Էլիսոն Փորթեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 20, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | երգչուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0692018 |
Էլիսոն Փորթեր (անգլ.՝ Alisan Porter, հունիսի 20, 1981[1], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, որը նախ և առաջ հայտնի է «Գանգրահեր Սյուն» ֆիլմում Սյուի դերով։ 2016 թվականին դարձել է «Ձայնը» նախագծի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ հանդես գալով Քրիստինա Ագիլերայի թիմում։
Էլիսոն Փորթերը ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին, Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում՝ հրեական ընտանիքում։ 3 տարեկան հասակում Նյու Յորքում նկարահանվել է գովազդում։ Շուտով նրան հրավիրել են «Star Search» շոու։ 5 տարեկանում դարձել է այդ հաղորդման ամենակրտսեր «Լավագույն պատանի վոկալիստը»։
Դերասանուհին տեղափոխվել է Հոլիվուդ և 1987 թվականին նկարահանվել «Ես կնվաճեմ Մանհեթենը» մինի սերիալում, որտեղ խաղացել է փոքրիկ Մաքսիի դերը։ 1989 թվականին նկարահանվել է «Ծնողներ» ֆիլմում՝ խաղալով Թեյլորի դերը։ 1991 թվականին «Գանգրահեր Սյու» ֆիլմում խաղացել է Սյուի դերը։ 1994 թվականին դադարեցրել է դերասանական գործունեությունը և ծնողների հետ տեղափոխվել Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթփորթ քաղաքը։ Այնտեղ նա խաղացել է դպրոցի թատրոնում և որոշել, որ ցանկանում է խաղալ ոչ թե ֆիլմերում, այլ բեմում։
18 տարեկանում Էլիսոնը տեղափոխվել է Նյու Յորք և երեք ամիս անց նրան ներգրավել են «Footloose» ներկայացման մեջ, որտեղ դերասանուհին կերտել է Ուռլինի կերպարը։ Որոշ ժամանակ անց Փորթերը տեղափոխվել է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքը։
2003 թվականին կազմավորվել է «Raz» երաժշտական խումբը, որտեղ Էլիսոն Փորթերը հանդես է եկել որպես վոկալիստ և երգերի հիմնական հեղինակ։ «Raz» խումբը լուծարվել է 2004 թվականին։ 2005 թվականի մարտին Փորթերը հայտարարել է «Alisan Porter Project» անվամբ նոր խմբի ստեղծման մասին։ 2006 թվականին Էլիսոնը հանդես է եկել Նյու Յորքի «Gerald Schoenfeld Theatre» թատրոնի «A Chorus Line» ներկայացման մեջ՝ խաղալով Բեբե Բենսոնհեյմերի դերը։
2008 թվականի դեկտեմբերից Փորթերը ամերիկյան «Movmnt» ամսագրի համագործակցող տեսաբանն է[2]։
2016 թվականի մայիսի 23-ին դարձել է «Ձայնը» շոուի ամերիկյան տարբերակի 10-րդ եթերաշրջանի հաղթողը՝ եզրափակչում կատարելով «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլից «Somewhere» երգը և այսպիսով դառնալով առաջին եթերաշրջանից մասնակիցների մարզիչ Քրիստինա Ագիլերայի թիմից առաջին հաղթողը[3]։
2012-2018 թվականներին Էլիսոնն ամուսնացած է եղել մրգերի արտահանող և «օճառային օպերաների» (տնային տնտեսուհիների համար նախատեսված սերիալներ) նախկին դերասան Բրայան Օթենրիթի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Մեյսոն Բլեյզ Օթենրիթը (ծնված 2012 թվականի հուլիսի 7-ին)[4], և դուստրը՝ Արիա Սեյջ Օթենրիթը (ծնված 2014 թվականի մայիսի 8-ին)[5]։
2014 թվականի սեպտեմբերին Էլիսոնն իր բլոգում խոստովանել է, որ երկար ժամանակ կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրադեղերից, բայց 2007 թվականի հոկտեմբերի 28-ից պահպանում է ժուժկալություն, մինչև 2011 թվականն այցելել է «անանուն հարբեցողների» ակումբ[6]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1987 | ս | Pee-wee's Playhouse | Լիլ Փանկին | |
1987 | ս | «Ես կնվաճեմ Մանհեթենը» | I'll Take Manhattan | Փոքրիկ Մաքսի |
1987 | ս | «Ընտանեկան կապեր» | Family Ties | Երեխա |
1988 | ֆ | Homesick | Մեգի | |
1989 | ֆ | «Ծնողներ» | Parenthood | Թեյլոր |
1989 | ս | Chicken Soup | Մոլի Փիրս | |
1990 | ֆ | «Ստելլա» | Stella | Ջենի (8 տարեկանում) |
1990 | ֆ | «Ես սիրում եմ քեզ մինչև մահ» | I Love You To Death | Կառլա Բոկա |
1990 | ս | Perfect Strangers | Թես Հոլանդ | |
1990 | հֆ | When You Remember Me | Քեփլի | |
1991 | ս | «Ոսկե աղջիկները» | The Golden Girls | Մելիսա |
1991 | ֆ | «Խուճուճիկ Սյուն» | Curly Sue | Սյու |
2001 | ս | «Հագուստը հանած» | Undressed | Բելինդա |
2003 | ֆ | Shrink Rap | Բրենդի | |
2006 | ֆ | «Տասը հրամանները. Երաժիշտը» | The Ten Commandments: The Musical | Միրիամ |
2008 | ֆ | «Ծանոթացեք՝ Դեյվ» | Meet Dave | Կորդեբալետի պարուհի |
2011 | մս | Teen Titans | Starfire |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Փորթեր» հոդվածին։ |
|