ էր ուղղված, ամրոցի մի թևից տեսարան էր բացվում Սենայի վրա։ Այդ ժամանակ կառուցեցին իտալական ոճով զբոսայգի՝ պատշգամբներով, կիտրոնագույն արահետներով, ջրային կասկադներով և առատ քանդակագործությամբ։

Կրոնական պատերազմների ժամանակ Հենրիխ III-ը կանգ է առել ամրոցում Փարիզի պաշարման ժամանակ, որտեղ էլ նա սպանվել է միաբան Ժակ Կլեմանի կողմից 1589 թվականի օգոստոսի 1-ին։

1604 թվականին Ժեռոմ դե Գոնդիի մահից հետո ամրոցը ժառանգել է նրա որդի Ժան-Բատիստ II դե Գոնդին, որը 1618 թվականին ամրոցը վաճառել է Ժան դը Բուեիլին (ֆր.՝ Jean de Bueil), գրաֆ դե Սանկյորին, որը շուտով մահացել է։ Հետագայում Սեն Կլուն գնել է Ժան-Ֆրանսուա Պոլ դե Գոնդին` Փարիզի արքեպիսկոպոսը։ Նա վարձել է հիդրավլիկ ինժեներ Թոմաս Ֆրանչինիին (ֆր.՝ Thomas Francine, իտալ.՝ Tommaso Francini) այգիները ձևավորելու համար։ 1654 թվականին Ժան Ֆրանսուա Պոլ Գոնդիի մահից հետո ամրոցը բաժին է հասել Ֆիլիպ Էմանուել դե Գոնդիին, ապա նրա ազգական Անրի դը Գոնդիին, որը հայտնի է որպես Ռեցի դուքս։ Նա 1655 թվականին վաճառել է իր սեփականությունը Բարտոլոմեյ Հերվարթին (ֆր.՝ Barthélemy Hervart), գերմանական բանկիր, այդ ժամանակ նախկին ինտենդանտ, ապա ֆինանսների սուպերինտենդանտ։ Նա ընդլայնել է այգու տարածքը մինչև 12 հեկտար և այն զգալիորեն վերակառուցել է։ Հերվարթի ժամանակ այգում կառուցել են Մեծ կասկադ, որը չի պահպանվել մինչեւ մեր օրերը։

Այգիների և ամրոցի տեսակը նրա գոյության այս փուլում պատկերված է Սիլվեսթր Իսրայելի փորագրանկարներում, որից երևում է, որ պալատը կառուցված է ակնհայտ իտալական ազդեցությամբ, հարթ տանիքով և ճակատամասերով, որոնք ֆրեսկոյանման են ձևավորված։ Պատշգամբի այգիները բազմաթիվ շատրվաններով իջնում էին դեպի Սենա գետ։ 1658 թվականի հոկտեմբերի 8-ին Հերվարթը Սեն Կլուում շքեղ ընդունելություն է կազմակերպել ի պատիվ Լյուդովիկոս XIV-ի, նրա եղբոր՝ Ֆիլիպ Օռլեանցու, նրանց մոր` Աննա Ավստրիացու և Կարդինալի։ Երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, Ֆիլիպ Օռլեանցին 240 000 լիվրով գնել է դաստակերտ։ Հնարավոր է, որ Մազարինին ստիպել է Հերվարթին, քանի որ նպատակ ուներ Փարիզի արևմուտքում թագավորական բնակարանների շարք ստեղծել։ Նա դրանով փրկել է չափազանց հարուստ բանկիր Նիկոլյա Ֆուկեի ճակատագրին արժանանալուց, որի շքեղ ամրոց Վո լե Վիկոնտը միապետի նախանձն էր շարժելորն էլ հանգեցրել էր ֆինանսիստի հետագա անկմանը[3]։

Մեծ կասկադ, ճարտարարպետ Ա. Լեոնոր

Շինության վերակառուցման աշխանքները հանձնանրարվել է Օռլեանի դուքս Անտուան Լենորին։ Շինությունը` կողային թևերի կառուցումից հետո, ձեռք է բերել դեպի արևմուտք նայող П-աձև տեսք, որից ձևավորված կուրդանյորը (ֆր.՝ cour d'honneur, «պատվո հրապարակը») նայում էր Սենային։ 1660 թվականին դքսուհի Աննա Ստյուարտը զարդարել է Ժան Նոկրեի (ֆր.՝ Jean Nocret) նկարներով, իսկ 1680 թվականին 45 մետրանոց Ապոլլոնի պատկերասրահը, որը զբաղեցնում էր ամբողջ աջ թևը, ծածկվել է Պիեռ Մանյարի գեղանկարներով։ Ձմեռային այգու ներքին հարդարումը կատարել է Ժան Ռուսոն (ֆր.՝ Jean Rousseau)[4]։

