Էլդար Շենգելայա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Վրաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ, մանկավարժ և թատերական ուսուցիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0791542 |
Էլդար Շենգելայա (վրաց.՝ ელდარ შენგელაია, հունվարի 26, 1933[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։
Էլդար Շենգելայան ծնվել է 1933 թվականի հունվարի 26-ին Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։
1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Յուտկևիչի և Սերգեյ Սկվորցովի արվեստանոց), որտեղ սովորել է Ալեքսանդր Կուրոչկինի, Էդվարդ Աբալյանի, Ալեքսեյ Սախարովի հետ։
1958-1960 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, իսկ 1960 թվականից՝ «Վրացֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
1984 թվականին նկարահանել է «Կապույտ լեռներ, կամ անհավանական պատմություն» ֆիլմը, որի թողարկումը համընկել է Վերակառուցման գործընթացի սկզբի հետ։ Մամուլում ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ 1984 թվականին այն ստացել է Համամիութենական կինոփառատոնի մրցանակ, իսկ 1985 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1993 թվականին նկարահանել է «Էքսպրես-տեղեկատվություն» կատակերգությունը (Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համատեղ արտադրություն), որը դրական գնահատականների արժանացավ տարբեր կինոփառատոններում («Թբիլիսի-93», «Սան Ռաֆայել-94»), սակայն վարձույթում գրեթե հաջողություն չի ունեցել։
1975-1980 թվականներին վարել է ռեժիսորական արվեստանոց Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։
1976 թվականից եղել է Վրաստանի կինոգործիչների միության վարչության առաջին քարտուղարը և ԽՍՀՄ կինոգործիչների միության վարչության քարտուղարը։
1985 թվականին ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազում։
Վարել է ակտիվ քաղաքական գործունեություն. 1981-1990 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Վրացական «Ժողովրդական ճակատ» (1989) ընդդիմադիր քաղաքական կազմակերպության հիմնադիրներից մեկն է։
1990 թվականից Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր է («Դեմոկրատական կենտրոն» ընդդիմադիր խմբավորման անդամ է)։ 1992, 1995, 1999 և 2004 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, տարբեր տարիների եղել է մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ, խորհրդարանի նախագահի տեղակալ։
1993 թվականին մասնակցել է «Վրաստանի քաղաքացիների միություն» քաղաքական կազմակերպության հիմնադրմանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Շենգելայա» հոդվածին։ |
|