Կազիմերա Իլլակովիչ լեհ.՝ Kazimiera Iłłakowiczówna | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 16, 1983[1][4][2][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող, բանաստեղծուհի, փիլիսոփա և արձակագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Կրակովի համալսարան |
Պարգևներ | |
Ազգականներ | Թոմաշ Զան |
Kazimiera Iłłakowiczówna Վիքիպահեստում |
Կազիմերա Իլլակովիչ (լեհ.՝ Kazimiera Iłłakowiczówna, Կազիմերա Իլլակովիչովնա, օգոստոսի 6, 1892[1][2][3][…], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1983[1][4][2][…], Պոզնան, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Տպագրվել է «արական» ազգանվան տարբերակով։
Կազիմերա Իլլակովիչը ծնվել է արտամուսնական կապից։ Հայրական կողմից նրա պապը՝ Թոմաշ Զանը, բանաստեղծ և ֆիլոմատների ընկերության անդամ էր ու մտերմություն էր անում Ադամ Միցկևիչի հետ։ Վաղ տարիքում զրկվել է ծնողներից, դաստիարակվել է հարազատների կողմից Դվինսկի (այժմ՝ Դաուգավպիլս) մոտակայքում գտնվող դաստակերտում։ Մեծացել է լեզուների խաչմերուկում։ Սովորել է Դվինսկի ռուսական գիմնազիայում, բնակվել Սանկտ Պետերբուրգում (1904-1905, 1907)[5]:
1908-1909 թվականներին սովորել է Ժնևում, 1910-1914 թվականներին՝ Օքսֆորդի և Կրակովի Յագելլոնյան համալսարանում, որտեղ էլ ծանոթացել է Յուզեֆ Պիլսուդսկու հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական բանակում ծառայել է որպես բուժքույր։ Արիության համար արժանացել է Գեորգիևյան խաչի։
1917-1918 թվականներին բնակվել է Պետրոգրադում, տպարանում աշխատել որպես սրբագրիչ։ 1918 թվականից ծառայել է Լեհաստանի ԱԳՆ-ում, 1926-1935 թվականներին եղել է դիմում բողոքների գծով Պիլսուդսկու քարտուղարը, մարշալի մահից հետո վերադարձել է ԱԳՆ։ 1936-1938 թվականներին շրջագայել է Եվրոպական երկրներում և դասախոսություններ կարդացել Պիլսուդսկու մասին։ 1939 թվականին տեղափոխվել է Ռումինիա, որտեղ պատերազմի տարիներն անցկացրել է Կլուժում, դասավանդել է լեզուներ, սովորել ռումիներեն և հունգարերեն։ 1947 թվականին վերադարձել է Լեհաստան։ Մինչև 1954 թվականը, հայրենիքում տպագրվում էին միայն նրա թարգմանությունները։
Կատարակտի դեմ մի քանի վիրահատություններից հետո՝ կյանքի վերջին տարիներին, նա կուրանում է։ Բնակվել և մահացել է Պոզնանում։ Թաղված է Վարշավայի Հին Պովոնզկիի գերեզմանատանը[6][7]։
Կազիմերա Իլլակովիչն առաջին անգամ հանդես է եկել «Եիտասարդ Լեհաստանի» միջավայրում, մտերիմ է եղել Սկամանդր բանաստեղծական խմբի անդամների հետ։ Ընկերություն է արել Մարիա Դոմբրովսկայի (Դոմբրովսկան Օրագրում Իլլակովիչին համեմատում է Սուրբ Թերեզայի հետ), Ստանիսլավ Վիտկևիչի և Յուլիան Տուվիմի հետ։ Իլլակովիչի մետաֆիզիկական քնարերգությունում նկատելի է բարոկկո պոեզիայի (Յուզեֆ Բակայի), լեհական ռոմանտիզմի և Բոլեսլավ Լեսմյանի քնարերգության ազդեցությունը։ Կատինի և Պոզնանի բանվորների գնդակահարության մասին գրողի բանաստեղծություններն առաջին անգամ Լեհաստանում հրատարակվել են 1989 թվականից հետո։
Հեղինակ է երեխաների համար բանաստեղծությունների և հեքիաթների գրքերի, արձակ հուշերի և մի քանի դրամաների։ Թարգմանել է Գյոթեին («Էգմոնտ»), Լև Տոլստոյին («Աննա Կարենինա»), Հայնրիխ Բյոլին («Վաղ տարիների հացը»), Էնդրե Ադիի, Էմիլի Դիքինսոյի բանաստեղծությունները։
Իլլակովիչի բանաստեղծական ձիրքը, մարդկային հատկանիշները և քաղաքացիական դիրքորոշումը մշտապես խորին հարգանք են վայելել։ Նրան շնորհվել են Վիլնյուս քաղաքի գրական մրցանակ (1930), Պետական գրական մրցանակ (1935), Գրականության և արվեստի նախարարության մրցանակ (1967), Պոզնան քաղաքի մրցանակ (1968) և այլ մրցանակներ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարանի պատվավոր դոկտոր (1981):
1983 թվականից լավագույն բանաստեղծական դեբյուտի համար սահմանվել է Կազիմիր Իլլակովիչի անվան մրցանակ։ Բանաստեղծուհու Պոզնանում գտնվող կոմունալ բնակարանը 1984 թվականին վերածվել է թանգարանի։
Կարոլ Շիմանովսկին, Վիտոլդ Լյուտոսլավսկին և ուրիշ լեհ կոմպոզիտորներ երաժշտություն են գրել Իլլակովիչի բանաստեղծությունների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմերա Իլլակովիչ» հոդվածին։ |
|