1669 թվականի օգոստոսի 27 -ին Սեն Կլուում ծնվել է Ֆիլիպ առաջինի կնոջ վերջին երեխան`Աննա Մարիա Օռլեանցին, ապագա Լյուդովիկոս XV -ի տատիկը։ Մի տարի չանցած հունիսի 30 -ին այստեղ` պերիտոնիտից, մահացել է նրա մայրը։ Հատկապես հենց այդ կապակցությամբ Ժան Բենին Բոբսյուեն կազմել է հանրաճանաչ մահախոսականը։

1677 թվականի հոկտեմբերին Մեսյեն կազմակերպել է հնգօրյա տոնակատարություն ի պատիվ իր եղբոր ՝ Լուի XIV-ի, երբ պալատականներին ցույց է տվել փայլուն ձևավորված նստավայրը։ Այդ ժամանակ Ապոլլոնի պատկերասրահի երկու ծայրերը ամփոփում էին սրահներ, որոնք իրար հետ միացված էին բաց անցուղիներով։ Այս սխեման հետագայում օգտագործում են Վերսալում, որտեղ արևի աստվածը կորոշի ստեղծել համալիր, որը կգերազանցի և՛Սեն Կլուին, և՛իր ֆավորիտուհու Կլանյի ամրոցը (ֆր.՝ Le château de Clagny) ։

Սեն Կլու ամրոցը Ֆիլիպ I Օռլեանցու ժամանակ

1679 թվականին Լեոպոտրայի մահից հետո կալվածքի աշխատանքները շարունակել է նրա օգնական Ժան Ժերարը (ֆր.՝ Jean Girard), որը առավելապես քարագործ վարպետ էր, քան ճարտարապետ, եւ, հավանաբար, Թոմաս Գոբերը (ֆր.՝ Thomas Gobert)։ Ապա, հարյուրամյակի վերջում ամրոցի վերակառուցումը հանձնարարվել է Պալատական առաջին ճարտարապետ Ժյուլ Մանսարին։ Նա ամրոցի ձախ թևում կառուցել է Մեծ սանդուղք` Վերսալի Դեսպանների աստիճանավանդակի ոճով։ Ամենայն հավանականությամբ նրան է պատկանում նաև ամրոցի ճակատամասի վերջնական լուծումը, որոնք ձեւով նման են եղել նրա այլ ստեղծագործություններին։ Նրա հեղինակության մասին է վկայում Ժակ Ֆրանսուա Բրոնդելը։ Արդյունքում շենքը ընդունել է այն տեսքը, որը պահպանվել է մինչև նրա ավերվելը։ Եռահարկ Corps de Logis-ը և երկհարկանի կողային թեւերը ավարտուն տեսք են ստացել պատշգամբային բարձր տանիքներով։ Գլխավոր մասնաշենքի հինգ մասանի կոմպոզիցիան բաղկացած է եղել կենտրոնական երեք առանցքով եռանկյուն ճակտոնով և առավել արտահայտված սահմանափակող ռիզալիտով  (ֆր.՝ risalita, «ելուստ» բառից, առաջ ընկած ճակատամաս), որոնցից յուրաքանչյուրն ընդգծված է տանիքի ելուստներով, ինչպես նաև նրանց միջև ճակատամասի տպավորիչ մասերով։

