Գալինա Բելյաևա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Գալինա Վիկտորովնա Բելյաևա (ռուս.՝ Галина Викторовна Беляева, ապրիլի 26, 1961[1], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2003 թ.)[2], Վերա Խոլոդնայայի անվան մրցանակի դափնեկիր[3]։
Գալինա Բելյաևան ծնվել է Իրկուտսկ քաղաքում` 1961 թվականին[4]։ Նրա ծնվելուց որոշ ժամանակ անց ծնողները բաժանվել են, որից հետո մայրը դստեր հետ տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաք։ Գալինան երկար տարիներ հոր հետ չի տեսնվել։ Նրանք հանդիպել են միայն 43 տարի անց[5]։
Մանկության տարիներին Գալինան երազել է բալետի պարուհի դառնալ։ 1974 թվականին, երբ նա 13 տարեկան էր, ընդունվել է Վորոնեժի խորեոգրաֆիայի ուսումնարան։ 1978 թվականին, երբ նա դեռ սովորում էր ուսումնարանում, հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Էմիլ Լոտյանուի «Իմ սիրելի, քնքուշ գազան» կինոնկարում` կատարելու Օլգա Սկվորցովայի գլխավոր դերը։ Այդ դերը նրան համամիութենական ճանաչում բերեց և շատերը նրան սկսեցին անվանել «երկրորդ Օդրի Հեփբերն»[6]։
1980 թվականին Գալինա Բելյաևան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» կինոնկարում, կատարելով անառակ աղջկա` Անժելի դերը։ Ֆիլմը նկարահանվել է Վահան Թոթովենցի ստեղծագործության հիման վրա։ Նրա խաղընկերներն էին Մհեր Մկրտչյանը, Սոֆիկո Ճիաուրելին և Աշոտ Ադամյանը։
Ուսումնարանն ավարտելուց հետո Գալինան ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտել է 1983 թվականին[4]։ Նույն թվականին նկարահանվել է «Աննա Պավլովա» բազմասերիանոց հեռուստաֆիլմում, որտեղ նույնպես կատարում էր գլխավոր դերը։ Նույն 1983 թվականից նա Վլադիմիր Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնի բեմում է և համարվում է այդ թատրոնի առաջատար դերսանուհին[4]։ Կինոյում և թատրոնում Գալինան խաղացել է ավելի քան 30 դեր։
Գալինա Բելյաևայի առաջին ամուսինը ռեժիսոր Էմիլ Լոտյանուն էր։ Նրանք ամուսնացած են եղել 1979-1984 թվականներին և ունեն մեկ որդի[6][7]։
Երկրորդ ամուսինը վիրաբույժ Լևան Սակվարելիձեն էր[6][7]։ Նրանց որդին` Պլատոնը, մանկության տարիներին նկարահանվել է «Բեմբիի մանկությունը» (1985 թ.) և «Լերմոնտով» (1986 թ.) կինոնկարներում[6][7]։
1989 թվականին Գալինան երրորդ անգամ ամուսնացել է գործարար Սերգեյ Դոյչենկոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի։ Բացի այդ, Սերգեյն ուներ նաև դուստր` առաջին ամուսնությունից[5][6][7]։
Գալինա Բելյաևան զբաղվում է նկարչությամբ և ձիավարությամբ[6]։ Նա նաև ակրոբատիկայի ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու է[8]։ Ներկայումս ամուսնու հետ բնակվում է Մերձմոսկովյան շրջանում գտնվող իրենց առանձնատանը[9]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1978 | Իմ սիրելի, քնքուշ գազան | Мой ласковый и нежный зверь | Օլգա Սկվորցովա |
1979 | Ամեն ինչ որոշում է ակնթարթը | Всё решает мгновение | Նադեժդա Պրիվալովա |
1979 | Ախ, վոդևիլ, վոդևիլ | Ах, водевиль, водевиль… | Վերա Լիսիչկինա |
1980 | Երևակայական հիվանդը | Мнимый больной | Անժելիկա |
1980 | Կտոր մը երկինք | - | Անժել |
1981 | Լենինը Փարիզում | Ленин в Париже | ուսանողուհի |
1981 | Ուր է կորչելու | Куда он денется! | Օլեսյա |
1983 | Աննա Պավլովա | Анна Павлова | Աննա Պավլովա |
1984 | Զբոսայգի | Парк | Վիկա |
1984 | Պերիկոլա | Перикола | Պերիկոլա |
1984 | Նրա սիրավեպի հերոսը | Герой её романа | Վիկա Բերսենևա |
1985 | Սև նետը | Чёрная стрела | Ջոաննա Սեդլի |
1985 | Բեմբիի մանկությունը | Детство Бемби | Ֆալինա |
1986 | Լերմոնտով | Лермонтов | Վառվառա Լոպուխինա |
1986 | Բեմբիի պատանեկությունը | Юность Бемби | Ֆալինա |
1986 | Կապաբլանկա | Капабланка | Սաշենկա Մոժաևա |
1987 | Որտեղ էլ որ աշխատես | Где бы ни работать... | Գալյա, Նադեժդա, Դաշա և այլն |
1989 | Հուշանվեր դատախազի համար | Сувенир для прокурора | Զինա Իզմայլովա |
1990 | Կնամոլը | Бабник | Օլգա Սեմիկինա |
1992 | Օդահենները | Воздушные пираты | Գալինա Բաբենկո |
1998 | Գիշերային այցելություն | Ночной визит | Վիկա |
2004 | Նրանք պարել են մի ձմեռ | Они танцевали одну зиму | Վալերիա |
2007 | Լրագրողները | Репортёры | Ռիտա |
2007 | Ճանապարհորդություն | Путешествие | Վերա |
2014 | Ավագ դուստրը | Старшая дочь | Նադեժդա Զավյալովա |
2016 | Վերջինները | Последние | Սոֆյա Կոլոմիյցևա |
2019 | [[Լև Յաշին։ Իմ երազանքի դարպասապահը]] | Лев Яшин. Вратарь моей мечты | Վալենտինա Յաշինա (հասուն տարիքում) |
|