Ալեքսանդր Կոնստանտինովիչ Կոտտ (ռուս.՝ Александр Константинович Котт, փետրվարի 22, 1973(1973-02-22), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ։ Կինոռեժիոր Վլադիմիր Կոտտի երկվորյակ եղբայրն է։
Ալեքսանդր Կոտտը ծնվել է 1973 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում, Կոնստանտին Կոտտի (1937-2001) և Բելլա Ռախլինայի (1937-1987) ընտանիքում։ 1990 թվականին Կրասնայա Պրեսնայի թատրոնին առընթեր Գեղագիտական դաստիարակության դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լուսանկարիչ։ Մասնակցել է լուսանկարչական մի քանի ցուցահանդեսների «Պիրոգովկայի պատկերասրահում», ԳԻՏԻՍ-ի թանգարանում, Մշակույթի ակադեմիայում։
1997 թվականին Ալեքսանդր Կոտտը ֆրանսիական հեռուստատեսության («ARTE» ալիք) պատվերով նկարահանել է «Ճանապարհորդություն» միակադր ֆիլմը, «Պարան» (1998) կարճամետրաժ ֆիլմը։
«Լուսանկարիչ» ֆիլմով մասնակցել է ավելի քան 30 միջազգային կինոփառատոնների։
2000 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա հաջորդ աշխատանքը եղել է «Խրտվիլակ» (ռուս.՝ «Пугало», 2000) կարճամետրաժ ֆիլմը, որ նկարահանվել է СТВ ալիքի մասնակցությամբ։
Ավարտելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը՝ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Գնում էին երկու վարորդ» (ռուս.՝ «Ехали два шофёра», 2001)։ Անապայի «Киношок» փառատոնում (Կրասնոդարի երկրամաս) ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսուրայի համար»։ Այն վարձույթի է հանվել 2002 թվականի հունվարին։
Ալեքսանդր Կոտտի հաջորդ խոշոր աշխատանքը դարձել է 2004 թվականի «Ուղեկցորդ պահակախումբ PQ-17» (ռուս.՝ «Конвой PQ-17») բազմասերիանոց ֆիլմը։
2010 թվականին Կոտտը նկարահանել է «Բրեստի ամրոց» (ռուս.՝ «Брестская крепость») և «Խայծ» (ռուս.՝ «Подсадной») ֆիլմերը։ «Բրեստի ամրոց» կինոնկարը քննադատների և հանդիսատեսի կողմից ճանաչվել է պատերազմի մասին լավագույն ֆիլմը վերջին 25 տարվա ընթացքում[1]։
2011 թվականին թողարկվել է Ալեքսանդր Կոտտի «Ադամանդների որսորդները» (ռուս.՝ «Охотники за бриллиантами») ութ սերիանոց ֆիլմը, որ ցուցադրվել է Ռուսական հեռուստատեսության կենտրոնական ալիքներից մեկով[2][3]։
2012 թվականի նոյեմբերին թողարկվել է «Լուսնի հակառակ կողմը» (ռուս.՝ «Обратная сторона Луны») 16 սերիանոց ֆիլմը, որ BBC ընկերության «Կյանքը Մարսի վրա» ֆիլմի ադապտացիան է։
2014 թվականին Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» ֆիլմն արժանացել է «Կինոտավր» փառատոնի գլխավոր մրցանակի[4]։
2015 թվականին Ալեքսանդր Կոտտը դարձել է Մոսկվայի 1-ին հրեական կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։
Պապը՝ Սամուիլ Կասյանովիչ Կոտտ (1905-1973), ծնվել է Կորեցում, եղել է Մարկովի անվան ֆաբրիկայի կուսկոմի քարտուղար, ղեկավարել 2-րդ Մերձբալթյան ճակատի 1683-րդ հրետանա-զենիթային գնդի զենիթային-հրետանային դասակը և 51 բանակի սպայական կազմի պահեստայինների ուսումնամարտական մասը, Կարմիր աստղի շքանշանի ասպետ (1945)։
1997 – ՍԻԼԵԿՏ կինոդպրոցների միջազգային կոնգրես (մրցանակ լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1998 – Ուսանողական աշխատանքների մրցույթ «Սուրբ Աննա» մրցանակի համար (երրորդ մրցանակ խաղարկային կինոյի բաժնում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1998 – Արևելաեվրոպական կինոյի միջազգային փառատոն Կոտտբուսում (առաջին մրցանակ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1998 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Բիլբաոյում (հատուկ հիշատակում և ժյուրիի մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1998 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն Կրակովում (ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1998 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների ֆիլմերի «Золотой Витязь» միջազգային կինոփառատոն (մրցանակ ուսանողական լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Լուսանկարիչ»)
1999 – Միջազգային փառատոն Բեռլինում (Եվրոպայի մրցանակ «Երիտասարդ Եվրոպա» մրցույթում, ֆիլմ «Լուսանկարիչ»)
2000 – Ուսանողական աշխատանքների մրցույթ «Սուրբ Աննա» մրցանակի համար (Ռուսաստանի ՔԿ հատուկ մրցանակ, ֆիլմ «Խրտվիլակ»)
2000 – Բեռլինի միջազգային կինոփառատոն (գրան-պրի կարճամետրաժ ֆիլմերի «Kinderfest» մրցույթում, ֆիլմ «Խրտվիլակ»)
2000 – Մոնտեկատինի Տերմեի միջազգային կինոփառատոն (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
2000 – Պրովանսի միջազգային կինոփառատոն (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
2000 – Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն Համբուրգում (գրան-պրի, ֆիլմ «Խրտվիլակ»)
2000 – Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների ֆիլմերի «Золотой Витязь» միջազգային կինոփառատոն («Золотой Витязь» մրցանակ ուսանողական լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Խրտվիլակ»)
2001 – Ուսանողական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Թայվանում («Ոսկե առյուծ» մրցանակ, ֆիլմ «Լուսանկարիչ»)
2001 – «Киношок» կինոփառատոն Անապայում (մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ «Գնում էին երկու վարորդ»)
2007 – «Киношок»
2008 – «Խաղաղի միջօրեականները» – մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Ձուկ»)
2011 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի տարվա լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Բրեստի ամրոց»)
2013 – Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի հատուկ մրցանակ հեռուստատեսային կինոյի բնագավառում «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Լավագույն հեռուստատեսային մինի սերիալ» (5-16 սերիաներ) անվանակարգերում (հեռուստասերիալ «Լուսնի հակառակ կողմը»)