Դեկորատիվ ձևավորման մեջ Լուի Լևոյի Վերսալյան պալատի կոնվերտի շինության հետ նմանություն կա։ Նույն հարկեհարկ գոգավոր ձևավորված ցոկոլային հարկով, շքամուտքը (piano nobile) ընդգծված է որմնասյուներով[5] եւ կոմպոզիտ օրդերների սյուներով (Վերսալում հոնիական), ուղղանկյուն պատուհանաբացվածքների ներքևի տարածությունը լի է դեկորատիվ հարթաքանդակներով։ Երրորդ հարկը զարդարված է կորնթական խոյակների թիակներով եւ կենտրոնական սյունասրահի սյուների ներքևի արձաններով։ Սկզբունքային տարբերությունը Վերսալի նկատմամբ այն է, որ հստակ շեշտադրում է կատարված շինության կենտրոնի վրա և լյուկարններով (ֆր.՝ lucarne, լատին․՝ lux, «լույս» բառից) պատշգամբային տանիքի վրա։ Ամրոցի կողային թեւերը, որոնք կուրդանյորը շրջափակում են, ունեն ենթակա նշանակություն, որը ընդգծված է ոչ միայն իրենց բարձրությամբ, այլև երկու հարկերում էլ ռուստիկուսի (լատին․՝ rusticus) կիրառմամբ։

Նույն ժամանակահատվածում Անդրե Լենորն արմատապես վերակառուցել է այգիները, եւ դրանք ձեռք են բերել այն տեսքը, որը պահպանվում է առ այսօր։ Վերակառուցման ժամանակ նա կոմպոզիցիայի նոր այգու մեջ ներառել է Մեծ կասկադը, որը 1664-1665 թվականներին կառուցել է Անտուան Լեպոտրը, իսկ 1698 թվականին Արդուեն Մանսարը ավելացրել է Մեծ լողավազանը եւ Ստորին ջրանցքը[3]։

Ծածանների լողավազան, ճարտարապետ Ժյույ Արդուեն Մանսար

Ծախսերը կազմել են 156 000 լիվր։ Պետք է նկատել, որ չնայած դասական լուծումը չի համապատասխանում պալատի այգիների հանգուցային մասում տեղաբաշխվածությանը եւ ռելիեֆի բավական կտրուկ տատանումներին, Լենորը Սեն Կլուն համարել է առավել կատարյալ, նաև զբոսանքների հարմար, քան իր այլ մեծ աշխատանքներից Վերսալյան այգին։ Այստեղ ֆրանսիական այգու հայտնի հանճարը ինչ-որ չափով կարողացել է առաջ ընկնել լանդշաֆտային այգիներից։

1701 թվականի հունիսի 8-ին Ֆիլիպ I Օռլեանցին մահացել է Սեն Կլուում կաթվածից։

Էլիզաբեթ Վիժե լը Բրոն, Մարի Անտուանետ թագուհու դիմանկարը երեխաների հետ

Գրեթե ամբողջ XVIII դարի ընթացքում Սեն Կլուն եղել է Օռլեանի դինաստիայի տիրապետության տակ։ 1784 թվականի նոյեմբերի 5-ին Մարի Անտուանետն իր եղբորը գրած նամակում հայտնել է. «Հետաքրքիր ձեռք բերում է իմ երեխաների և ինձ համար... Օռլեանի դուքսը Սեն Կլուն ինձ է վաճառում»։ Երկարատև բանակցություններից հետո Լյուդովիկոս XVI-ը 6 մլն լիվրով գնել է ամրոցը Լու Ֆիլիպ I -ից, որն արդեն տասնմեկ տարի կիսախայտառակված վիճակում ապրում էր Սենտ Ասիզեում (անգլ.՝ Sainte-Assise

Սա առիթ է հանդիսացել թագուհու հերթական վարկաբեկման համար, քանի որ նախ մինչ այդ չէր հաջողվել մարել հսկա ազգային պարտքը, որը գոյացել էր ահաբեկչական Յոթնամյա պատերազմի ընթացքում և զգալիորեն ավելացել էր Ամերիկայի պատերազմից և երկրորդ, որ Ֆրանսիայում թագուհուն անշարժ գույքը որպես անձնական սեփականություն նվիրելու ավանդույթներ չկային։ Արդեն Մարի Անտուանետին էր պատկանում Փոքր Տրանոնը, բայց դա մեկուսի հաճույքի տուն (ֆր.՝ maison de plaisance) էր, իսկ Սեն Կլուն լայնածավալ ամրոց էր, իսկ թագուհին անկախ ամեն ինչից նախկինի պես, չնայելով Առաջին դոֆին Լյուդովիկոս Իոսիֆի ծնունդին, Ֆրանսիայում ընկալվում էր ինչպես ավստրիուհի` թշնամական ազգի ներկայացուցիչ։ Նվիրատվության վկայականի գրանցման ժամանակ Փարիզի խորհրդարանում դժգոհություններ են եղել. ստորին պալատի անդամներից մեկը բացականչել է «հակաքաղաքական և անբարոյական է» տեսնել, որ պալատը թագուհուն է պատկանում։ Սակայն Մարիա Անտուանետն այնուամենայնիվ սեփականատեր դարձավ։ Ընդ որում, նրան մտահոգում էր իր երեխաների ապագան. ավագ որդուն բաժին կհասներ Ֆրանսիայի գահը, սակայն մյուսների ճակատագիրն այնքան էլ ապահովված չէր լինի, իսկ Սեն Կլուն նա կարող էր կտակել նրանցից ցանկացածին։

