Շահան Նաթալի արմտ. հայ.՝ Շահան Նաթալի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1884[1] |
Ծննդավայր | Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 18, 1983[2] (98 տարեկան) |
Մահվան վայր | Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պերպերյան վարժարան (1901)[1], Եփրատ քոլեջ և Բոստոնի համալսարան (1912)[1] |
Մասնագիտություն | գրող և ակտիվիստ |
Աշխատավայր | Ազատամարտ, Հայրենիք, ՀԲԸՄ, Շանթ[1] և Փյունիկ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Shahan Natalie Վիքիպահեստում |
Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան, կեղծանունը՝ Նեմեսիս, հուլիսի 14, 1884[1], Հյուսենիկ, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 18, 1983[2], Ուոթերթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա։
Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի վիլայեթի Հյուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում, այժմ Էլյազըղ քաղաքի մաս է) 1884 թվականին։ Ընտանիքում հինգ երեխաներից միակ որդին է եղել։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի այլ ազգականներ սպանվում են։ 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց։ 1897-1900 թվականներին, Նյու Յորքում բնակվող հարուստ հայ վաճառականի հովանավորությամբ, ուսումը շարունակել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Աշակերտել է Ռեթեոս Պերպերյանին, որի որդու պատվին ընդունել է «Շահան» անունը։
1901 թվականին վերադառնում է Խարբերդ, դասավանդում եկեղեցուն կից դպրոցում։ 1904 թվականին ընդունվում է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում։ 1908 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերստին վերադառնում է հայրենի գյուղ։ Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։ Այդ տարիներին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատերգություններ, խմբագրել «Շանթ» և «Փյունիկ» գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ «Հայրենիք» օրաթերթը։
Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Դեմ էր նաև այդ ժամանակ ՀՅԴ բյուրոյում գերիշխող տեսակետին, թե պետք է դաշնակցել Թուրքիայի հետ ընդդեմ Խորհրդային Միությանը։ Այդ հարցերում ՀՅԴ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով 1927 թվականին դուրս եկավ ՀՅԴ բյուրոյից, իսկ 1928-ին՝ կուսակցությունից։
Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում հիմնել «Արևմտահայ ազատագրական ուխտ» կազմակերպությունը, խմբագրել «Ազատամարտ» անկախ շաբաթաթերթը։ Ապա վերադարձել է Բոստոն, որտեղ ապրել է մինչև մահը։ 1958 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։
Շահան Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ «Թյուրքիզմը Անգորայեն Բաքու և թրքական օրիենտասիոն» (Աթենք, 1928), «Ալեքսանդրապոլի դաշնագրեն 1930-ի կովկասյան ապստամբությունները» (հ. 1-2, 1934-35), «Թուրքերը և մենք» (Աթենք, 1928), «Վերստին հավելված», «Ալեքսանդրապոլի դաշնագրի «ինչպե՞ս»-ն ու «ինչո՞ւ»-ն» (Բոստոն, 1955), «Երեք դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի), բաղդատական զուգակշիռ» (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր քաղաքական հայացքները, համաձայն որոնց հնարավոր չէ թուրքերի հետ համաձայնության գալ կամ նրանց հետ դաշնակցելով ընդդիմանալ խորհրդային վարչակազմին։
Շահան Նաթալիի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[3]։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահան Նաթալի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 145)։ |