Մարիա Անտուանետն ամրոցի արդիականացման աշխատանքներում ներգրավել է իր ճարտարապետին` լոթարինգացի Ռիշար Միկին։ Հետագայում ավելացվել է de Corps Logis և նրան հարակից աջ թևը, վերաձևավորել է պարտեզի ճակատը, նոր լուսավորություն է ստեղծել, իսկ թագուհու անձնական սենյակները ձևավորել է նեոկլասիցիզմի ոգով, Լյուդովիկոս XVI-ի ոճով։ Արդուեն Մանսարի Մեծ սանդուղքն արժանացել է իր նախատիպի ճակատագրին. այն ապամոնտաժվել է հանուն լրացուցիչ սենյակների և փոխարինվել է նոր քարե աստիճաններով։ Գարդ Մոբելի պահուստային կահույքով նորից ձևավորած սենյակները հետագայում զարդարվել են հատուկ նրանց համար պատվիրված ինկրուստացված (լատին․՝ incrustatio , բառացի` կեղևով պատած) փայտի նոր տարրերով, որոնք լաքապատված և ոսկեզօծ բրոնզից էին։

Սեն Կլուի ձևավորման աշխատանքներին ներգրավված են եղել այնպիսի հայտնի ատաղձագործներ, ինչպիսիք են` Ժակ Անրի Ռիզեները (ֆր.՝ Jean-Henri Riesener), Դավիթ Ռենտգենը (ֆր.՝ David Roentgen), Ադամ Վայսվալերը, Ժորժ Ջակոբը (ֆր.՝ Georges Jacob)։ Վերջինս 1787 թվականին Սեն Կլուի թագավորական սենյակների համար պատրաստել է 60 նստատեղերից կազմված հավաքածու (կանապե, բազկաթոռ, աթոռներ և աթոռակ)։ Դրանցից մի մասը կարելի է տեսնել Վերսալում Դոֆինի Մեծ աշխատասենյակում։ Ֆրանսիական պալատներից բացի (Լուվր, Ֆոնտեբլո) այսօր ամրոցի կահավորման իրերը սփռված են բազմաթիվ արտասահմանյան հավաքածուներում, ինչպես, օրինակ, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Ֆրիկի հավաքածուում, Լոնդոնում` Ուելիս հավաքածուում և Վադեստոնի հավաքածուում (Գվարդիայի սպաների լոնդոնյան ակումբ) և այլն։

Ապոլոնի պատկերասրահ

Բաստիլի գրավումից հետո թագավորական ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Փարիզ, Թյուիրլի, սակայն 1790 թվականի հունիսին կարողացել է գնալ Սեն Կլու։ Այստեղ նույն թվականի հուլիսին Մարի Անտուանետը գաղտնի հանդիպումներ է ունեցել Միրաբոյի հետ, որոնց ընթացքում քննարկվել են Լյուդովիկոս XVI-ի Ռուան մեկնելու պլանները, որը գտնվում էր թագավորին հավատարիմ մնացած տարածքում, կամ՝ Կոպյենի պալատում։ 1790 թվականի հոկտեմբերի 30-ին թագավորական ընտանիքը այնուամենայնիվ վերադարձել է Փարիզ, ընդմիշտ լքելով Սեն-Կլուն։ Ամրոցը հայտարարվել է ազգային հարստություն և նրա պարունակությունը վերավաճառվել է։

Հանրապետության 8-րդ տարվա բրյումերի 18-ին (1799 թվականի նոյեմբերի 9-ին ըստ Գրիգորյան օրացույցի) Սեն Կլու պալատի Ձմեռային այգում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի արդյունքում Դիրեկտորիան զրկվել է իշխանությունից և ստեղծվել է նոր ժամանակավոր կառավարություն` հյուպատոս Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ։ Իսկ հինգ տարի էլ չանցած 1804 թվականի մայիսի 18-ին Նապոլեոնն այստեղ՝ ամրոցում ֆրանսիացիների կայսր է հռչակվել։ Սեն Կլուն Թյուրլիի հետ միասին դարձավ նոր միապետի հիմնական նստավայր։

Շատո Սեն Կլու պալատի զբոսայգի, 1855, նկարիչ Վիլիամ Վիլդ

Այն բանից հետո, երբ Նապոլեոնը Սեն Կլուն կայսերական նստավայր դարձրեց, նա հրամայեց Ֆրանսուա Լեմուանի[6] և Ժան Նոկրեի կատարած ներքին հարդարմաբ Վեներայի սրահը վերափոխել որպես Գահի սենյակ, որը մինչ այդ չկար դղյակում։ Մնացած տեղերում ձեռնարկվել են միայն ներքին կահավորման աշխատանքներ։

1810 թվականի ապրիլի 1-ին Սեն Կլուում տեղի է ունեցել Մարիա-Լուիզա Ավստրիացու հարսանիքը Նապոլեոնի հետ (Մարիա-Լուիզան Սեն Կլու պալատի նախորդ սեփականատիրոջ ազգականուհին էր, որը գլխատվել էր գիլյոտինով)։

1814 թվականին ամրոց ներխուժած պրուսները կայսերական լոգասենյակում հայտնաբերել են Ալբրեխտ Ալթդորֆերի «Ալեքսանդրի ճակատամարտ» կտավը, որը ֆրանսիական զինվորները առևանգել էին Մյունխենում[3]։

1815 թվականի հուլիսի 3-ին, Հարյուր օր անց, ամրոցում ստորագրվել է Փարիզի հանձնումը Բլյուխերին (գերմ.՝ Gebhard Leberecht von Blücher, 1742-1819) եւ Վելինգթոնին։

Լյուդովիկոս XVIII կառուցել է մանկական այգի լանդշաֆտային նախագծմամբ եւ փոքր երկհարկանի պալատով։

1830 թվականին Կարլ X-ը Սեն Կլուում ստորագրել է Հուլիսյան օրդոնանսները, որոնք սահմանափակում էին մամուլի ազատությունը եւ կրճատում ընտրողների քանակը, որի հետևանքով Փարիզում բաց ապստամբություն առաջացավ, եւ Բուրբոնները վերջնականապես կորցրեցին ֆրանսիական գահը։

1852 թվականի դեկտեմբերի 2-ին Ապոլլոնի պալատական պատկերասրահում Շարլ Լուի Նապոլեոն Բոնապարտին մեկ անգամ եւս հռչակեցին ֆրանսիացիների կայսր` Նապոլեոն III անվամբ։ Երկրորդ կայսրության ժամանակ գարնան և աշնան ամիսներին նա իր տիկնոջ` կայսրուհի Եվգենիայի հետ ապրել են այս դղյակում։ 1862 թվականին ձմեռային այգին ոչնչացվել է, որը կառուցվել էր դեռևս Մեսյեի օրոք, իսկ կայսրուհու ննջարանը վերափոխվել է Լյուդովիկոս XVI-ի ոճով սրահի։

1870 թվականի հուլիսի 28-ին Նապոլեոն III -ը Սեն Կլուից պատերազմ է հայտարարել Պրուսիային, որը հետագայում հանգեցրեց եւ՛ կայսեր, եւ՛ ամրոցի աղետին։ Փարիզի բարձունքներում գտնվող պալատը գրավեցին։ Ամրոցում տեղակայվեցին պրուսական զորքերի շտաբը, իսկ մայրաքաղաքը գնդակոծվում էր մերձակա հրապարակներից։ 1870 թվականի հոկտեմբերի 13-ին Մոն Վալերի բարձունքներից ֆրանսիական հրետանու արձակած հրաձգությունից շենքը բռնկվել է։ Բարեբախտաբար, պալատի ներքին կահավորումը կայսրուհի Եվգենյան հասցրել է փրկել նախքան հակառակորդը կգրավեր այն։

Այրված պալատի պատերը առանց տանիքի դիմացել են մինչև 1891 թվականը, երբ էլ վերջնականապես ապամոնտաժվել են։ Շենքի աջ թևի ֆրոնտոնը և պահպանված մասերից մեկը գնել է Ֆերդինանդ I Բուլղարացին եւ դրանք օգտագործել է Սև ծովի ափին գտնվող Եվկսինոգրադ պալատի կառուցման ժամանակ։

1900 թվականին զբոսայգու ներքևի մասում տեղադրվել է Էլիաս Ռոբերտի «Ֆրանսիան թագադրում է Արվեստը և Արդյունաբերությունը» քանդակախումբ[7][8]։

Այսօր Բուրբոնների և Բոնապարտների նախկին նստավայրում մնացել են ընդամենը մի քանի պալատական շինություններ և 460 հեկտար շքեղ զբոսայգին տասնյակ բազմատեսակ շատրվանների, կասկադի և քանդակային դեկորացիայի հետ միասին, որոնք ներառված են Սեն Կլուի Ազգային դոմենում։ Սեն Կլու զբոսայգին բաժանված է առանձին մասերի, որոնք պուրակային արվեստի տարբեր ոճերով է ձևավորած. անգլիական և ֆրանսիական։ Զբոսաշրջիկների և ֆրանսիացիների այցելության սիրած վայրերն են ֆրանսիական զբոսայգին, Մարի Անտուանետի վարդանոցը, անգլիական այգին (1820-ական թվականներին հիմնված Տրոկադերո այգիներ) և Փարիզի վրա բացվող տեսարանով պատշգամբները, որոնք հայտնի են «La Lantern» (ֆր. Լապտեր) անվամբ, քանի որ այստեղ լապտերներ էին վառվում, երբ Նապոլեոն I-ը գտնվում էր նստավայրում։ Այգիների տարածքում է գտնվում նաև Սեն Կլու ամրոցի թանգարանը և Պաստերի Ինստիտուտը։

1999 թվականի դեկտեմբերի 26-ի փոթորիկը մեծ վնաս է հասցրել այգուն, ինչպես նաև Վերսալին։ Վերականգնողական աշխատանքները շարունակվում են առ այսօր։ Պալատական զբոսայգին Փարիզի և Իլ դե Ֆրանսի բնակիչների համար հանգստի սիրված վայր է։

2003 թվականից զբոսայգում անցկացվում է «Ռոկը Սենայի վրա» փառատոնը[9]։

2007 հուլիսին ֆրանսիական մամուլը հայտնել էր ամրոցի վերականգնման պլանների մասին, սակայն դա առավելապես ցանկություն էր, քան իրական նախագիծ։ «Սեն Կլուի վերականգնման» կամ «Եկեք վերականգնենք Սեն Կլուն» ասոցիացիան, որն ստեղծվել էր 2006 թվականին, ձգտում էր այդ նպատակի ֆինանսավորման հարցը լուծել այգի հաճախողներից գումար գանձելու միջոցով։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի տեսարան Շատո Սեն Կլու դղյակի պատշգամբից

1672 թվականին Լյուդովիկ XIV-ի օրոք պալատի այգում կառուցվել է դե Բրետեյլ պավիլյոնը, որը 1875 թվականից օգտագործվել է որպես Չափի և քաշի միջազգային բյուրո։ Ներկայումս շենքը տեղափոխվել է Սևր։

1677 թվականին Սեն Կլուում Պիեռ Շիկանոյի մանուֆակտուրայում կազմակերպվել է ճենապակու արտադրություն, որը գործել է հարյուր տարի։ Մանուֆակտուրայի արտադրանքը եվրոպական ճենապակու արտադրանքի լավագույն նմուշներին է պատկանում։

Վզնոցի մասին պատմության[10] ժամանակ թագուհին ասել է. «Եթե ավելորդ գումար ունենայի, ապա կգերադասեի այն ծախսել Սեն Կլուում նոր ձեռքբերումների վրա», սակայն դա նրան չի փրկել մեղադրանքներից։

«Նորին Մեծություն Անգլիայի թագուհու ժամանումը Շատո Սեն Կլու պալատ»
ձախից աջ` Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիա, Նապոլեոն, Վիկտորիա թագուհի, Էդի, Վիկտորիա, Ալբերտ
1855 թվականի օգոստոսի 24, Բուքինգհեմյան պալատ, Լոնդոնի թագավորական հավաքածու, նկարիչ Շառլ Մյուլլեր (1815-1892).

Սեն Կլու ամրոցի գոյության հիմնական ժամանակները համընկնում են մեկ այլ ֆրանսիական դղյակի` Թյուիլրիի հետ։ Երկու շինություններն էլ կառուցվել են Եկատերինա Մեդիչիի օրոք։ Ամրոցի շինարարությունը հիմնականում ավարտվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք։ Նույն ժամանակում էլ ստացել է այգիների այն տեսքը, որը հասել է մինչև մեր օրերը։ Երկու դղյակներն էլ կործանվել են 1870 -ական թվականներին։

1855 թվականին Անգլական թագավորական ընտանիքը` հանձինս Վիկտորիա թագուհու, Ալբերտի և նրանց երեխաներից Էդուարդի և Վիկտորիայի հյուրընկալվել է Շատո Սեն Կլու պալատում։ Հենրի VI-ից հետո (1431 թվական) մինչև այդ բրիտանական որևէ միապետ պաշտոնական այցով այլևս չէր եղել Ֆրանսիայում։ Նապոլեոնը հասկանալով իրադարձության պատմական նշանակությունը կազմակերպել էր շքեղ և ջերմ ընդունելություն։ Իսկ Նապոլեոնի սիրելի նկարիչ Շառլ Մյուլլերը «Նորին Մեծություն Անգլիայի թագուհու ժամանումը Շատո Սեն Կլու պալատ» (ֆր.՝ «Arrivée de S.M. la reine d’Angleterre au Palais de Saint-Cloud») կտավում փոխանցել է ընդունելության մթնոլորտը։

Սեն Կլուն հեծանվասպորտի սիրահարների սիրված վայրերից մեկն է։ 1868 թվականի մայիսի 31-ին այստեղ, զբոսայգու պուրակներում առաջին հեծանվային մրցույթն է եղել (2 կմ)։ Այս թվականը նշանավորվել է այդ սպորտաձևի սկիզբնավորմամբ։ Հեծանվային զբոսանքները տեղաբնակների սիրելի զբաղմունքներից է։ 2008 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Եվրոպա այցի ժամանակ հեծանիվ է քշել Սեն Կլու այգում։

Զբոսայգում պարբերաբար հյուրընկալվում են մի շարք մշակութային միջոցառումներ` երաժշտության, արվեստի փառատոններ, տոնական և մանկական միջոցառումներ, հնաոճ ավտոմեքենաների ցուցադրություններ և այլն[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Парк Сен-Клу - его историческое прошлое и день сегодняшний.
  2. Stephen Clarke. Dirty Bertie: An English King Made in France (2014) A biography of Edward VII.Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII. Արխիվացված 2021-10-25 Wayback Machine Москва : РИПОЛ классик, 2015. — P. 80—81, 85—86, 88, 94, 97. — 352 p. — ISBN 978-5-386-08482-0. Իրինա Լիտվինովայի թարգմանություն անգլերենից (ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Сен-Клу. Энциклопедия туризма.
  4. «Достопримечательности Франции - Сен-Клу (замок)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  5. Քառակողմ կիսասյուն, որի մի կողը ներկառուցված է պատի մեջ
  6. Лемуан, Франсуа. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  7. «Old postcard showing the sculpture in a better conservation state». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  8. Palissy database, French ministry of Culture.
  9. Национальное владение Сен-Клу (парк Сен-Клу). Союз Рока и воды.(չաշխատող հղում)
  10. АФЕРА С ОЖЕРЕЛЬЕМ
  11. Парк Сен-Клу, Франция.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шевалье П. Генрих III М., Терра, 1997
  • Леврон Ж. Лучшие произведения французских архитекторов прошлого М., Стройиздат, 1986
  • Blondel, Jacques François L’Architecture française 1904 Paris, Librairie Centrale (Reprint 1756)
  • Перуз де Монкло Ж.-М. Версаль. М., Слово, 2001
  • Фрэзер А. Мария-Антуанетта. Жизненный путь. М., Хранитель, 2007
  • Тарле Е. В. Наполеон. Талейран. М. Изографус, ЭКСМО, 2003

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլու (պալատ)» հոդվածին։